Նարեկ Հակոբյան. Գիտությունն է, որ մարդուն պետք է ուղի հարթի - Mediamax.am

exclusive
6984 դիտում

Նարեկ Հակոբյան. Գիտությունն է, որ մարդուն պետք է ուղի հարթի


Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Հակոբյանը
Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը սկսում է նոր խորագիր՝«Գիտամարդ»: Խորագիրը կպատմի այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Ինչո՞վ է զբաղվում գիտնականը, ո՞րն է նրա առօրյա գործունեությունը եւ որո՞նք են գիտությամբ զբաղվելու մոտիվացիաները: Նախագծի նպատակն է բարձրաձայնել գիտության առաջընթացի եւ հաջողությունների, գիտություն-հասարակություն-տնտեսություն կապի կարեւորության մասին, մասսայականացնել գիտությունն ու բարձրացնել հանրային հետաքրքրվածությունը:

 

Նարեկ Հակոբյանը 28 տարեկան է: Սովորել է Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում, Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի Կիրառական հետազոտությունների բաժանմունքի գիտաշխատող է: Արդեն 11 տարի ապրում է Ֆիզիկայի աշխարհում, եւ ինչպես ցանկացած հետազոտող ու մտածող մարդ, Նարեկն էլ իր որոնումների ճանապարհին է:

 

Գիտությունն անսահման է

 

Նարեկի համար Ֆիզիկան ե՛ւ գեղեցկութունն է, ե՛ւ գեղեցկությունն ու ռոմանտիկան ջախջախողը. «Տարածությունն, օրինակ, բացարձակ արժեք չէ: Մենք արդեն գիտենք, որ դա շատ սերտ կապված է գրավիտացիայի, ժամանակի հետ ու դրանց մասին հաստատված տեսությունների մեջ կետեր կան, որոնցում դրանք իրարից առանձնապես չեն տարբերվում: Այսինքն՝ ժամանակն ու տարածությունը մարդկության համար արդեն խնդիր չեն, բանաձեւերի շնորհիվ դրանց նայում ենք վերեւից, իսկ կոսմոլոգիայի շնորհիվ դրանց բացարձակ արժեքը կոտրվել է: Եթե աշխարհը մինչ այդ չկործանվի, հնարավոր է՝ գա մի օր, որ դրանք եւ բոլոր գիտաֆանտաստիկ գաղափարները կարողանանք բերել կիրառական գիտության մեջ: Մարդիկ օգուտ կստանան, կյանքը կհեշտանա, տիեզերքն էլ այդպիսով կնվաճվի, ինչին մարդկությունը ձգտում է ծնված օրից: Այստեղից երեւում է, որ գիտությունն անսահման է, իսկ նրա տրված պտուղները՝ շատ անսպասելի ու հեղափոխական: Նորից վերականգնվում է ամբողջ ռոմանտիկան»:

Նարեկ Հակոբյանը Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես հայտնի է՝ գիտության ուսումնասիրության մեջ շատ քիչ բան է արվում, գիտությանը հատկացված ժամանակն ու ֆինանասավորումն էլ ամբողջ աշխարհում չեն բավականացնում:

 

Արագացող տեմպերին, ըստ Նարեկի, պետք է ուղիղ համեմատական լինի գիտության նկատմամբ ուշադրոթյունը: Մարդկությունը պիտի, վերջիվերջո, ավելի լավ ու կարեւոր բաներով զբաղեցնի իր միտքը:

 

«ֆիզիկոս կամ գիտությամբ զբաղվող մարդ. այս արտահայտությունը մարդկանց մեծամասնության մոտ ասոցացվում է գյուտ անելու հետ: Իրականում այդպես չէ: Չգիտեմ, ինչքանով կարելի է գյուտ համարել գիտնականի ամիսներով կատարած փորձերի, հաշվարկների ու վերլուծությունների արդյունք դարձած գիտական հոդվածը: Իրականում սա է ժամանակակից գիտնականի աշխատանքը, եւ նա, հնարավոր է, ամբողջ կյանքում գյուտ չանի: Ֆիզիկոսն, օրինակ, հետազոտում է բնության օրենքներն ու սկզբունքները, իսկ գյուտը կամ նույն ինքը տեխնոլոգիան, եթե կուզեք իմանալ, այդքան էլ ժամանակակից ֆիզիկոսի խնդիրը չէ: Ժամանակն է, որ հասարակությունը ճշգրտի իր ակնկալիքները գիտնականից, ինչո՞ւ չէ, նաեւ նոր պահանջներ ներկայացնի գիտությանը»:

 

Ֆիզիկան ընտրելիս

 

Դպրոցական տարիներին՝ 7-8-րդ դասարաններում Նարեկը Ֆիզիկա ընդհանրապես չէր հասկանում, թեեւ մյուս առարկաները բավական լավ էր սովորում: Առարկայի պատկերացումներն էլ սահմանափակվում էին ինչ-որ լատիներեն տառերի, բառերի եւ դրանց միջեւ առկա հավասարության կամ գումարման նշանով: Դպրոցում սովորելու տարիներին սիրում էր Պատմություն եւ Աշխարհագրություն առարկաները, բայց ավագ եղբայրն արդեն ընտրել էր այդ ուղին, իսկ թե, արդյո՞ք, դեր խաղաց եղբոր արդեն կատարած ընտրությունը նույնն ճանապարհով չգնալու իր որոշման մեջ, դժվարանում է ասել: Կարեւոր ընտրության համար, որը գծելու էր կյանքի իր ուղին, պարտական է մայրիկին: 

 

«Մայրս ինձ տարավ կրկնուսույցի մոտ՝ Ֆիզիկա պարապելու: Խնդիրները չէի սիրում, դժվար էի մոտենում, բայց կրկնուսույցի բացատրածներից ինչ-որ բաներ մնում էին մեջս: Հետո արդեն ինձ մոտ ստացվում էր խնդիրները լուծել: Մաթեմատիկան, որը նույնպես մասնավոր պարապել էի, բավական լավ գիտեի: Որոշ ժամանակ անց արդեն գիտելիքների բազա ունեի»:

Նարեկ Հակոբյանը Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թե կոնկրետ ինչու որոշեց ընտրել Ֆիզիկայով զբաղվելու ճանապարհը, չի հիշում:

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու պահին, նույնիսկ, չէր մտածում, որ, ի վերջո, ֆիզիկոս է դառնալու. «Հետագայում շատ ափսոսել եմ, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իսկապես չէի պատկերացնում, թե ինչ է նշանակում գիտնական եւ ֆիզիկոս լինել: Բարձր միավորներով ընդունվեցի Ֆիզիկայի ֆակուլտետ, ինչն անսպասելի էր բոլորի համար: Երեւի այն պատճառով էր, որ էքստրեմալ իրավիճակներում կարողանում եմ շուտ կենտրոնանալ եւ արդյունավետ գործել»:

 

Դիպլոմայինը Նարեկը պաշտպանեց Քվանտային համակարգիչների ալգորիթմների թեմայով. «Երկու ֆունդամենտալ քվանտային ալգորիթմները միացրել էի իրար, ստեղծել էի մի հիբրիդ ալգորիթմ: Այդ ուղղությունը ինքս էի ընտրել, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մագիստրատուրայում եկա Ֆիզիկայի ինստիտուտ ու մասնակից դարձա մի նախագծի, որն առհասարակ կապ չուներ ինձ հոգեհարազատ թեմաների հետ: Թեման, որով զբաղվեցի ու հետագայում էլ շարունակեցի, կիրառական, մասնավորապես, էկոլոգիական նշանակություն ուներ»:

 

Ներքին նշաձողի մասին

 

Նախագիծը, որով սկսեց զբաղվել, նպատակ ուներ Մեծամորի ատոմակայանի հետ համատեղ ռադիոակտիվ օդի մաքրման ֆիլտրեր ստեղծել: Հայկական բազալտի հումքի վրա եւ մշակման այդ մեթոդով ֆիլտրեր ստեղծելու տեխնիկան աշխարհում ոչ մի տեղ չէր կիրառվել:

 

«Ֆիլտրերը մշակվեցին եւ դրա համար մենք պատենտ հանեցինք, ցավոք, դա մեզ պետք չեկավ, քանի որ արտադրական պրոցես չմտավ: Այդ ենթակառույցները մեր երկրում, ինչպես եւ մեր ինստիտուտում, չեն գործում, չկան: Մեր աշխատանքն ուղղված էր նաեւ նրան, որ նախագիծն ինստիտուտում ուղղություն սարքեինք եւ ունենայինք լաբորատորիա: Դա նույնպես մեծ ռեսուրսներ էր պահանջում, եւ փաստորեն, մեր ուժերից վեր էր: Դրանից հետո սկսեցի զբաղվել ֆիլտրացիոն պրոցեսների մոդելավորման թեմայով: Մինչ օրս փորձում եմ այդ թեման առավելագույնս զարգացնել եւ մինչեւ հիմա չեմ պաշտպանել թեկնածուականս: Փորձում եմ դա հասցնել իմ ներսում սահմանած նշաձողին, իսկ իմ սկզբունքայնությունը թույլ չի տալիս կեսից թողնել եւ անցնել ավելի արդյունավետ եւ եկամտաբեր գործի»:

 

Ուղի, որով պետք է քայլի մարդկությունը

 

«Երբ մարդը կողմնորոշված չի լինում կյանքում, միշտ ընկնում է տարբեր տհաճ պատմությունների մեջ: Նույն սկզբունքով էլ մարդկությունը պետք է կողմնորոշվի: Գիտությունն է, որ մարդուն պետք է ուղի հարթի: Նույնիսկ եթե ես մի օր գիտությամբ չզբաղվեմ, այդ կարծիքս չի փոխվի: Օրինակ, երբ մարդն ամուսնացած է, առաջինը  ընտանիքի մասին է մտածում, ունի առաջնահերթությունների տոկոսային բաշխվածություն: Նույնկերպ նաեւ կարեւոր է, որ հասարակությունը որոշի իր առաջնահերթությունները, ունենա կողմնորոշվածություն եւ գիտության մասին վերաբերմունքն ավելի հստակեցնի»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես նկատում է երիտասարդ ֆիզիկոսը, խորհրդային տարիները ցույց են տվել, որ հայ ժողովուրդն ունի գիտական եւ տասնապատիկ ավելի տեխնոլոգիական ոլորտում զարգանալու ունակություն, եւ այդ ավանդույթները պետք է պահպանվեն:

 

Գիտություն եւ բիզնես

 

«Հասարակությունը գիտության հետ պետք է կապեր խարսխի: Եթե հասարակության մեջ կա զգայունություն գիտական արրդյուքների նկատմամբ, հասարակության օրակարգում եւ առօրյայում՝մի փոքր գիտություն, ապա դա տեխնոլոգիական միջավայրի զարգացման համար նպաստավոր ֆոն կարող է ստեղծել: Ինքնին գիտությունը տնտեսության վրա ուղղակի ազդեցություն չունի եւ պետք էլ չէ, որ ունենա, քանի որ արտադրության մեջ մտնում է տեխնոլոգիան: Մենք պետք է հստակ կարողանանք տարանջատել գիտությունը, կիրառական գիտությունը եւ տեխնոլոգիան: Այս երեքից միայն վերջինն է շահութաբեր ոլորտ, մյուս երկուսում շահույթ ստանալ հնարավոր չէ: Եթե նույնիսկ գիտությունը դրամական շահույթ ստանա իր ինչ-որ օբյեկտից, ապա դա պետք է կրկին ուղղվի դեպի գիտություն»:

 

Նարեկը նաեւ համոզված է, որ գիտությամբ զբաղվող հիմնարկները Հայաստանին խիստ անհրաժեշտ են: Նրա խոսքով,  նույնիսկ եթե Հայաստանը տեխնոլոգիապես զարգանա, միեւնույնն է, սպառողական մոտեցմամբ եւ զուտ կրկնօրինակած տեխնոլոգիաներ արտադրելով, կհասնի մի կետի, երբ չի կարողանա աշխարհին տալ այն, ինչ աշխարհը չունի: Իսկ եթե երկրում գիտական հիմնարկները ներառված են R&D (Research and Development) ցիկլի մեջ, երբ միեւնույն կառույցում գիտնական իր գործով է զբաղված, ինժեները՝ իր, բիզնեսմենն էլ՝ իր, երկիրն աշխարհին տալու նոր բան  է ստեղծում:

 

Նարեկը շատ է կարեւորում գիտակցումն առ այն, որ երբ գիտնականը վերջացնում է իր բոլոր փորձերը, հաշվարկներն ու վերլուծությունները, հանձնում դրանք թղթին կամ համակարգչի հիշողությանը, այդ պահից սկսած իր գործը պետք է ավարտված համարի:

Նարեկ Հակոբյանը Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գիտնականը չի կարող դառնալ բիզնեսմեն, որպեսզի իր ստեղծածը արտադրի եւ վաճառի: Բացի այդ, եթե դու աշխարհին ներկայանում ես արվեստով, մշակույթով, սպորտով, նույնչափ կարող ես նաեւ գիտությամբ ներկայանալ»:

 

Մոտիվացիաներ ու խոչընդոտներ

 

Նարեկ Հակոբյանը կարծում է, որ շատ բան է կախված այն երիտասարդ մարդուց, ով որոշել է գիտությամբ զբաղվել. նա այսօր շատ քիչ ռեսուրսներ ունի Հայաստանում ու շատ մեծ ջանքեր պետք է ներդնի զրոյից ինչ-որ մի բանի հասնելու համար:

 

Միեւնույն ժամանակ, նա նկատում է, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ առկա օբյեկտիվ խոչընդոտների պայմաններում, դրսի ֆինանսավորման շնորհիվ, կարողանում են հաջողությունների հասնել:

 

Քիչ ֆինանսական ռեսուրսների պայմաններում հաճախ երիտասարդ գիտաշխատողը ստիպված է զուգահեռ այլ գործերով էլ զբաղվել, ինչը, կարող է հանգեցնել նրան, որ տեսանելի արդյունքներ չունենա գիտության ոլորտում:

 

«Միգուցե քաջություն, սեփական ուժերի եւ կազմակերպվածության վրա վստահություն է պետք՝ մյուս բոլոր գործերը թողնելու եւ միայն գիտության շուրջ աշխատելու համար: Պետք է վստահություն ունենալ, որ կկարողանաս ինքդ քո ջանքերով ֆինանսավորում գտնել, որը երկար ժամանակ կբավարարի գիտական փորձերով եւ հետազոտություններով զբաղվելու համար: Այդպիսի քաջություն եւ վստահություն ունենալու շռայլությունը ոչ բոլոր մարդիկ կարող են իրենց թույլ տալ»:

 

Գիտության ֆինասնավորման խնդիրը, ինչպես նկատում է Նարեկը, ամբողջ աշխարհում կա: Դա, ըստ նրա, օբյեկտիվ հանգամանք է, չնայած, «կարելի է նաեւ սուբյեկտիվ հանգամանք դիտել` հաշվի առնելով, որ այսօր ամբողջ աշխարհում ֆինանսական հսկայական միջոցներ օգտագործվում են անարդյունավետ եւ ոչ այդքան կառուցողական նպատակների համար»:

Նարեկ Հակոբյանը Նարեկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկը նշում է, որ գիտությունը բուռն զարգացում ունեցավ հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ու դրանից հետո, երբ ստեղծվեց միջուկային ռումբը, զարգացան միջուկային տեխնոլոգիաները:

 

«Ստացվում է, որ օրինակ, պատերազմներն ու գիտությունը առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող բաներ են, բայց պարզվում է, որ առաջինը կարող է խթան հանդիսանալ երկրորդի համար: Լավ կլիներ, որ հսկայական միջոցները, որ ուղղվում են ռազմական ծախսերին, կրճատվեին եւ օգտագործվեին գիտության մեջ. համաշխարհային պատերազմների դարաշրջանն արդեն անցել է: Կարող ենք պատկերացնել իրավիճակ, որ մի օր գիտության մեջ զարգացում չի լինում, միեւնույն ժամանակ էլ պատերազմները վերանում են, բայց դա էլ ռեալ չէ: Մարդու հետազտող բնավորությունը չի վերանա. նա այդպիսին է մարդկության առաջին օրից: Երբ երեխայի ուղեղը ավելի շատ զբաղված լինի դասերով, նա չի իջնի բակ ու կռիվ անի. նույնն էլ կարելի է մարդկության համար ասել»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին