Տիգրան Կարապետյան. Ֆիզիկան սեր ու ֆանտազիա է պահանջում - Mediamax.am

exclusive
24264 դիտում

Տիգրան Կարապետյան. Ֆիզիկան սեր ու ֆանտազիա է պահանջում


Տիգրան Կարապետյանը
Տիգրան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Կարապետյանը
Տիգրան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Կարապետյանը
Տիգրան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Կարապետյանը
Տիգրան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամպրոպային երեւույթներ ու դրանց հետեւում թաքնված ֆիզիկական գաղտնիքներ. երիտասարդ գիտաշխատող Տիգրան Կարապետյանը ֆիզիկայի հանդեպ իր սերն այստեղ է իրացնում արդեն տարիներ շարունակ:

 

«Ֆիզիկան յուրահատուկ մտածելակերպ է: Այն, բացի գիտելիքներից, պահանջում է նաեւ վառ երեւակայություն, խիզախություն եւ աշխատասիրություն։ Ֆիզիկայում սեփական խոսքն ասելու համար պետք է միշտ նոր խնդիր առաջ քաշել ու լուծել։ Կրկնությունները ոչ մեկին հետաքրքիր չեն»,- ասում է ֆիզմաթ գիտությունների թեկնածուն:

 

Ֆիզիկան սիրելու եւ ընտրելու ուղին

 

Տիգրանը ծնվել եւ մեծացել է Բյուրական գյուղում: Ֆիզիկայի հանդեպ սերը նրա մեջ վառել է դպրոցի ուսուցիչը` Հովսեփ Չավուշյանը, ով նաեւ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող էր։

 

«Նա շատ մատչելի ու գրավիչ էր բացատրում ֆիզիկա առարկան։ Նրա շնորհիվ մենք հասկացանք, թե ինչ բան է ֆիզիկան։ Ցավոք, հաճախ այն ձեւով, որ բացատրվում է առարկան դպրոցներում, միանգամից չի գրավում: Աշակերտների համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ են իրականում նշանակում դասագրքում մուգ տառերով առանձնացված տողերը, անհրաժեշտ է ավելի դյուրին բացատրել դրանց իմաստը։ Ուսուցչիս շնորհիվ ես ընտրեցի այդ ուղղությունը եւ հետզհետե սկսեցի ավելի խորանալ ֆիզիկայի մեջ։ Արդյունքում ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Միջուկային ֆիզիկայի բաժինը»:

 

Տիգրանը կարծում է, որ մարդը պետք է հետաքրքրվածություն ունենա այն մասնագիտության հանդեպ, որով զբաղվում է։ Ըստ նրա` դա գլխավոր մեխն է, եթե չկա հետաքրքրվածություն եւ ֆանտազիա, ապա մասնագիտությունը դաժան տանջանք է դառնում։

 

Տիեզերական ճառագայթների ֆիզիկան, առաջին քայլն ու արդյունքները

 

Երրորդ կուրսում, երբ կուրսային աշխատանք էր գրում, Տիգրանը եկավ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ։ Դիպլոմային եւ մագիստրոսական աշխատանքները, հետագայում նաեւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանեց այստեղ՝ պրոֆեսոր Աշոտ Չիլինգարյանի ղեկավարությամբ: 2008թ.-ից ընդունվեց աշխատանքի՝ Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքում: Այժմ Տիգրանն արդեն բաժանմունքի ղեկավարի տեղակալն է:

 

Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքի հետազոտման հիմնական ուղղությունն ի սկզբանե եղել է Արեգակի, Արեւ-Երկիր կապերի ու գալակտիկական տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը: Այդ նպատակով, Արագած եւ Նոր Ամբերդ բարձր լեռնային գիտական կայաններում տեղադրվել եւ շուրջօրյա աշխատում են տարատեսակ մասնիկներ գրանցող բազմաթիվ սարքավորումներ՝ դետեկտորներ: Ֆիզիկական երեւույթների վերաբերյալ եզրահանգումները կատարվում են դետեկտորներից ստացվող ժամանակային շարքերի հետազոտությամբ:ծ

Տիգրան Կարապետյանը Տիգրան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգակնային համակարգին հասնող գալակտիկական տիեզերական ճառագայթները բավականաչափ իզոտրոպ են եւ նրանց հոսքը գրեթե հաստատուն է ժամանակի ընթացքում: Մյուս կողմից, Արեգակը փոփոխական օբյեկտ է, որի ակտիվության ազդեցությունը գալակտիկական ճառագայթների հաստատուն հոսքի վրա առաջացնում է այդ հաստատուն «ֆոնի» մոդուլացիա, որոնց ուսումնասիրությամբ էլ զբաղվում են գիտնականները:

 

«Սկսած 2009թ-ից՝ մեր հետազոտությունների ոլորտն ընդլայնվեց եւ մեր բաժանմունքում սկսվեցին ակտիվ հետազոտություններ կատարվել ամպրոպային երեւույթների ուսումնասիրության ուղղությամբ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պատահականորեն նկատվեց, որ Արագածում՝ ամպրոպային ակտիվությունների ժամանակ մասնիկների որոշ դետեկտորներում գրանցվում են երկրորդային մասնիկների հոսքերի կարճատեւ ավելացումներ, որոնք մինչ այդ դիտվում էին որպես էլեկտրամագնիսական աղմուկներ: Այդ ավելացումները, ինչպես պարզվեց ավելի ուշ, պայմանավորված են ամպերի մեջ ուժեղ էլեկտրական դաշտերի առկայությամբ: Այդպիսով, մեր բաժանմունքում սկիզբ դրվեց ֆիզիկայի մի շատ հետաքրքիր ուղղության հետազոտության, որն այժմ կոչվում է «Բարձր էներգիայի ֆիզիկան մթնոլորտում»:   

 

Կենտրոնում արվող հետազոտությունները յուրահատուկ են այն բանով, որ շնորհիվ տարբեր տեսակի եւ տարբեր էներգետիկ շեմերով մասնիկների դետեկտորների, որոնց մեծ մասը նախագծվել եւ պատրաստվել են տեղում, միաժամանակ գրանցվում եւ նույնականացվում են տարրական մասնիկները, որն էլ հնարավորություն է տալիս շատ ավելի մանրակրկիտ հետազոտելու տարատեսակ ֆիզիկական երեւույթները:

 

«Մեր հետազոտությունների արդյունքում՝ չափելով էլեկտրաստատիկ դաշտը, եղանակային տարբեր պարամետրեր, տարբեր մասնիկների հոսքեր, հասկացանք եւ բացատրեցինք, թե ինչպես են տեղի ունենում երկրորդային տարբեր մասնիկների հոսքերի ավելացումները, առաջարկել ենք այդ երեւույթները նկարագրող մոդել։

 

Արագածում մենք ամպրոպային ակտիվությամբ պայմանավորված տարեկան մի քանի տասնյակ ավելացումներ ենք գրանցում եւ մեր հետազոտությունների, ինչպես նաեւ մանրակրկիտ մոդելավորումների միջոցով ապացուցեցինք լրացուցիչ էլեկտրոնների ու գամմա ճառագայթների առաջացման մեխանիզմները։ Մենք նաեւ կարողացանք ամպրոպային երեւույթների ժամանակ գրանցված ավելցուկային նեյտրոնների բացատրությունը տալ եւ այդ բոլոր արդյունքները տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող միջազգային պարբերականներում»:

 

Ինստիտուտում այժմ մեծ թափով զարգանում է «Բարձր էներգիայի ֆիզիկան մթնոլորտում» ուղղությունը եւ Տիգրանը այժմ զբաղված է ամպերի՝ մասնիկներ առաքող տիրույթների չափերի հետազոտմամբ, ինչպես նաեւ գրանցված հարյուրավոր դեպքերի վիճակագրական վերլուծությամբ։

 

Այն արդյունքները, որ գրանցում են եւ տպագրում հեղինակավոր ամսագրերում, մեծ հետաքրքրություն ունեն միջազգային գիտական հանրության կողմից, որի վառ ապացույցը տպագրված աշխատանքների վրա կատարվող մեծ թվով հղումներն են։

 

Արդյունքները կիրառելու հնարավորությունները

 

«Մենք զբաղված ենք ֆունդամենտալ ուսումնասիրություններով եւ մի փոքր սխալ է սպասել, որ ֆունդամենտալ գիտության արդյունքը վաղն անմիջապես կկիրառվի կենցաղում կամ տեխնոլոգիաների մեջ, բայց գիտնականը, ով նպատակաուղղված իրականացնում է իր մտքերն ու ֆանտազիաները, այդ ճանապարհին ստեղծում է բաներ, որոնք անպայման կօգտագործվեն տեխնոլոգիաների մեջ»,- ասում է Տիգրանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նշում է, որ հետազոտությունների արդյունքներն, օրինակ, հետագայում կարող են կիրառական նշանակություն ունենալ գյուղատնտեսության մեջ, եթե շատ լավ հասկանան, ամպերի վարքը:

 

Ինչպես ասում է ֆիզիկոսը, Հայաստանում այս ուղղությամբ զբաղվելու համար բնությունը մեծ առավելություն է տվել. Արագած լեռան վրա տարեկան բազմաթիվ ամպրոպային երեւույթներ են գրանցվում եւ մենք ունենալով գիտական ժամանակակից սարքավորումներ հնարավորություն ունենք զբաղվելու դրանց ուսումնասիրությամբ։ Բազմաթիվ նոր դետեկտորներ են նախագծել եւ կառուցել, ձեռք են բերել էլեկտրական դաշտը չափող սարքավորումներ, եղանակային պարամետրերը գրանցող սարքավորումներ, այդ ուղղությունն ակտիվ զարգացնում են։ 

 

Փոխանցելով ֆիզիկան սիրելու բանաձեւը

 

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, գիտական աշխատանքներից բացի, լուծում է նաեւ կրթական խնդիրներ։ Ինստիտուտում գործում է մագիստրոսական ծրագիր, իսկ բարձր դասարանների աշակերտների համար պարբերաբար կազմակերպվում են ամառային դպրոցներ։ Այս երկուսում էլ Տիգրանը դասախոսություններ է կարդում։

 

Նա կարծում է, որ աշակերտներին եւ երեխաներին պետք է մատների վրա՝ հետաքրքիր եւ հասկանալի բացատրել ֆիզիկական պրոցեսները, որպեսզի նրանք հաճույքով սովորեն։

 

«Այսօր աշխարհը փոխվել է, տեխնոլոգիաների դարաշրջանի բումն է, ու հետաքրքրվածությունն ավելի շատ տեխնոլոգիական ուղղությամբ է գնում։ Ես դա նորմալ եմ համարում, բայց որպեսզի մարդիկ սիրեն ֆիզիկան, որը մեր երկրի ուժեղ կողմերից մեկն է, մենք մեկնարկել ենք այդ կրթական ծրագրերն ու դրանց ընթացքում երիտասարդներին փորձում ենք ֆիզիկան եւ այն, ինչով մենք այստեղ զբաղվում ենք, բացատրել շատ մատչելի եւ առարկայական, գիտական սարքավորումների վրա գիտափորձեր կատարելով։ Չի կարելի միայն երկար բանաձեւ գրել եւ ասել՝ այստեղ թաքնված է ֆիզիկայի այս կամ այն օրենքը, պետք է աշակերտին հասկանալի բացատրել, որպեսզի նա սկսի հետաքրքրվել, սիրել եւ գնահատել ֆիզիկան ու դրանով զբաղվելու իր հնարավորությունները»:

 

Կրթական մեկ այլ ծրագիր եւս ունեն` ԵրՖի-ն երկրաֆիզիկական ցանց է ստեղծում, որի մեջ ներառել են նաեւ UWC Dilijan-ն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Արագածում, Նոր Ամբերդում, Սեւանում եւ Երեւանում կատարվող եղանակային պարամետրերի և էլեկտրական դաշտի չափումներին այդ ուսումնական կենտրոններն էլ են մասնակցում։

Տիգրան Կարապետյանը Տիգրան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այնտեղ ուսանողներն օնլայն ռեժիմում կարողանում են հետեւել դետեկտորների գրանցումներին։ Սա ուսանողների մոտ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի, նրանք կառնչվեն գիտական սարքավորումների հետ անմիջապես, կվերցնեն սարքավորումների գրանցած արդյունքները եւ կուսումնասիրեն։ Այսպիսով, բացի ֆունդամենտալ առումով մեր հետազոտությունների համար անհրաժեշտ ինֆորմացիայի ստացումից, այդ ցանցը նաեւ կրթական խնդիրներ կլուծի»:

 

Ֆիզիկան չթողնելու համար սեր է հարկավոր

 

Տիգրանը հույս ունի, որ կկարողանան իրենց էնտուզիազմով վարակել երիտասարդներին, որպեսզի նրանք գան եւ զբաղվեն գիտությամբ: Նա կարծում է, որ գիտության մեջ մնում են նրանք, ովքեր իսկապես սիրով են զբաղվում դրանով։

 

«Բայց պետք է հասկանալ, որ գիտության մեջ չկան սահմաններ, գիտնականը հանգիստ կարող է ընտրել ինստիտուտ եւ լաբորատորիա ցանկացած երկրում եւ զբաղվել գիտությամբ։ Այս պրոցեսն ամբողջ աշխարհում է։ Տրագիկ բան չեմ համարում հայազգի գիտնականների գործունեությունը արտասահմանում, տրագիկ կլինի, եթե մարդկանց մոտ վերանա ֆիզիկայով զբաղվելու ցանկությունը։ Ափսոս էլ կլինի, որովհետեւ Հայաստանում ֆիզիկան ամուր հիմքեր ունի։  Մենք տարբեր երկրներում աշխատող շատ մասնագետներ ունենք, ովքեր ոչ պակաս օգուտ են բերում մեր երկրին ու մեր գիտությանը։ Մենք ունենք բազմաթիվ հայ տաղանդավոր եւ աշխարհահռչակ ֆիզիկոսներ աշխարհի տարբեր երկրներում, որոնց օրինակներով եւս կարող են հրապուրվել երիտասարդները: Անհրաժեշտ է ուղղակի պատշաճ ներկայացնել այդ ամենը՝ սկսելով հենց դպրոցներից եւ կարծում եմ, որ դա իր դրական ազդեցությունը կունենա: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ այդ նպատակով պարբերաբար հրավիրվում են աշխարհի տարբեր գիտական կենտրոնների հայտնի հայ եւ օտարազգի ֆիզիկոսներ՝ ուսանողների, ինչպես նաև բարձր դասարանի դպրոցական աշակերտների համար դասախոսություններ կարդալու»։

Տիգրան Կարապետյանը Տիգրան Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է հիասթափվելուն եւ գիտությունը թողնելուն, ապա Տիգրանը չի պատկերացնում, որ մարդը սիրելով կարող է թողնել մի բան։ Ասում է` եթե իսկապես սիրում է գիտությունը, ապա չի թողնի։

 

«Ֆիզիկան պետք է սիրել, որ կարողանաս զբաղվել։ Թերի եմ համարում այն տեսակետը, որ ամեն ինչ կապված է առաջին հերթին ֆինանսավորման հետ, որովհետեւ եթե մարդուն մեծ գումարներ էլ տաս, նա չի կարողանա գիտություն զարգացնել, եթե չի սիրում եւ հետաքրքրված չէ գիտությամբ»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին