Միլսը մեկնաբանել է Ամուլսարին նվիրված հանդիպումը վարչապետի հետ - Mediamax.am

exclusive
4232 դիտում

Միլսը մեկնաբանել է Ամուլսարին նվիրված հանդիպումը վարչապետի հետ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանել է սեպտեմբերի 12-ին կայացած իր եւ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը նվիրված է եղել Ամուլսարի խնդրին:

«Այո, ես քննարկել եմ վարչապետի հետ Ամուլսարի ճանապարհների փակման հարցը եւ ողջունելի է, որ հարցը գտնվում է վարչապետի անձնական ուշադրության կենտրոնում: Մեզ համար հուսադրող է, որ վարչապետը պատրաստ է խորհրդակցել Լիդիանի ղեկավարության, ինչպես նաեւ շրջակա համայնքների ու խնդրին առնչվող կողմերի հետ, քանզի խնդրի ցանկացած լուծում անհրաժեշտաբար ներառելու է բոլոր կողմերին», - Մեդիամաքսին ասել է Ռիչարդ Միլսը:

 

Մեդիամաքսը նշում է, որ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններին հանդիպելուց երկու օր անց վարչապետը Փարիզում հանդիպել է Lydian International ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլի եւ խորհրդի անդամ Ջիլիան Դեյվիդսոնի հետ:

 

Սեպտեմբերի 15-ին՝ մեկնաբանելով այդ հանդիպումը, վարչապետն ասել էր.

 

«Մեր վերջնական որոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: Ամռանը, երբ Ջերմուկում էի, առաջարկեցի ընկերությանը՝ համագործակցենք, ընդհանուր եզրակացության գանք, բայց, ցավոք, նրանք մերժեցին, մենք էլ ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Մեզ պետք է միջազգային անառարկելի կազմակերպության եզրակացություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարն ասել էր, որ ամենից շատ կարեւորում է նախագծի հնարավոր վտանգները Սեւանի եւ Ջերմուկի ջրերի համար։

 

«Այս պահին մենք դրական կամ բացասական պատասխաններ այս հարցերին չունենք: Եթե միջազգային փորձաքննության արդյունքում պարզվի, որ նման վտանգներ չկան, պետք է համաձայնենք, որ Ամուլսարը շահագործվի՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ մեծ ծավալի ներդրումները։ Իսկ եթե պարզվի, որ վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին