Տատյանների ներդրումն Օսմանյան կայսրությունում. ռազմական գործից մինչ արտաքին քաղաքականություն - Mediamax.am

exclusive
6241 դիտում

Տատյանների ներդրումն Օսմանյան կայսրությունում. ռազմական գործից մինչ արտաքին քաղաքականություն

"Հայ գերդաստաններ” նախագծի շրջանակում Մեդիամաքս-ն այսօր անդրադառնում է Օսմանյան կայսրության ամենահայտնի հայկական տոհմերից մեկին:

Կոնստանդնուպոլիսը
Կոնստանդնուպոլիսը

Լուսանկարը` www.sccs.swarthmore.edu

Հարություն Տատյանը
Հարություն Տատյանը

Լուսանկարը` http://akunq.net

Գրիգոր Միհրան Տատյանը
Գրիգոր Միհրան Տատյանը

Լուսանկարը` “Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում” գրքից

Պողոս Տատյանը
Պողոս Տատյանը

Լուսանկարը` “Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում” գրքից


“Հայ գերդաստաններ” նախագծի շրջանակում Մեդիամաքս-ն այսօր անդրադառնում է Օսմանյան կայսրության ամենահայտնի հայկական տոհմերից մեկին, որի անդամները զբաղեցրել են ամենաբարձր պաշտոնները՝ հաճախ ազդեցություն ունենալով կայսրության պատմության ընթացքի վրա:

 

Օսմանյան կայսրության թե մշակութային եւ թե քաղաքական կյանքում, հայերի ներդրումն անգնահատելի մեծ է: Մենք արդեն անդրադարձել ենք Պալյան ամիրայական գերդաստանին, որոնք երկար տարիներ գործելով Օսմանյան արքունիքում՝ կարողացել են այդ շրջանի օսմանյան ճարտարապետությունը հասցնել բարձրագույն մակարդակի: Ամիրայական մեկ այլ գերդաստան են Տատյանները, ովքեր մեկ դարից ավել եղել են արքունի վառոդապետեր (18-19-րդ դարերում վառոդը պատերազմի կարեւորագույն միջոցներից էր), ինչպես նաեւ զբաղեցրել են բազմաթիվ դիվանագիտական եւ այլ պաշտոններ Օսմանյան կայսրությունում:

 

Տատյանները Ակնի Կամարապատ գյուղից էին: Տատյան Մահտեսի Առաքել Տատ Ամիրան՝ սեղանավոր Տատյան Նիկողոս Ամիրայի որդին, կայսրության առաջին պաշտոնական վառոդապետն է եղել: Սուլթան Սելիմի հանձնարարությամբ Առաքել Ամիրային հաջողվել էր վառոդը դյուրությամբ պատրաստելու նպատակով ճախարակ շինել, որը չէին կարողացել անել ֆրասնիացի մասնագետները: Այդուհետ Առաքել Ամիրայի անվան հետ են կապված նաեւ այնպիսի գյուտեր, ինչպիսիք են՝  անվավոր նավակը, գերաններ սղոցելու, նավի հատակը պղնձապատելու, նավերի ջրքաշ մեքենաները: Այս հայտնագործությունների շնորհիվ Առաքել Ամիրան գրավում է նաեւ պարսից շահի ուշադրությունը, սակայն թուրքական սուլթանը, հասկանալով երկրի ռազմական բնագավառում Առաքել Տատյանի նորամուծությունների կարեւորությունը, հրաժարվում է զիջել նրան շահին:

 

Առաքել Ամիրայի մահվանից հետո նրա որդիները շարունակում են հոր գործը: Տատյան Սիմոն Ամիրան՝ ժառանգելով արքունի վառոդապետի տիտղոսը, նաեւ Սուլթան Մահմուդի հրամանագրով մուսուլմանների պես շքեղ հագուստներ կրելու իրավունք է ստանում, ինչը եւս մեկ անգամ փաստում էր կայսրության պետական ապարատում Տատյանների դիրքերի ամրապնդման մասին:

 

 

Պողոս Տատյանը

Լուսանկարը՝ “Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում” գրքից

 

Գերդաստանի ամենանշանավոր գործիչիներից մեկը Հովհաննես Բեյ Տատյանն էր, ով եղբոր՝ Սիմոն Ամիրայի հետ սուլթանի արքունիքում հատուկ տեղ էր զբաղեցնում: Հովհաննես Բեյ Տատյանին է պատկանում հրացանի փողի երկաթները ծակելու եւ ապա մետաղի արտաքին շերտը ողորկելու մեքենայի գյուտը: Տիրապետելով հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն լեզուներին, ինչպես նաեւ գրաբարին՝ նա կատարում է բազմաթիվ գիտական նշանակություն ունեցող  թարգմանություններ, զբաղեցնում է Ազատլըի վառոդարանի վառոդապետի պաշտոնը:

