Հովակիմ Զաքարյան. Պետությունը գիտնականին պետք է խնդիր առաջադրի - Mediamax.am

exclusive
18274 դիտում

Հովակիմ Զաքարյան. Պետությունը գիտնականին պետք է խնդիր առաջադրի


Հովակիմ Զաքարյանը
Հովակիմ Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովակիմ Զաքարյանը
Հովակիմ Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովակիմ Զաքարյանը
Հովակիմ Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Ինչո՞վ է զբաղվում գիտնականը, ո՞րն է նրա առօրյա գործունեությունը եւ որո՞նք են գիտությամբ զբաղվելու մոտիվացիաները: Նախագծի նպատակն է բարձրաձայնել գիտության առաջընթացի եւ հաջողությունների, գիտություն-հասարակություն-տնտեսություն կապի կարեւորության մասին, մասսայականացնել գիտությունն ու բարձրացնել հանրային հետաքրքրվածությունը:

 

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը Բջջի կենսաբանության եւ վիրուսաբանության լաբորատորիայում հակավիրուսային նյութեր է հետազոտում:

 

Գիտությամբ զբաղվելը Հովակիմը համեմատում է Էվերեստ բարձրանալու հետ. երբ ամեն անգամ իր առաջ քաշած վարկածները, տարբեր քայլերով եւ ուղղություններով, ուսումնասիրելուց հետո պատասխաններ է ստանում, ապրում է նույն բավարարվածությունը, ինչ Էվերեստի գագաթը հաղթահարած լեռնագնացը:

 

«Գիտնականի վերջնական նպատակն է բացահայտել բնության մեջ տեղի ունեցող երեւույթները, ինչպես նաեւ գտնել մեխանիզմներ, որոնցով կարելի է ազդել այդ երևույթների վրա»,- ասում է Հովակիմ Զաքարյանը:

 

Բջիջն՝ իր «ողջ «հմայքով»

 

9-րդ դասարանում ձեռքը վերցրած Կենսաբանության դասագիրքն այնքան հետաքրքրեց Հովակիմին, որ կանխորոշեց իր հետագա մասնագիտական ուղին:

 

Կենսաբանություն սովորելու ցանկություն մինչ այդ չէր ունեցել, առանձնապես չէր սիրում այդ առարկան: Ուզում էր հնագիտությամբ զբաղվել, բայց այդ դասագիրքն ու բջիջների մասին դասն իրենցն արեցին: Մեկ տարի անց բուհի ընդունելության հայտում միայն մի բաժին էր նշել՝ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ: 2004թ.-ին ընդունվեց, իսկ արդեն երեք տարի անց առաջին անգամ ուսումնական պրակտիկայի եկավ Բջջի կենսաբանության եւ վիրուսաբանության լաբորատորիա, որը միակն էր Հայաստանում, որտեղ զբաղվում էին բջիջներով: Մինչ այդ էլ ցողունային բջիջների մասին գիրք էր կարդացել եւ որոշել, որ պետք է անպայման այդ ուղղությամբ աշխատի:

 

«Բայց ցողունային բջիջների փոխարեն սկսեցի զբաղվել վիրուսներով»,- ասում է գիտնականը:

 

Ընդդեմ խոզերի աֆրիկյան ժանտախտի

 

2010թ.-ից լաբորատորիայում Հովակիմը սկսեց հետազոտել խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը, որը Հայաստանում տարածված էր եւ մեծ տնտեսական վնասներ էր հասցրել: Միայն 2007-2008թթ.-ի համաճարակների արդյունքում Հայաստանում խոզի գլխաքանակը 50%-ով նվազել էր:

Հովակիմ Զաքարյանը Հովակիմ Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լաբորատորիան այս պահին էլ շարունակում է ուսումնասիրել խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը, որով վարակումը 100% մահ է բերում: Վիրուսի նկատմամբ պատվաստանյութ գոյություն չունի, չնայած որ այն ուսումնասիրում են դեռեւս 1950-ական թվականներից:

 

«Մենք ոչ թե պատվաստանյութ ենք փորձում ստանալ, այլ հակավիրուսային նյութեր, որոնք խոզին ներարկելուց հետո կճնշեն վիրուսն, ու խոզը կամ չի սատկի, կամ երկար ժամանակ կդիմադրի վիրուսին՝ մինչեւ սկսի աշխատել իմունային համակարգը», - բացատրում է Հովակիմը:

 

Արդեն մեկ տարի ուսումնասիրում են բուսական ծագման նյութերը, որոնք ավելի էժան են, քան արհեստական սինթեզված քիմիականները:

 

«Բուսական նյութեր հետազոտելու մյուս պատճառն այն է, որ խոզերի սննդի մեջ կա նաեւ բուսական մաս, եւ դրանց մեջ կարող են լինել նյութեր, որոնք կնպաստեն, որպեսզի կենդանին կարողանա վիրուսի դեմ պայքարել: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում մենք գտանք այդպիսի մի նյութ՝ «ապիգենինը», որը, ինչպես ցույց տվեցին մեր հետազոտությունները, մոտ 1000 անգամ վիրուսին ճնշում է: Այսինքն, եթե փորձանոթում ունեք 1000 վիրուսային մասնիկ, բոլոր մասնիկները կոչնչանան այս նյութի ազդեցությամբ: Նյութը բացառիկ է նրանով, որ ունի ինչպես կանխարգելող, այնպես էլ բուժիչ ակտիվություն, երբ արդյունավետ ազդում է վարակված բջիջների վրա»,- պատմում է Հովակիմը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լաբորատորիայում աշխատող գիտնականների հետազոտություններն այժմ ավարտական փուլում են: Արդյունքները տպագրելուց հետո կանցնեն մեխանիզմի ուսումնասիրությանը՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմով է տվյալ նյութը կարողանում սպանել վիրուսը:

 

Համապատասխան ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում կընդլայնեն փորձարկվող նյութերի ցանկը՝ գտնելու համար արդյունավետ հակավիրուսային այլ նյութեր եւս: Վերջնական նպատակն է ստեղծել խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ արդյունավետ եւ մատչելի հակավիրուսային դեղամիջոց:

 

Գիտությունը՝ ընկճված վիճակում

 

Հետագա հետազոտությունների մասին Հովակիմը վստահ չի խոսում, քանի որ շատ լավ գիտի, թե ինչ ֆինանսական խնդիրների է Հայաստանում բախվում գիտնականը:

 

«Հայաստանում գիտության վիճակն առանձնապես ուրախալի չէ: Ֆինանսավորումը նորմայից մոտ 4 անգամ քիչ է: Նման թերֆինանսավորված պայմաններում հայկական գիտության վիճակը չի կարող բարգավաճող լինել, արդյունքներն էլ չեն կարող համեմատվել զարգացած երկրների արդյունքներին: Այս պայմաններում գիտնականներն անում են իրենց առավելագույնը, որպեսզի կարողանան ինչ-որ հետազոտություններ անել: Շատ դեպքերում ուղղակի նյութեր ենք խնդրում մեր ընկերներից, արտասահմանցի գործընկերներից, դրամաշնորհների համար գլխացավանքի մեջ ենք ընկնում: Եթե տարվա մեջ գոնե մեկ դրամաշնորհ չլինի, բազային ֆինանսավորմամբ հնարավոր չէ հետազոտություն անել»:

 

Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանում չունենք արտադրող տնտեսություն, ինչի հետեւանքով էլ երկիրը չի կարողանում օգտվել գիտության հնարավորություններից:

 

«Եթե տնտեսությունը սպառողական է, այստեղ որեւէ կապ չի կարող լինել գիտության հետ: Եթե գիտնականն ինչ-որ հայտնագործություն կատարեց, օրինակ, մենք գտանք ինչ-որ նյութ, որը ճնշում է վիրուսը, վերջնական նպատակը պիտի լինի դրա արտադրությունը, գյուղացիներին հասցնելը կամ արտերկրի շուկաներ արտահանելը: Դրա համար պետք են համապատասխան արտադրական ձեռնարկություններ: Եթե այդպիսիք չկան, մեր հայտնագործությունն այնքան ժամանակ կմնա օդի մեջ, մինչեւ արտասահմանում դա նկատեն, դնեն արտադրության եւ հանեն վաճառքի: Հետեւաբար, սպառողական տնտեսության մեջ սպասել, որ թերֆինասնավորվող եւ ընկճված վիճակում գտնվող գիտության եւ տնտեսության կապը կլինի ուժեղ, անիմաստ է», - արձանագրում է գիտնականը:

 

Խնդիրների փակ շղթան

 

Գիտություն եւ հասարակության միջեւ կապը եւս, ըստ Հովակիմի, խզված է, եւ վերականգնելու համար պետք է ակտիվ աշխատեն հայկական գիտությունը համակարգող եւ ղեկավարող գիտական կառույցները, փորձեն թեկուզ չնչին հաջողությունները հանրայնացնել:

Հովակիմ Զաքարյանը Հովակիմ Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խնդիրներն իրար հետ կապակցված են եւ պայմանավորված են մեկը մյուսով: Հովակիմ Զաքարյանի կարծիքով, պետության ամենամեծ սխալն այն է, որ այն չի հստակեցնում իր պահանջները գիտնականներից:

 

«Պետությունը վերջին 25 տարվա ընթացքում որեւէ նպատակ գիտնականի առջեւ չի դնում: Մեր պետության համար բազմաթիվ խնդիրներ կան՝ ինֆեկցիաները, Արարատյան դաշտի աղակալումը եւ այլն: Սրանք խնդիրներ են, որոնք կարելի է լուծել, եթե գիտնականի առջեւ պետական ծրագրեր դրվեն: Կոնկրետ նպատակ առաջադրեն, գումարներ հատկացեն, գիտնականն էլ լուծումներ գտնի: Եթե կոնկրետ խնդիրներ չեն դրվում, գիտնականից պահանջներ էլ չպիտի լինեն», - ասում է նա:

 

Մյուս խնդիրը գիտության հանդեպ վերաբերմունքն է: Հովակիմ Զաքարյանը, ինչպես շատ գիտնականներ, կարծում է, որ փոփոխությունը պետք է սկսել դպրոցից:

 

«Դպրոցներում բնագիտական առարկաները պետք է դասավանդվեն շատ բարձր մակարդակով: Դպրոցները պետք է ունենան լավ վերապատրաստված եւ ոլորտի ներկա իրավիճակին տեղյակ ուսուցիչներ, համապատասխան լաբորատորիաներ: Եթե մենք ուզում ենք գիտության նկատմամբ սեր առաջացնել, երեխաներին դեպի գիտություն դրդել, ապա պետք է ապահովենք փորձեր անելու գոնե նվազագույն պայմանները: Ամենագրավիչ, գայթակղիչ տարբերակն այն է, երբ աշակերտը լաբորատորիայում քիմիայի պրիմիտիվ ռեակցիա է իրականացնում», - նշում է գիտնականը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին