Եղիշե Կիրակոսյան. Հայաստանում փոխելու ավելի շատ հնարավորություններ կան - Mediamax.am

exclusive
10055 դիտում

Եղիշե Կիրակոսյան. Հայաստանում փոխելու ավելի շատ հնարավորություններ կան

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

Եղիշե Կիրակոսյանը:
Եղիշե Կիրակոսյանը:

Լուսանկարը` Ե.Կիրակոսյանի արխիվից:

Եղիշե Կիրակոսյանը համակուրսեցիների հետ:
Եղիշե Կիրակոսյանը համակուրսեցիների հետ:

Լուսանկարը` Ե.Կիրակոսյանի արխիվից:

Եղիշե Կիրակոսյանը:
Եղիշե Կիրակոսյանը:

Լուսանկարը` Ե.Կիրակոսյանի արխիվից:


Մեդիամաքս-ը շարունակում է Get Back! հատուկ նախագիծը, որն իրականացվում է Հայկական Գիտական Համագործակցություն (ARMSCOOP) ցանցի հետ համագործակցությամբ:

 

Նախագծում ներկայացվող մարդիկ պատմում են արտասահմանում ուսանելու եւ ապրելու դժվարությունների եւ առավելությունների մասին, Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին:

 

Եղիշե Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն է: Մինչ այդ աշխատել է որպես վարչապետի օգնական եւ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական: Աշխատել է ՀՀ արտգործնախարարությունում, նաեւ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու: Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հիմնադիրներից է:

 

Կրթություն է ստացել Ֆլետչերի Թաֆթս համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, հետագայում Ջորջթաունի համալսարանի Իրավունքի կենտրոնում ստացել է մագիստրոսի աստիճան:

 

Ուսումն արտասահմանում՝ փորձ եւ հնարավորություններ

 

Մասնագիտությամբ իրավաբան եմ: 2004-ին ավարտեցի Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2 տարի անց պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունը: 2002 թ-ից սկսած մասնագիտացել եմ միջազգային իրավունքի վրա, եւ մինչ օրս էլ դա է իմ հիմնական ուղղությունը:

 

Հաշվի առնելով, որ մենք ունեցել ենք խորհրդային անցյալ եւ չենք հանդիսացել միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, Հայաստանում միջազգային իրավունքի դպրոցն այնքան էլ զարգացած չէ: 2002 թ-ից սկսած ինձ բախտ վիճակվեց մասնակցել մի քանի մեծ միջազգային մրցույթների, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Այդ հնարավորությունը լավ էր այն առումով, որ «աչքերս բացվեցին» եւ հնարավորություն ստացա հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում գիտական աշխարհում, քանի որ մենք, մեծ հաշվով, կտրված ենք դրանից: Հատկապես դա ակնհայտ էր 2000թ. սկզբին: Այդտեղից ծագեց իմ՝ դրսում սովորելու մեծ ձգտումը եւ ոգեւորությունը, սկսեցի շատ սուր զգալ դրա անհրաժեշտությունը:

 

Առաջին անգամ դրսում սովորելու հնարավորություն ստացա 2007 թ-ին, երբ մեկնեցի Բոստոն՝ Ֆլետչերի Թաֆթս համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց: Այդ ծրագիրը հովանավորեց «Դավիդյան հիմնադրամը»: Դա շատ լավ հնարավորություն էր ամերիկյան իրավունքի համակարգի հետ ծանոթանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ նոր իրականության մեջ ապրելու: 6 ամիս անց վերադարձա Հայաստան եւ որոշ ժամանակ աշխատելուց հետո գիտակցեցի, որ ինչ-որ բան կիսատ է մնացել: Որոշեցի շարունակել ուսումս եւ այս անգամ ընդունվեցի Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոց, որտեղ մեկնեցի 2009 թ-ին:

 

Եղիշե Կիրակոսյանը համակուրսեցիների հետ:

Լուսանկարը` Ե.Կիրակոսյանի արխիվից:

 

Բնականաբար, զգացողություն կար, որ սովորում ես աշխարհի լավագույն կրթական հաստատություններից մեկում: Այնտեղ ստեղծված են սովորելու համար բոլոր պայմանները եւ հարմարությունները: Միջավայրը քեզ դրդում է խորացնել գիտելիքներդ: Այդ կարգի համալսարանները քեզ բացառիկ հնարավորություն են տալիս նաեւ կապեր հաստատելու համար: Դա, իմ կարծիքով, ոչ պակաս կարեւոր հանգամանք է, քանի որ այսօր բազմաթիվ հարցեր տարբեր ասպարեզներում եւ մակարդակներում լուծվում են հենց անհատական լավ կապերի շնորհիվ: Եվս մեկ առավելությունն այն է, որ այնտեղ դու հնարավորություն ունես ամեն ինչին կողքից նայելու: Դա, ըստ իս, շատ լավ միջոց է քո մեջ գոյացած կաղապարներից ազատվելու համար: Պետք է նաեւ կամք ունենաս ինքդ քեզ կողքից նայելու համար, քանի որ հենց դա է առաջընթացի գլխավոր գրավականներից մեկը:

 

Ջորջթաունում մնացի մեկ տարի, որը չափազանց հագեցած էր եւ ծանր, լի բազմաթիվ անքուն գիշերներով: Ուսումից բացի շատ կարեւոր է այն, որ դու մենակ ես: Ցավոք, մենք չունենք այդ մշակույթը՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու ընտանիքից հեռու պայմաններում: Գտնում եմ, որ դա դրական բաներ է պարունակում, քանի որ սկսում ես ձեւավորվել որպես մարդ ու անհատ: Դա նաեւ օգնում է քեզ ավելի մրցունակ դառնալ: Հայաստանում, իհարկե, եւս կա որոշ չափով մրցակցություն, բայց դրսում դու մրցակցում ես աշխարհի տարբեր մասերի լավագույնների հետ եւ ստիպված ես մի քանի անգամ ավել ջանք գործադրել:

 

Ինչո՞ւ որոշեցի վերադառնալ

 

Իրականում, երբ նոր ես բուհն ավարտում, այդ հարցը ուզես թե չուզես ծագում է: Վերադառնալու կամ մնալու հարցը կախված է շատ հանգամանքներից, այդ թվում նրանից, թե ի՞նչ իրավիճակում ես գտնվում որոշումն ընդունելու պահին, զարգացման ինչ աստիճանի վրա ես, եւ այլն: Վստահ եմ, որ այդ երկընտրանքն առկա է արտերկրում սովորող շատ ու շատ հայ ուսանողների մոտ, եւ հարցը, թե «ի՞նչ պետք է անեմ, երբ վերադառնամ Հայաստան», շատերին է հետաքրքրում: Իհարկե, երբ տեսնում ես լավ համալսարան, փայլուն մասնագետների, ուրախ, ժպտացող, մրցունակ մարդկանց, մտածում ես՝ «ինչ լավ է այստեղ»: Մյուս կողմից, իհարկե, այնտեղ այլ բարդություններ կան: Հատկապես իրավաբանի համար ԱՄՆ-ում հեշտ չէ: Ես օբյեկտիվ պատճառներով չեմ կարող մրցակցել իրենց իրավաբանների հետ, քանի որ չունեմ նույն կրթական բազան: Միացյալ Նահանգներում մնալու մեծ ձգտում չեմ ունեցել՝ գիտակցելով, որ իմ մասնագիտությամբ Հայաստանում շատ անելիք ունեմ:

 

