«Մի գործընկերոջ հետ կապերը մյուսի հաշվին չենք կառուցում» - Mediamax.am

4356 դիտում

«Մի գործընկերոջ հետ կապերը մյուսի հաշվին չենք կառուցում»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը մի գործընկերոջ հաշվին մյուսի հետ հարաբերություններ չի կառուցում:

«Մենք չենք ձեռնարկել որեւէ քայլ, որը ծառայել է մի երկրի հետ հարաբերություններին մյուսի հաշվին: Մենք ավելի քան պարզ ասել ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների աստիճանի մասին: Մենք ծավալում ենք երկխոսություն ԱՄՆ-ի հետ, հարաբերություններ ԵՄ-ի հետ, այս ամենն իր տեղն ունի: Սակայն Ռուսաստանի հետ մենք գործընկերներ ենք, աշխատում ենք մեր անվտանգության համակարգի համախմբման ուղղությամբ: Եվ որքան մենք ավելի ամուր ենք կանգնած ոտքերի վրա, այնքան ավելի վստահելի եւ հուսալի ենք բոլոր նրանց համար, ովքեր մեզ հետ գործընկերային հարաբերություններ ունեն: Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

 

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի հետ հունիսի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, նախարարն ասել է.

 

«Մենք գործընկերներ եւ դաշնակիցներ ենք, ովքեր ամուր եւ խորը երկկողմ համագործակցության հիմք ունեն: Երբ մենք ասում ենք, որ դաշնակիցներ ենք, ապա քննարկում ենք առկա բոլոր հարցերը: Մենք չենք ասում, որ համաձայն ենք միմյանց հետ այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են մեր հարաբերություններին: Սակայն մենք ի վիճակի ենք աշխատել միասին, համեմատել, պայմանավորվել եւ առաջ շարժվել: Մենք քննարկել ենք ԵԱՏՄ-ի օրակարգային հարցերը, այնտեղ մենք առանձին հարցեր ունենք, որոնք սկզբունքային չեն: Նորմալ դինամիկա է».

 

Պատասխանելով հարցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության եւ այն մասին, որ Երեւանում մտահոգ են Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության առումով, Զոհրաբ Մնացականյանն ասել է.

 

«Այդ հարցը գոյություն ունի, այն վերաբերում է ռազմական համագործակցության տարբեր ձեւաչափերին, որոնց մենք հետեւում ենք: Երբ մեզ որեւէ բան անհանգստացնում է, մենք բարձացնում ենք այդ հարցը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին