Նոր օրենքով՝ Իսրայելում ինքնորոշման իրավունք ունեն միայն հրեաները - Mediamax.am

3492 դիտում

Նոր օրենքով՝ Իսրայելում ինքնորոշման իրավունք ունեն միայն հրեաները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելը նոր օրենք է ընդունել, որի համաձայն՝ երկրում ինքնորոշման իրավունք ունեն միայն հրեաները:

Reuters-ը հաղորդում է, որ «Ազգային պետության» մասին օրենքը, որին աջակցում էր աջաթեւյան կառավարությունը, 120-հոգանոց խորհրդարանում ընդունվել է ձայների 62-55 եւ երկու ձեռնպահ հարաբերակցությամբ՝ մի քանի ամիս շարունակ տեւած քաղաքական բանավեճերից հետո:

   

«Սա վճռորոշ պահ է Սիոնիզմի տարեգրության եւ Իսրայել պետության պատմության մեջ»,- քվեարկությունից հետո Կնեսետում ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

 

Օրենքն արձանագրում է, որ «Իսրայելը հրեաների պատմական հայրենիքն է, որում ազգային ինքնորոշման բացառիկ իրավունք ունեն միայն նրանք»:

 

Օրինագիծն արաբերենը զրկում է նաեւ եբրայերենին զուգահեռ պետական լեզու լինելու կարգավիճակից՝ իջեցնելով այն մինչեւ «հատուկ կարգավիճակի», որը թույլ է տալիս այն շարունակել կիրառել իսրայելական հաստատություններում:

 

Իսրայելի արաբները կազմում են մոտ 1,8 մլն՝ 9 մլն բնակչության շուրջ 20%-ը:

 

«Ես զարմանքով եւ խոր վշտով հայտարարում եմ ժողովրդավարության մահը»,- լրագրողներին ասել է արաբ իրավապաշտպան Ահմեդ Տիբին:

 

Նեթանհայուն պաշտպանել է օրենքը:

 

«Մենք կշարունակենք երաշխավորել իսրայելական հասարակությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, սակայն մեծամասնությունը եւս իրավունքներ ունի եւ մեծամասնությունն է որոշում»,- անցած շաբաթ հայտարարել էր նա:

 

Իսրայելի արաբական բնակչությունը բաղկացած է հիմնականում պաղեստինցիների սերունդներից, որոնք շարունակել եմ մնալ իրենց բնակավայրում արաբ-իսրայելական հակամարտության ընթացքում: Վերջինի գագաթնակետը դարձավ 1948թ. պատերազմը, որն էլ հիմք հանդիսացավ ներկայիս Իսրայել պետության ստեղծման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին