1505 դիտում

Տաթեւիկ Ավետիսյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Տաթեւիկ Ավետիսյանը
Տաթեւիկ Ավետիսյանը

Ազգեր, ժողովուրդներ, կրոններ… Մեծաքանակ կաղապարների միայն մի փոքր մասը, որ ստեղծեցին մարդիկ առավել պաշտպանված լինելու եւ իրենց գոյությունը ապահովելու համար:

Մինչդեռ նույն այդ կաղապարները սկսեցին էլ ավելի վտանգել նրանց գոյությունը: Ու մարդուն մարդուց փրկելու համար սկսեցին ձեւավորվել նոր կաղապարներ, որոնք, ի տարբերություն նախորդների, կոչված էին ընդգծելու նրանց ընդհանրություններն ու միավորելու նրանց: Հենց այդ նոր կաղապարների շարքում սկսեցին շողալ մարդասիրությունը, հարգանքը մարդու հիմնարար իրավունքների նկատմամաբ ու դրանք իրենց ձեւավորման եւ գործունեության անկյունաքարը դարձրած կազմակերպությունները: Ու որքան էլ որ դժվար լիներ նրանց ճանապարհը, նրանք շարունակեցին իրենց բռնած դժվարին ուղին՝ իրենց շարքերում ունենալով մարդասիրության գաղափարներով տոգորված, ինքնամոռաց նվիրված ու անշահախնդիր անձնավորությունների:

Իսկ ի՞նչ է մարդասիրությունը: Բա՞ռ, արտահայտությու՞ն, անիմաստ հերյուրա՞նք, թե՞ գաղափար. գաղափար, որը առաջ է մղում շատերին, ովքեր անկարող են անտարբեր մնալ: Ամենապարզ ու հասարակ բացատրությամբ մարդասիրությունը մարդկանց սիրելու, իսկ ավելի շուտ՝ հարգելու կոչ է, խոստում եւ երաշխիք: Մարդկանց հավասար տեսնելու, դատելու եւ վերաբերվելու, օգնելու եւ սատարելու, հասկանալու, որ նշանակություն չունի նրաց ոչ մի տարբերակիչ հատկանիշ, նշանակություն ունի միայն այն, որ նա հենց այդ պահին զգում է քո օգնության կարիքը:

Մարդասիրությունը նաեւ մարդ լինելու արվեստ է: Ու որքան էլ տարօրինակ թվա, մարդասիրությունը չի սահմանափակվում մարդու նկատմամբ մեր վերաբերմունքով: Մարդասիրությունը պահվածք է, դաստիարակություն եւ հարգանք ամեն ինչի, ամեն կենդանի արարածի ու անշունչ գեղեցկության նկատմամբ: Հիրավի մարդասերը երբեք չի կարող իրեն թույլ տալ վնասել կենդանիներին, բնությանը ու բնության մի մասնիկը կազմող մարդուն: Ահա եւ տիեզերական մարդը, որի բարոյախոսության հիմքերը կարելի է գտնել բոլոր կրոնների հիմքում:

Իսկ ո՞վ կարող էր մարդասիրության առավել վառ օրինակ լինել, քան մերօրյա հերոսների նոր շքերթը, որոնց փոքրաթիվ, բայց մեծահոգի ու համընդգրկուն խմբին կարելի էր հանդիպել Երեւանում ապրիլյան «ավրորայական» օրերին:

Ու ի՞նչ կարելի էր սովորել նրանցից՝ տեսնելով նրանց պարզ, հասարակ պահվածքը, անկեղծ ժպիտներն ու ջերմությամբ ու սիրով լի հայացքները: Մարդիկ, որոնք իսկական նվիրյալներ էին, որոնք տվել էին ամեն ինչ, կորցրել իրենց ընտանիքի անդամներին ու վերագտել մի նոր մեծ ընտանիք՝ հանձինս նրանց շնորհիվ փրկվածների եւ մարդասեր աշխարհի: Մարդիկ, որոնք օգնում են բոլորին ու չեն տարբերում ո՛չ ազգություն, ո՛չ հավատ, ո՛չ ճիշտ ու ո՛չ սխալ, նրանք պարզապես տեսնում են մարդուն…

Մայր, որը կորցրել էր երեխաներին եւ շարունակում է փրկել եւ խնամել իրեն օտար մանուկների, կին, ով կյանքին սպառնացող վտանգի պայմաններում շարունակում է փրկել մերօրյա ստրկության զոհերին, հոգեւորական, ով Աստծո տանը ապաստան է տալիս Աստծո հետեւորդներին եւ ընդդիմադիրներին, բժիշկ, ով իր երդմանն հավատարիմ բժշկում է հարյուր հազարավոր մարդկանց:

Եվ ով կարող է դեռ ասել, թե կարեւոր է ազգությունը, կրոնը, սոցիալական կարգավիճակը… Ի վերջո բոլորս էլ ծնվում ենք որպես մարդ արարած ու հեռանում նույն կերպ՝ որպես պարզապես մարդ:

Իսկ մենք՝ բոլորս՝ այդ անհատ մարդիկս, փոխկապակցված ենք, ու անտարբերությունը երկրագնդի մեկ այլ ծայրում կատարվող անմարդկային վայրագությունների նկատմամբ վաղ թե ուշ ծնում է նման վայրագություններ նաեւ մեր տան առաջ: Իսկ նեղ ազգային շահերի ու խաղաղության կողքին, երբեմն կարելի է տեսնել համայն աշխարի բարեկեցությունն ու խաղաղությունը, հավատալ, որ հնարավոր է հասնել եղբայրության, որին ձգտել են շատ ու շատ մտածողներ, որի համար պայքարել ու զոհվել են շատ ու շատ երազողներ, որի համար ստեղծվել են ազգայինը մի կողմ դրած կառույցներ:

Մեր կրոնը կամ ազգությունը չէ, որ որոշում է մեր քայլերը եւ թե ով ենք մենք, այլ մենք ենք, որ որոշում ենք՝ ինչպես գործել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am