5161 դիտում

Գոհար Արամյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Գոհար Արամյանը
Գոհար Արամյանը

- Զգույշ կլինես` էրեխուս ձեռքերը չվառվեն, - դուռը փակելիս ասաց հայրս` տեսնելով վառարանի մոտ կանգնած իր մի տարեկան աղջկան, որի փոքրիկ, վախվորած ու այդ պահին ոչինչ չհասկացող աչքերը վերջին անգամ էին տեսնում իր Հերոսին:

Հենց այս օրը (1994 թվականի հունվարի 29–ին) Հայրս մորս ու տատիկիս հայտնեց, որ կամավոր մեկնում է Արցախ: Մորս` «Բա՞ էրեխեքը», հարցին, Հայրս պատասխանել էր. «Դու ուժեղ ես, միայնակ կկարողանաս»: Ուրիշ ոչ մի բառ, ոչ մի ձայն: Հրաժեշտի պահը շատ կարճ էր տևել` առանց գրկախառնությունների ու համբույրների: Դրա ժամանակը չէր: Դեռ երկար ճանապարհ կար անցնելու: Արցախում ավելի կարևոր հարց կար լուծելու:

Ապրիլի 21-ին Հայրս զոհվեց: Ջոկատը շրջափակման մեջ էր ընկել: Մինչև օգնության եկող ջոկատի տեղ հասնելը` տղերքը կռիվ էին տվել, չէին թողել, որ թշնամին առաջ ընթանա…

***

Էլի անցյալը փորփրեմ: Դժվար գործ է, բայց մարդասիրության մասին խոսելն էլ հեշտ չէ, հատկապես եթե այդ բառն ինձ համար ամբողջանում է Հորս կերպարում:

1988 թվական: Դեկտեմբեր: Երկրաշարժի ծանր օրեր: Ես այդ ժամանակ նույնիսկ չէի ծնվել (պատմածներիս հիմքում մորս ու Հայրիկիս ընկերների հիշողություններն են): Գյումրիի ու Սպիտակի ավերիչ երկրաշարժը շատ մարդկանց կյանքն ու երազանքները խլեց, փշրեց ու ոչնչացրեց: Հենց այդ շրջանում Հայրս ընկերների օգնությամբ ստեղծեց «Առաքյալ» փրկարարական ջոկատը: Նա դարձավ այդ խմբի անդամ և «Արագ արձագանքման» ջոկատի հրամանատար: Մեկնեց Գյումրի` առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու համար:  

***

Կրկին հետ գնամ. այս անգամ ավելի խորը անցյալ վերադառնամ: 1980 թվականին Հայրս պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էր: Հենց այդ ժամանակ ուսանողներով ու դասախոսներով հիմնեցին «Այրուձի» արշավախումբը: Ձիու թամբին նստած, տասնյակ կիլոմետրեր անցնելով` «Այրուձին» եղավ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, իրականացրեց ազգագրական արշավներ: Ազգային երգը, պարը, ձիախաղերը ներկայացնելով` արշավախմբի անդամները փորձում էին մարդկանց ուշադրությունը հրավիրել ազգային արժեքների ու մշակույթի վրա: Վերականգնել, պահպանել ու հաջորդ սերունդներին փոխանցել այն, ինչն ազգային է ու մնայուն: Հայրս ընկերների հետ միասին վերականգնեց նաև ստվերների թատրոնը: Այսօր էլ այն գոյություն ունի, այսօր էլ այն բեմադրում է ամենահայտնի ներկայացումներից մեկը` «Կիկոսի մահը»:

***

Հիմա վերադառնամ մարդասիրության գաղափարին: Ինչո՞ւ ես այսքան երկար պատմեցի Հայրիկիս մասին: 23 տարիների ընթացքում առանձնապես մարդասիրությամբ աչքի չեմ ընկել: Հիմա` գրելիս, մի քանի մանր-մունր դեպքեր եմ հիշում, որոնք իսկական` իմ պատկերացրած մարդասիրության հետ ո´չ զուգահեռներ ունեն, ո´չ էլ առավել ևս հատվում են: Սակայն ես շատ լավ հասկանում եմ` ինչ է մարդասիրությունը. այն իմ Հերոսի մարմնացումն է:  

Մարդասիրությունն ինձ համար կողքիդ մարդկանց` երեխաներիդ, կնոջդ, մորդ, հարազատներիդ, հարևաններիդ, մի ամբողջ ազգի սեփական ես-ից առավել սիրելն է: Մարդասեր էին բոլոր նրանք, ովքեր Արցախյան ազատագրական պայքարի տարիներին գնացին պատերազմի դաշտ` պաշտպանելու իրենց ու իրենց երեխաների հայրենիքը: Մարդասեր էին բոլոր այն տղաները, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին իրենց զինակից ընկերներին փրկելու, օգնելու, միայնակ չթողնելու համար իրենց կյանքը տվեցին: Մարդասեր են հիմա սահմանին կանգնած տղաները` պատրաստ դիմագրավելու թշնամու կրակին և անհրաժեշտության դեպքում իրենց կյանքը նվիրելու:

Մարդասիրությունը դժվարին իրավիճակներում ուրիշների մասին մտածելն ու նրանց օգնելն է: Մարդասիրությունն ինձ համար բախտի քմահաճույքներին դիմանալով ու երբեք հույսը չկորցնելով` ծանոթ-անծանոթ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելն է:

Մարդասեր են գյումրեցի իմ ընկերները, ովքեր երկրաշարժի պատճառով իրենց հարազատներին են կորցրել, նրանցից մի քանիսը մանկատանն է մեծացել, զրկանքներ կրել, բայց կյանքը նրանց չի չարացրել, մարդ սիրելու արվեստից չի հեռացրել: Ընդհակառակը, այսօր իրենք` արդեն կայացած մարդիկ, տարբեր հիմնադրամներ ու փոքր բիզնեսներ են հիմնել` իրենց բախտակիցների կյանքը հեշտացնելու, օգնելու, նրանց սիրելու, փայփայելու ու հոգ տանելու համար:

Մարդասիրությունն ազգայինը, հարազատը, մնայունը պահպանելն է. չէ՞ որ հաջորդ սերունդների մասին մտածելով, նրանց սիրելով ես ազգային արժեքները պահպանում:

Մայրս միշտ կրկնում է. «Եթե ուզում ես մեկին օգնել, հաճախ պետք է քեզ նեղություն պատճառես ու սիրելի բաներից զրկես»: Մարդասեր է նաև մայրս, ով մեծացրեց մեզ` իրեն շատ ու շատ բաներից զրկելով: Ամեն անգամ, երբ որ ինչ-որ մեկն իմ օգնության կարիքն ունի, «Չէ, չեմ կարող» պատասխանի փոխարեն, հիշում եմ մորս խոսքերն ու ինձ զրկում որոշ բաներից: Հետո ինձ լավ եմ զգում, որ կարողացել եմ օգնել թեկուզ շատ փոքր, չնչին հարցում: Ես էլ պետք է փորձեմ մարդասեր լինել: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am