Հավատը եւս շատ կարեւոր է: Որեւէ մեկը չի կարող ժխտել, որ այստեղ բարդ է, կան բազմաթիվ խնդիրներ, բայց, իմ կարծիքով, երիտասարդ մասնագետի համար այստեղ շատ ավելի հեշտ է ինչ-որ բանի հասնել, քան դրսում: Այնտեղ դու ընդամենը միլիոններից մեկն ես, այնտեղ արդեն շատ բաներ կան, որոնք դու չես կարող փոխել, իսկ այստեղ դու այդ հնարավորությունն ունես: Իհարկե, չեմ կարող որեւէ մեկին մեղադրել, եթե նա գերադասում է գնալ, կամ մնալ արտերկրում ուսումն ավարտելուց հետո: Շատ հնարավոր է, որ այդ մարդն ապագայում եւս օգտակար կլինի Հայաստանին իր փորձով եւ գիտելիքներով: Պարզապես պետք է համապատասխան պայմաններ ստեղծել դրա համար:

 

Վերադառնալուց հետո հնարավոր է թվա, որ արտերկրում ուսումդ արդյունք չի տալիս: Սակայն, երբ որոշ ժամանակ անցնում է, տեսնում ես պտուղները:

 

Մասնագիտական ուղին՝ իրավախորհրդատուից մինչեւ փոխնախարար

 

Իրականում հնարավոր չէ միայն սովորել, եւ պետք է մտածել նաեւ կարիերայի մասին: Բացերը կարող ես նկատել միայն աշխատանքի միջոցով: Միայն աշխատելով կարող ես հասկանալ, թե ինչպես է հնարավոր կիրառել ստացած գիտելիքները պրակտիկայում:

 

Կրթությանը զուգահեռ փորձում էի կառուցել մասնագիտական կարիերան: Սկսել եմ աշխատել, երբ դեռ բակալավրիատում էի: Աշխատել եմ տարբեր տեղեր, այդ թվում՝ որպես իրավախորհրդատու մի կենտրոնում, որը կապված էր մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հետ, արտգործնախարարությունում, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն կազմում, որը դիտարկում էր 2008թ. նախագահական ընտրությունները: Բացի այդ, մի որոշ ժամանակ եղել եմ Սահմանադրական դատարանում, իսկ իմ վերջին աշխատանքն եղել է վարչապետի օգնականի պաշտոնը: 2012թ. հունվարին նշանակվեցի արդարադատություն նախարարի տեղակալ:

 

Եղիշե Կիրակոսյանը:

Լուսանկարը` Ե.Կիրակոսյանի արխիվից:

 

Իմ իրավասության շրջանակները հիմնականում վերաբերում են արտաքին կապերին, միջազգային իրավական համագործակցությանը, միջազգային իրավունքի հետ կապված հարցերին: Անցյալ տարի նախագահի կողմից հաստատվել է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որը նախատեսում է բարեփոխումներ ամենատարբեր ուղղություններով, որի մեջ ես էլ եմ ներգրավված՝ համակարգելով մի շարք ուղղություններ: Իմ պարտականությունների մեջ է մտնում նաեւ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը:

 

Այսօր մեր երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի միջազգային իրավունքի եւ արտաքին հարաբերությունների բնագավառում՝ Լեռնային Ղարաբաղ, Թուրքիա, Ցեղասպանություն խնդիրը: Շատ հարցերում ունենք իրավական մոտեցման բացեր, միջազգային իրավունքի մասնագետների պակաս կա: Հաշվի առնելով այդ իրողությունը՝ 2010 թ-ին նախաձեռնեցինք Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնի ստեղծումը, որի հիմնական հպատակն էր հրապարակումների, հետազոտությունների, կոնֆերանսների միջոցով այդ կարեւորագույն հարցերի ուսումնասիրությունը: 2010 թվականին, օրինակ, նախաձեռնեցինք շատ հաջողված կոնֆերանս «Ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի համատեքստում» թեմայով: Շուտով լույս կտեսնի նաեւ ակադեմիական ամսագիր, որտեղ անգլերեն լեզվով կներկայացվեն հայ երիտասարդ գիտնականների նյութերն իրավունքի վերաբերյալ: Խմբագրական կազմում փորձել ենք ներգրավել մեր ծանոթ դասախոսներին Ֆլետչերից ու Ջորջթաունից: 

 

Արամ Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին