Նախարարը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից պրակտիկ արդյունք է ակնկալում - Mediamax.am

2141 դիտում

Նախարարը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից պրակտիկ արդյունք է ակնկալում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ հոկտեմբերի 7-12-ը Երեւանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթաժողովից պրակտիկ արդյունքներ է ակնկալում:

«Մենք նպատակ ունենք, որքան հնարավոր է պրակտիկ արդյունքներ արձանագրել գագաթաժողովի եւ մեր երկու տարվա (2018-2020 թթ.) նախագահության ընթացքում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

 

«Գագաթաժողովն ունենալու է նաեւ բովանդակային շատ կարեւոր մաս։ Արդեն իսկ վերջնական տեսքի է բերվում Երեւանյան հռչակագիրը։ Շատ կարեւոր բանաձեւեր են ընդունվելու, այդ թվում՝ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, երիտասարդներին եւ ապագային վերաբերող»,- հավելել է նախարարը:

 

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ գործնական արդյունքներ են արձանագրվելու նաեւ գործարարության եւ տնտեսական համագործակցության ոլորտներում՝ ուշադրություն դարձնելով նորարարության թեմային։ 

 

«Հատուկ տնտեսական ֆորում է կազմակերպվելու «Թումո» կենտրոնում։ Ստեղծվելու են թվային ոլորտին վերաբերող ֆրանկոֆոն նախարարների ցանց»,- հայտնել է նախարարը։

 

Հոկտեմբերի 7-12-ն էլ Ազատության հրապարակում Ֆրանկոֆոն ավան կգործի։

 

«Լինելու է 40 տաղավար, որտեղ ՖՄԿ անդամ-պետությունները ներկայացնելու են իրենց մշակույթը, արհեստը, արվեստը եւ այլն»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

 

Հանրապետության հրապարակում էլ նախատեսված է միջոցառում՝ հայ եւ ֆրանկոֆոն աշխարհի տարբեր աստղերի մասնակցությամբ։

 

Մեդիամաքսը նշում է, որ Երեւանում կայանալիք գագաթաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Ֆրանսիայի, Վրաստանի նախագահները, Կանադայի վարչապետը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին