Բելառուսը հրթիռային համակարգեր կվաճառի Ադրբեջանին - Mediamax.am

5744 դիտում

Բելառուսը հրթիռային համակարգեր կվաճառի Ադրբեջանին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 2018-ին Բելառուսը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» համազարկային կրակի 10 ռեակտիվ համակարգ, գրում է այսօր «Կոմերսանտ» թերթը:

Բելառուսի պաշտպանության նախարարությունում թերթի աղբյուրը նշել է, որ «փաստաթղթերը գտնվում են վերջնական փուլում, իսկ հաճախորդն ավարտում է ֆինանսական հարցերի լուծումը»:

 

«Կոմերսանտը» նշում է, որ ««Պոլոնեզ» ծրագրի իրագործումը սկսվել է 2012-ից՝ Բելառուսին «Իսկանդեր» համակարգերի մատակարարման շուրջ Մոսկվայի եւ Մինսկի միջեւ ծագած տարաձայնությունների ֆոնին:

 

«Չստանալով ցանկալին՝ Լուկաշենկոն հանձնարարեց ստեղծել սեփական համակարգը, որը չի զիջում «Իսկանդերին»: Դժվար էր դա իրագործել զրոյից եւ արագ, ուստի որոշեցին գնել եւ հետագայում Մինսկի ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանում տեղայնացնել A-200 տեսակի չինական հրթիռները»,- գրում է թերթը:

 

Մեդիամաքսը նշում է, որ չնայած Հայաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս հանդես է եկել Ադրբեջանի օգտին ուղիղ եւ անուղղակի հայտարարություններով:

 

Լուկաշենկոն որոշել է «հոգ տանել» Հայաստանի մասին

Իսկ 2018թ. փետրվարին, ելույթ ունենալով Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում, նա կշտամբել էր Ռուսաստանին, որն, իր խոսքով, արդիականացնում է միայն իր բանակն ու նավատորմը՝ անտեսելով ՀԱՊԿ դաշնակիցներին:

 

«Մենք՝ ՀԱՊԿ մնացած անդամներս, փորձում ենք զինվել, արդիականացվել: Ամեն մեկն իր համար: Ռուսաստանի ղեկավարությունը լուրջ չի մոտենում այն հարցին, որ մեր համատեղ պաշտպանության առավել վտանգավոր ուղղություններում պետք է ամրապնդել ազգային զինված ուժերը, մասնավորապես՝ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի: Եվ դա կարող է շատ ցավոտ հետեւանքներ ունենալ»,- ասել էր Լուկաշենկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին