Վարչապետն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին - Mediamax.am

3559 դիտում

Վարչապետն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, եւ առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները եւ բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:

 

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահի եւ վարչապետի ողջույնները եւ նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Նա արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ խորհրդակցությունները, որոնց ընթացքում, Պատրուշեւի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը: 

 

Պատրուշեւը նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, եւ Հայաստանը, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին: 

 

ՀՀ վարչապետը եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման եւ կայունության ապահովման հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին