Լավրովը պատմել է Կազանի հանդիպման անհաջողության մասին - Mediamax.am

7191 դիտում

Լավրովը պատմել է Կազանի հանդիպման անհաջողության մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ 2011 թվականի ամռանը Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը «լուրջ դրական արդյունքների հույս էր տալիս»:

Լավրովն այդ մասին ասել է՝ Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հարց ու պատասխանի մեջ:

 

«Աշխատանքը, որը տարվում էր 2009-ից 2011 թվականները, իսկապես շատ ինտենսիվ էր: Այդ ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել էին մոտ 10 անգամ: Հերթական հանդիպումը, որը պետք է կայանար Կազանում, իսկապես լուրջ դրական արդյունքների հույս էր տալիս, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք պատրաստել էր ռուսական կողմը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հաշվի էին առնվել, ինչպես մեզ թվում էր, Երեւանի եւ Բաքվի բոլոր մտահոգությունները:

 

Բայց բուն գագաթաժողովի ընթացքում ի հայտ եկան լրացուցիչ հարցեր եւ մեկնաբանություններ: Այդպես պատահում է, եւ մենք դրանից մեծ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը շարունակվելու է: Վստահ եմ, որ «կազանյան փաստաթղթից» դեռ շատ բան պահանջված է:

 

Այն տարիներին ձեռքբերվածից ոչինչ չի կորել: Իհարկե, այս ընթացքում ծնվել են որոշակի նոր գաղափարներ, որոնք համանախագահները հիմա փորձում են առաջ տանել կողմերի հետ հանդիպումների ժամանակ: Ամենակարեւորն է ետ կանգնել անվստահությունից, որը դեռեւս երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ընթացքում եւ կենտրոնանալ իրատեսական գաղափարների վրա, որոնք քիչ չեն: Միայն թե պետք է դրանք թղթին հանձնել: Հայեցակարգային մակարդակում կողմերը համաձայնվում են դա անել, բայց երբ սկսվում են կոնկրետ ձեւակերպումներ մշակվել, դժվարություններ են առաջանում: Կարծում եմ, կշարունակենք դրանք հետեւողականորեն հաղթահարել եւ արդյունքներ կունենանք», - ասել է Սերգեյ Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին