2773 դիտում

Աստղիկ Նադիրյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Աստղիկ Նադիրյանը
Աստղիկ Նադիրյանը

Արդեն մայրիկ եմ… Երկու ափերիս մեջ մի ամբողջ նոր կյանք է խաղաղ ննջում։ Ի՞նչ պետք է սովորեցնեմ իմ մարդուկին։ Ազա՞տ լինել։ Գուցե երջանի՞կ, հաջողա՞կ, նպատակասլա՞ց։ Այո, այս ամենն անշուշտ պիտի սովորեցնեմ նրան։ Բայց ամենից առաջ իմ փոքրիկին պիտի սովորեցնեմ մարդ լինել։ Այո՛, յուրաքանչյուրիս համար էլ կարևոր է երջանիկ ու հաջողակ լինել, բայց մի՞թե կարող է մարդը երջանիկ լինել առանց մարդու։ Ի՞նչ օգուտ հաջողակ լինելու մեջ, եթե այն չես կարող կիսել, և ի՞նչ է ազատությունը, եթե դու միայնակ ես դրանում։
Փոքրիկիս եմ նայում ու հասկանում, որ ամենաառաջին բանը, որ նա պետք է իմանա, այն է, որ բազմամիլիարդ բնակչություն ունեցող մոլորակի վրա ինքը յուրօրինակ է, և իր ամեն արարք կարող է փոխել աշխարհը, ինչպես թիթեռնիկի թևերի թափահարումից մոլորակի մյուս կիսագնդին կարող է ցունամի լինել։ Այո՛, փոքրիկս, դու ավելի մեծ ես, քան դու պատկերացնում ես։

Երբեմն լսում եմ, որ ասում են, թե կյանքն այնքան բարդ ու թանկ է դարձել, որ մարդիկ այլևս նյութական հնարավորություն չունեն բարի լինելու։ Երբե՛ք չհավատաս դրան։ Բարությունը երբևէ փողի կամ ունեցվածքի հետ կապված չի եղել։ Ժամանակին մանկատուն էինք այցելել հայրիկիդ հետ, մի երեխայի գրքեր նվիրեցինք ու ասացինք, որ ինքը ոչնչով չի տարբերվում բոլոր մյուս մարդկանցից, միայն թե հիմա նա նման է Բրյուս Ուեյնին, ով սուպերհերոս դառնալու համար պետք է անցներ այն ամենի միջով, ինչի միջով այժմ ինքն է անցնում։ Գիտե՞ս՝ այսօր նա բավականին հաջողակ է ու ամեն կերպ օգնում է մանկատան երեխաներին այս բարդ աշխարհում իրենց տեղը գտնելու գործում։ Մեկ խոսքով, ժպիտով, ջերմությամբ կարելի է օգնել շա՜տ ավելի մարդկանց, քան դու պատկերացնում ես, փոքրի՛կս։ Ծերունիներին բնավ հարկավոր չէ շքեղություն. միակ բանը, որ նրանք կյանքից խնդրում են, սիրով ու հոգատարությամբ շրջապատված լինելն է, իրենց երկար կյանքի պատմությունները լսողն է ու մեկ կտոր հացն իրենց հետ կիսողը։ Այո՛, անուշի՛կս, այսօրվա աշխարհն իսկապես բարդ է… Մարդիկ շատ են՝ մոլորակը մեկ։ Սակայն չարությունն ու ժլատությունը դեռ ոչ ոքի չեն փրկել ու առավել ևս չեն երջանկացրել։ Անգործությամբ ու չարությամբ են սնվում պատերազմները, իսկ խաղաղությունն ամեն մարդու բարի արարքից ու դիմացինին սիրելուց է սկսվում։ Այսօր նորաձև են դարձել մենությունը, մեկանգամյա հարաբերությունները, ոչ մի տեղի ու ոչ մի մարդու հետ կապված չլինելը… Այս ամենի հետ մարդիկ մոռանում են, թե ինչ է ուղղակի սիրել, հասկանալ ու սատարել, մոռանում են, որ իրենք են մոլորակը պտտող շարժիչ ուժը։

Հոգի՛ս, երբե՛ք չլսես նրանց, ովքեր քեզ կասեն, որ ծիծաղելի է կիսվելը, ընկածին բարձրացնելը, կյանքը վտանգելը կամ սեփական հարմարավետության գոտուց դուրս գալը հանուն այլ մարդու։ Եվ չկա այլ մարդ՝ մենք բոլորս մեկ ընտանիք ենք։ Մի՛ մտածիր, որ օգնությունը միայն նյութական է լինում կամ զոհեր է պահանջում. երբեմն առավելագույնը, որ կպահանջվի քեզնից, քո ժամանակն է, որը դու կնվիրես, քո սիրտն է, որ դու կբացես, քո ժպիտն է, որով կջերմացնես և ձեռքդ է, որ կմեկնես և շնորհակալությունն է, որ դու կասես ամենափոքրիկ լավ արարքի համար՝ այն դարձնելով արժեքավոր։

Եղի՛ր մարդ ափից դուրս, եղի՛ր քամի, փոփոխություն, երբ բոլորը կլճանան շուրջդ։ Մի՛ ջղայնացիր անարդարությունից, փոխարենն ինքդ արդար եղիր անարդարի հանդեպ։ Մի՛ հիասթափվիր խաբեությունից, փոխարենը անկեղծ եղիր և սովորիր պարզապես հրաժեշտ տալ՝ սիրտդ լուսավոր պահելով։

Այո՛, դեռ կան մարդիկ, որ ունակ են մարդ սպանել, մարտում ընկած երիտասարդ զինվորի մարմին պղծել, ատել միայն մաշկի գույնի կամ դավանանքի համար։ Բայց միևնույն ժամանակ կան մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով փրկում են երեխաների, մեծերի, իրենց ողջ կյանքը նվիրաբերում են աղքատ երկրներում մարդկանց կրթելուն, նրանց կերակրելուն ու փրկելուն։ Այդպիսի մարդկանց մասին պատմություններով պիտի քեզ մեծացնեմ։ Պիտի պատմեմ նաև Կենտրոնում ծաղիկ վաճառող տատիկի համար սնունդ բերած երիտասարդի մասին, պիտի պատմեմ մի քանի երեխա որդեգրած ընտանիքի մասին, պիտի պատմեմ այն մասին, որ մարդասիրությունն է այն սյունը, որ պահում է մեր աշխարհը։

Իմ մասնիկ, իմ սրտի կտոր, իմ կյանքի հատոր, իմ հրա՜շք բալիկ, այս աշխարհն արժանի է, որ սիրենք ու փայփայենք իրեն։ Այն արժանի է նրանով, որ քեզ նման բալիկներ ամեն օր լույս աշխարհ են գալիս ու հույսով լի աչուկներով խաղաղություն ու սեր փնտրում իրենց շուրջը։ Ես երջանիկ եմ, որ դու առողջ ես, որ դու ունես երկու փամփլիկ տոտիկ և երկու փամփլիկ թաթիկ։ Եվ ես պատասխանատու եմ նրա համար, որ դու մեծանաս ուժեղ և դառնաս պաշտպանն ու ապավենը նրանց, ովքեր թույլ են քեզնից։ Դու այնքա՜ն մաքուր ես, դու սիրում ես բոլորին՝ քո հարազատներից ու հարևանուհի Օֆելյայից մինչև բոլոր անծանոթները, ում դու ժպտում ես ու երբեք չես լալիս ինչ-որ բան տալուց։ Ես նայում եմ քեզ ու սովորում արև լինել։ Եվ ես ու աշխարհի բոլոր ծնողներն ենք պարտավոր այդ լույսը վառ պահել, ձեր միջի սերը քառապատկել ու սովորեցնել բարի լինելու արվեստը։

Ննջիր հանգի՛ստ, իմ փոքրի՛կ հերոս, քանի որ մենք դեռ շա՜տ բան ունենք սովորելու միասին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am