 

 Հայազգի գործիչները՝ Օսմանյան կայսրության դիվանագետներ

 

Կայսրության քաղաքական կյանքում հատկապես նշանակալի էր Հովհաննես Բեյի երրորդ որդու՝ Տատյան Արթին (Հարություն) Փաշայի դերը, ով, լինելով կայսրության հեղինակավոր դիվանագետներից մեկը, հասնում է վեզիրի աստիճանի: 19-րդ դարում, երբ Օսմանյան սուլթանները ձեւականորեն փորձում էին պետությունը եվրոպական մոդելով վերակառուցել, կայսրությունն իր որոշումներում մեծամասամբ հենակետ էր ունենում ֆրանսիական օրինակը: Այսպես, Փարիզի վարչատնտեսական բաժանման օրինակով Կոստանդնուպոլիսն էլ (այժմ՝ Ստամբուլ) բաժանվեց թաղամասերի: Իր կարեւորությամբ առաջինը հանդիսացող Բեյօղլու-Ղալաթիա թաղամասի նախագահությունը 1872թ. ստանձնեց Տատյան Արթին փաշան: Հարկ է նշել, որ ժամանակի պարբերականները արձանագրել են նրա պետական նշանակության հանդիպումներն ու բանակցությունները, ինչպես նաեւ սուլթանի մոտ նրա անընդմեջ այցելությունները: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այդ շրջանում Օսմանյան կայսրության արտաքին դիվանագիտությունը պտտվել է Արթին Տատյանի շուրջը:

 

Տատյան գերդաստանի անդամների մեծ ներդրումը օսմանյան կայսրության ռազմական կյանքում աննկատ չմնաց նաեւ 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի ընթացքում (Ռուսաստանի պատերազմը Օսմանյան կայսրության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Սարդինիայի կոալիցիայի դեմ ավարտվեց դաշնակիցների հաղթանակով), երբ նրանց շնորհիվ թուրքական վառոդն իր որակով չէր զիջում եվրոպական երկրների վառոդին:

 

Հարություն Տատյանը

Լուսանկարը՝ http://akunq.net կայքից

 

Տատյանների գերդաստանի վերջին հիշատակվող անունը Վահրամ Տատյանն է (1857-1917թթ.), ով Փարիզում ուսումն առնելով՝ եղել է Բուդապեշտում Օսմանյան կայսրության գլխավոր հյուպատոսը, սակայն մեղադրվելով երիտթուրքերին իր շուրջը համախմբելու փորձի համար՝ պաշտոնանկ է արվել: 

 

Տատյանները Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի հովանավորներն են եղել

 

Տատյան գերդաստանի անդամներն Օսմանյան կայսրությունում զբաղեցնելով բարձրագույն պաշտոններ եւ սուլթանական արքունիքում ունենալով իրենց ազդեցությունը՝ մշտապես աչքի են ընկել բազմաթիվ բարեգործություններով եւ հայ ժողովրդի հովանավորությամբ: Հայտնի է, որ Տատյան Հովհաննես Բեյը, ով սուլթան Մեջիդի սիրելին էր, բազմիցս հրաժարվել է սուլթանի կողմից իրեն տրված վարձատրությունից՝ հօգուտ “Ազգային Ս. Փրկիչ” հիվանդանոցի: Իսկ նրա եղբոր՝ Տատյան Սիմոն Ամիրայի միջոցներով կառուցվել է Յեշիքեոյի Ս. Ստեփանոս եկեղեցին:

 

Տատյաններն իրենց դիվանագիտական կապերն օգտագործել են նաեւ ի նպաստ իրենց հայրենակիցների, մասնավորապես, Պողոս Բեյ Տատյանին հաջողվել է հաշտարարի դեր ստանձնել եւ կարգավորել Պոլսո պատրիարքարանի եւ Հռոմի պապի հարաբերությունները:

 

1908թ. երիտթուրքերի հեղաշրջմամբ սուլթանը փաստացի կորցնում է իշխանությունը, իսկ 1922թ. վերանում է սուլթանությունը՝ ստեղծելով նոր քաղաքական իրավիճակ, ինչպես նաեւ ձեւավորելով նոր քաղաքական էլիտա, իսկ Տատյան գերդաստանի անդամները մնում են Օսմանյան կայսրության պատմության մեջ որպես պետությանը ծառայած նշանավոր գործիչներ: Հատկանշական է, որ Տատյան գերդաստանի զբաղեցրած դիրքին անդրադարձ են արել նաեւ թուրքական աղբյուրները:

 

Անժելա Կժդրյան

Հոդվածում օգտագործվել են Հասմիկ Ստեփանյանի “Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում” գրքի նյութերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին