Ռոքսանա Զախարյան. ԴՆԹ տեքստը, շիզոֆրենիան ու հայերի մուտացիաները - Mediamax.am

exclusive
27363 դիտում

Ռոքսանա Զախարյան. ԴՆԹ տեքստը, շիզոֆրենիան ու հայերի մուտացիաները


Ռոքսանա Զախարյանը
Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոքսանա Զախարյանը
Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոքսանա Զախարյանը
Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոքսանա Զախարյանը
Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոքսանա Զախարյանը
Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոքսանա Զախարյանը
Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

 

Քիմիա, բժշկություն, ֆիզիկա, կենսաբանություն ու նորից բժշկություն. ահա այն հետաքրքրությունների շրջանը, որով պտույտ է կատարել Ռոքսանա Զախարյանն ու գտել գիտական աշխարհում իր տեղը:

 

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի եւ իմունոմիկայի լաբորատորիայի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռոքսանան ուսումնասիրում է շիզոֆրենիա հիվանդության գենետիկան եւ հայերի համար սպեցիֆիկ որոշակի գործոններ է բացահայտել, որոնք այլ ազգերի մոտ առկա չեն: Ռոքսանան նաեւ դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում եւ Բժշկական կենսաքիմիայի ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է։

 

Գիտության հանդեպ սերը, որ ծնվեց քիմիայից

 

Ընտանիքում բոլորը տեխնիկական կրթություն ունեն, իսկ գիտության հանդեպ սերը, հավանաբար, ավելի շատ եկավ դպրոցական տարիներին՝ Քիմիա առարկայից: Իմ ամենասիրելի առարկան էր, օլիմպիադաների էի մասնակցում ու ինձ ավելի շատ այդ ոլորտում էի պատկերացնում: Հետո կամաց-կամաց վերածվեց բժշկության նկատմամբ սիրո, բայց մտածում էի, որ ընդունելության հետ կապված հնարավոր է՝ բարդություններ լինեն եւ, ի վերջո, որոշեցի ընտրել ֆիզիկան: Հստակ գիտեի, որ պիտի դիմեմ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն, որը զբաղվում է նաեւ բժշկության հետ որոշակիորեն կապված հարցերով: Արդյունքում՝ այդ ամբիոնն էլ ավարտեցի, դրանից հետո էլ արդեն ստեղծվեց կապը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ: Ասպիրանտուրան շարունակեցի ինստիտուտում՝ մեր պրոֆեսոր Բոյաջյանի ղեկավարությամբ:

 

Ինստիտուտ տանող երկար ճամփան

 

Մի քիչ երկար ճանապարհով եկա ինստիտուտ: Համալսարանում, երբ ընտրեցինք Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը, մեր կուրսից երեք ուսանողի, այդ թվում եւ ինձ, հնարավորություն ընձեռեցին դասավանդել լաբորատորիայում: Շատ մեծ պատիվ էր առաջին կուրսեցիների համար: Մեծ ոգեւորությամբ էինք աշխատում եւ ամբողջ օրն անցկացնում էինք համալսարանում: Մագիստրատուրան ավարտելուց հետո, սակայն, պարզվեց, որ ասպիրանտուրայի տեղեր չկան, եւ ես սկսեցի նմանատիպ ինստիտուտներում փնտրել ասպիրանտական տեղ, ուր կարող էի շարունակել աշխատել ընտրածս գիտական թեմայի վրա: Եկա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, խոսեցի այն ժամանակվա տնօրենի հետ, ինչ-որ առաջարկներ արեց, բայց իմ թեմային չէին վերաբերում: Պարզվեց, իմ ընտրած թեմայով որեւէ ինստիտուտում չէին զբաղվում:

Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկ տարի սպասեցի եւ նորից եկա ինստիտուտ, բայց արդեն ավելի լայն մտահորիզոնով: Ինձ հստակ թեմա առաջարկեցին շիզոֆրենիա հիվանդության հետ կապված: Շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց, թեեւ մի քիչ երկար ճանապարհով, բայց կարեւորը, որ բժշկության հետ իմ երազած կապը հաստատվեց:

 

Շիզոֆրենիան եւ հայերի մուտացիաները

 

Թեման, որ ընտրվեց, վերաբերում է շիզոֆրենիա հիվանդության գենետիկային՝ այն բոլոր գործոններին, որոնք կարող են փոխանցվել սերնդից սերունդ եւ նպաստել այդ հիվանդության զարգացմանը: Փորձում ենք հասկանալ՝ ԴՆԹ ամբողջ տեքստում ո՞ր փոփոխություններն են, որ կարող են հիվանդության զարգացմանը հանգեցնել: Կան որոշակի գործոններ, որոնց դեպքում ավելի մեծ է հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը: Այս դեպքում միանշանակ չենք խոսում հիվանդության առաջացման մասին, որովհետեւ հիվանդությունն այնքան բարդ է, որ միայն գենետիկայով չի պայմանավորված, այլեւ միջավայրի անբարենպաստ գործոններով: Այսինքն՝ հավանականություն կա, որ հիվանդության նկատմամբ հակվածություն ունեցող մարդու մոտ կարող է հիվանդությունը եւ չդրսեւորվել, եթե նա ապրի բարենպաստ պայմաններում:

 

Պոպուլյացիաներից կախված՝ տարբեր ժողովուրդների մոտ հիվանդության առաջացման գենետիկական պատճառները տարբեր են: Մենք հայերին ենք ուսումնասիրում, որպեսզի հասկանանք, թե որոնք են գործոնները մեր ազգի համար: Մեր գրանցած արդյունքները շատ դեպքում զգալիորեն տարբերվում են մյուս ազգերի արդյունքներից: Հենց հայերի համար սպեցիֆիկ որոշակի գործոններ ենք բացահայտել, որոնք այլ ազգերի մոտ առկա չեն, դրանք պայմանավորված են համապատասխան սպիտակուցների ֆունկցիաներով: Դրանք ԴՆԹ-ի հաջորդականության մեջ որոշակի փոփոխություններ են, մուտացիաներ:

Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականում, հետազոտությունը նախատեսելուց արդեն թիրախային ընտրում ենք այն բոլոր սպիտակուցները կամ այն համակարգերն ու ուղիները, որոնք խախտված են հիվանդության ժամանակ: Փորձում ենք հասկանալ, թե ինչն է խախտված, ապա համապատասխան գեներում փորձում ենք գտնել համապատասխան գործոնները: Դրանք կարեւոր են նաեւ բուժման արդյունավետության տեսանկյունից: Որոշակի մուտացիաների առկայության դեպքում այս կամ այն դեղը կարող է սպասված արդյունավետությունը չունենալ կամ լինել արդյունավետ մի հիվանդի համար, բայց ոչ մյուսի՝ նույն կլինիկական ախտանիշների պարագայում:

 

Որպես վերջնական արդյունք նախատեսում ենք ստանալ որոշակի գենետիկական թեստեր: Աշխարհում նման թեստերը լայնորեն ընդունված են եւ կիրառվում են: Իմաստն այն է, որ մարդը կարող է գնալ լաբորատորիա, հանձնել արյուն ու հասկանալ, թե արդյո՞ք ինքնը կամ իր երեխան ունեն հակվածություն շիզոֆրենիա հիվանդության նկատմամբ, թե՞ ոչ: Ինչո՞ւ հնարավոր չէ օգտագործել ամբողջ աշխարհում կիրառվող թեստերը, որովհետեւ դրանք որոշ դեպքում այնքան էլ զգայուն չեն կոնկրետ հիվանդության նկատմամբ, եւ, ամենակարեւորը, ապացուցված չէ, թե դրանք ինչքանով են կիրառելի հայերի համար: Գենետիկան տարբերվում է, եւ մենք կարող ենք սխալ արդյունքներ ստանալ:

 

Կենսաբժշկական գենետիկայի ուղղությունը Հայաստանում

 

2003թ.-ին, երբ բացահայտվեց ԴՆԹ-ի հաջորդականությունը, կենսաբժշկական գենետիկայի ուղղությունը սկսեց բավական արագ զարգանալ: Մարդիկ էլ ավելի շատ սկսեցին հետազոտություններ կատարել գենետիկայի հետ կապված եւ ուսումնասիրել այն հիվանդությունները, որոնք գենետիկական բնույթ ունեն: Ուղղությունը Հայաստանում էլ բավականին զարգանում է, բայց տեխնոլոգիական առումով մենք աշխարհից դեռ բավականին հետ ենք մնում: Որոշ հարցեր փորձում ենք լուծել, օրինակ, համագործակցությունների միջոցով՝ արտասահմանյան մեր գործընկերների լաբորատորիաներում ենք ինչ-որ հետազոտություններ իրականացնում: Դրանք հագեցած են սարքավորումներով եւ այնպիսի ֆինանսական հնարավորություններ ունեն, որ կարող են մեզ տրամադրել նաեւ նյութեր՝ շատ կարճ ժամանակում որոշակի նախնական արդյունքներ ստանալու համար:

Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարները հիմնականում կապված են ֆինանսական խնդիրների հետ, ինչպես, երեւի, բոլոր բնագավառներում: Ֆինանսավորման այն մակարդակը, որ կա, պետք է փոփոխվի ու վերանայվի:

 

Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի ոչ թե հավասարապես գումար հատկացնել բոլոր ինստիտուտներին, այլ նախապատվությունը տալ նրանց, ովքեր լավ արդյունքներ են գրանցում: Սրա մասին հաճախ է խոսվում, բայց հստակ քայլեր դեռ չեն արվում: Այդ դեպքում միջոցներն ինստիտուտների ներսում էլ կարելի է այլ կերպ բաշխել եւ հնարավորություններն ավելի լայն կլինեն: Իհարկե, դա հարցը չի լուծում, բայց այս ճանապարհով հնարավոր է որոշակի առաջընթաց ապահովել:

 

Մյուս տարբերակն արտասահմանյան դրամաշնորհներին դիմելն է, ինչը հաճախ անում ենք: Օրինակ՝ անցած տարի տարածաշրջանում առաջինն էինք, որ ամերիկյան կազմակերպության կողմից ստացանք սարքավորումների բավականին մեծ դրամաշնորհ ($ 200 հազ.): Դա հսկայական օգնություն էր, ու նաեւ մեծ պատիվ է, որ ինստիտուտն արժանացել է նման դրամաշնորհի:

Գիտության նվիրյալներն ու նրանց արդյունքները

 

Ասում են՝ գիտության մարդիկ նվիրյալներ են: Իսկապես այդպես է, որովհետեւ աշխատանքը չի սահմանափակվում ժամը 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածով: Մեր ուղեղն անընդհատ լարված վիճակում է, անգամ գիշերը նոր մտքեր են գալիս, փորձում ենք դրանք իրականացնել: Նվիրյալների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք բավական ակտիվ են, անկախ նրանից, թե այս պահին ինչ կա եւ ինչպիսին է արդյունքը: Եթե ինչ-որ պահի հիասթափվես, ապա ոչինչի չես կարող հասնել: Այդպիսի մարդիկ Հայաստանում այնքան էլ շատ չեն, բայց դեռ կան: Սխալ կլինի հայրենասիրություն կոչել, բայց այն գործոնն էլ կա, որ այս ոլորտի առաջատար գիտնականները բավական լայն հնարավորություններ ունեն արտասահմանում աշխատելու ու շատ հաճախ հրավերներ են ստանում, սակայն որոշում են, որ պետք է մնալ ու փորձել այստեղ զարգացնել ուղղությունը:

Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք մեր երկրում ազատ ենք, լավ ենք զգում, կարծում եմ՝ հենց այստեղ մնալու, նվիրվածության շնորհիվ է, որ ինչ-որ բաների ենք հասնում: Իհարկե, դրսի հայ գիտնականները փորձում են մեզ օգնել, բայց շատ դեպքերում իրենք լավ չեն պատկերացնում այստեղի իրավիճակը: Մեզ մոտ գիտնականը նաեւ մենեջեր է, գրանտի հայտ գրող, շատ ավելի բազմաֆունկցիոնալ է, քան դրսում: Միգուցե սա է պատճառը, որ արագ չի երեւում մեր աշխատանքի արդյունքը:

 

Նոր սերունդ աճեցնելու բանաձեւը

 

Բնագիտության նկատմամբ հետաքրքրությունը դպրոցահասակ երեխաների մոտ միշտ ավելի բարձր է, քան հումանիտար առարկաների: Կարծում եմ՝ այդ հետաքրքրությունը զարգացնելու եւ պահելու համար ինստիտուտներն էլ պետք է աշխատեն դպրոցներին զուգահեռ: Մենք, օրինակ, անցած տարի բաց դռների օրեր անցկացրեցինք դպրոցականների համար, որոնք բավական մեծ ոգեւորությամբ մասնակցեցին: Անգամ մարզերի դպրոցներից աշակերտների հոսք ունեցանք: Մեկ օրվա ընթացքում իրենց համար ե՛ւ դասախոսություններ կարդացվեցին, ե՛ւ այնպիսի փորձեր արեցինք, որոնց նրանք դեռ ծանոթ չէին: Փորձեցինք որոշակի ոգեւորություն արթնացնել եւ բավական լավ արձագանք ստացանք:

Ռոքսանա Զախարյանը Ռոքսանա Զախարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ աշխատում ենք դպրոցներից մեկի հետ, որտեղի ուսուցչուհին ցանկանում է նաեւ պրակտիկաների բերել երեխաներին: Մենք մոտավորապես այսպես ենք տեսնում սխեման՝ հրավիրել երեխաներին, կամ գնալ եւ մեկօրյա ուսուցողական միջոցառումներ կազմակերպել ու փորձել գրավել լավագույնների ուշադրությունը: Սա մեր հետաքրքրությունների շրջանակում է, քանի որ ապագայում այդ նույն սերնդի հետ մենք ենք աշխատելու, եւ ուզում ենք լավ կադրեր ունենալ:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին