Հայաստանին անելանելի վիճակի մեջ են դրել եւ պարտադրել անդամակցել ՄՄ-ին, ասել է Վրաստանի նախագահը - Mediamax.am

5717 դիտում

Հայաստանին անելանելի վիճակի մեջ են դրել եւ պարտադրել անդամակցել ՄՄ-ին, ասել է Վրաստանի նախագահը


Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին

Լուսանկարը` http://www.golos-ameriki.ru


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «Հայաստանին անելանելի վիճակի մեջ են դրել եւ պարտադրել անդամակցել Մաքսային միությանը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ Հայաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, որոնք ցանկանում էին միանալ եվրոպական ընտանիքին, ենթարկվում են շարունակական ճնշումների եւ սպառնալիքների Ռուսաստանի կողմից:

 

«Հայաստանին պարտադրել են անդամակցել Մաքսային միությանը, ինչը, սակայն, դեմ է այդ երկրի եւ տարածաշրջանի շահերին»,- նկատել է նա:

 

Վրաստանի նախագահի խոսքերով, Ռուսաստանին ձեռնտու չէ նախկին խորհրդային երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի հզորացումը:  

 

«Մեր հարեւան երկրները գտնվում են մշտական խժդժությունների մեջ: Եվ սա այն է, ինչին փորձում է հասնել Կրեմլը: Այն հերքում է այս երկրների ուժեղ պետականության գաղափարը: Դուք կարծո՞ւմ եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանը շատ ուժեղ եւ հետեւաբար շատ անկախ կդարձներ: Թե՞ կարծում եք, որ Մոսկվան ցանկանում է, որ հակառակը՝ Բաքուն հաղթի Երեւանին: Ոչ, ՌԴ-ն չի ցանկանում, որպեսզի որեւէ մեկն ընդհանրապես հաղթի այս հակամարտությունում: Հենց հակամարտությունն է Մոսկվայի նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին դառնալ անկախ եւ արգելափակում է այդ երկրների ինտեգրումը Եվրոպական Միությանը»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին:

 

Վրաստանի նախագահը հորդորել է Ռուսաստանի ճնշման տակ գտնվող հետխորհրդային երկրներին միավորվել, այլ ոչ թե կենտրոնանալ սեփական թուլության վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին