Փաշինյանն ու Պուտինը խոսել են «ավելի յուրահատուկ» կապերի մասին - Mediamax.am

3296 դիտում

Փաշինյանն ու Պուտինը խոսել են «ավելի յուրահատուկ» կապերի մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 30 օր հետո կրկին հանդիպելու հանգամանքը ցույց է տալիս Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը:

«Սա նաեւ ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաեւ հստակ իրականացվում են: Իհարկե, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հատուկ հարաբերություններ են, եւ ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան»,- ասել է Հայաստանի վարչապետը Կրեմլում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը:

 

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են Հայաստան-Ռուսաստան կապերի զարգացումներով:

 

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Մոսկվայում

«Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք ունենք եւ վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու եւ մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ  շրջանակը  քննարկելու հնարավորություն: Իհարկե, մենք հույս ունենք դրական եւ կառուցողական երկխոսության եւ համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

 

Վլադիմիր Պուտինն էլ ասել է, որ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ «ՀՀ վարչապետի հետ հանդիպումները պահանջված են»:

 

«Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առեւտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Իհարկե, դրան նպաստում է նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, եւ դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին