Սոնա Վանյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը - Mediamax.am

5375 դիտում

Սոնա Վանյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Սոնա Վանյանը
Սոնա Վանյանը

Բոլորն էլ ծնվում են «մարդ» անվան ներքո, բայց քչերն են ապրում՝ որպես մարդ: Կյանքը վերածվել է չհայտարարված դիմականդեսի, որտեղ միայն մարդու դերն է թափուր, մյուս դերերը զբաղված են:  Ֆինանսական օգնությունը օգնության բազմաթիվ տեսակներից միայն մեկն է, մինչդեռ օգնություն ասելով, բոլորի ուղեղում պտտվում է նույն սեւեռուն միտքը՝ փող չունեմ, ինչպե՞ս օգնեմ:

 

Մարդ եղե՛ք բարի խոսքով, մարդ եղե՛ք լավ արարքով,  օրինակելի վարքով:

 

Իմ  ֆեյսբուքյան ընկերներից մեկը մարդասիրության օրինակ է ցույց տալիս ամեն օր: Գրեթե չկա օր, որ ուրախության ու հույսի լուսամուտ չբացի այլոց կողմից  անտեսված, կարիքավոր ընտանիքների համար; Նրա անունը Սոնա է, նա իր խմբի հետ ամեն կիրակի այցելում է Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերում ապրող բազմաթիվ ընտանիքների, որոնք ունեն հոգատարության, ուշադրության, սիրված ու նկատված լինելու անհրաժեշտություն:   Սոնան եւ իր խմբակիցները վերադարձնում են պղտորված ու տրորված մանկության քաղցրությունը՝ մեկին խաղալիք, մյուսին՝ գնդակ, երրորդին գիրք նվիրելով,  երեխաներ կան, որ ծակ կոշիկով են դպրոց գնում, երեխաներ կան այդ ծակ կոշիկն էլ չունեն, շատերը քաղցած են քնում, արցունքով արթնանում;  Այդ բալիկները,  շնորհիվ այս հրեշտակների կրկին ժպտում են, հավատում հրաշքներին եւ գոնե որոշ ժամանակ սննդի ու հագնելիքի կարիք չեն ունենում:

 

Մեկ այլ խոցելի խումբ են կազմում ինչ-ինչ պատճառներով միայնակ մնացած, անպատմելի ծանր պայմաններում ապրող երիտասարդ կանայք, որոնք կյանքի ծաղկունքում արդեն հոգսաշատ են, հույսասպառ: Այս կանանց կողքին կրկին կանգնած են նրանք՝ Աստծո կողմից ուղարկված առաքյալները Սոնայի ուղեկցությամբ եւ ուղորդությամբ, մեկին սնունդ են հասցնում, մյուսին՝ դեղորայք, հաջորդին՝ սառնարան, չորրորդին օգնում են վճարել բնակարանի կամ կոմունալ ծառայությունների վճարը: Նրանք աչքաթող չեն անում նաեւ ուսանողներին, աշխատանքի կարիք ունեցողներին՝ կրկին օգնում են, աջակցում, վերադարձնում հույսի շողեր, հավատ ներշնչում, որ մարդկությունը դեռ չի՛ մարել, մարդ մնալու կոչումը դեռեւս կենսունակ է:

 

Վերջերս էլ իրենց նախաձեռնություններից մեկի շրջանակներում Երեւանի եւ որոշ մարզերի խանութներում նախնական պայմանավորվածության գալով խանութի տնօրինության հետ՝ անվճար, թարմ հացեր էին պահում կարիքավոր եւ թոշակառու մարդկանց համար, որոնց համար մյուս հաճախորդները նախապես վճարում էին:

 

Տարիքով, վատառողջ տատիկ-պապիկներին անգամ կյանքի մայրամուտին պարգեւելում են ապրելու կենսատու արեւներ, դառնում են որդի ու աղջիկ, սրտացավ ընկեր ու բարեկամ,  հոգատար թոռ ու պարզապես դուռը թակող, բարիք բերող սպասված հյուր;

 

Սոնան մարդասիրության սերմնացան է, նա իր օրինակով է բացահայտում եւ բացատրում մարդ լինելու կոչումն ու արվեստը:

 

Բարություն կարելի է անել ամեն օր եւ ամենուր, դրա համար պետք չէ լինել անբավ հարսության տեր, պետք չէ նախնիներից ժառանգած լինել անծայր գանձեր, պետք է ընդամենը ցանկանալ ու լինել մարդ:

 

Մարդասիրությունը բոլոր հմտությունների ու կարողությունների մայրն է,  քեզ այս կյանքում քեզնից հետո պահող անունն է: Տիրապետել «Մարդ լինելու արվեստին»  նշանակում է կյանքից հեռանալ կյանքի գաղտնիքները բացահայտած ու ոչ դատարկաձեռն: Մի փոքր ավելի շրջահայաց եղե՛ք, ավելի զգոն եւ զգույշ, բոլորին, անշուշտ, օգնել ու աջակցել հնարավոր չէ, բայց հաստատ չնեղացնել, չարհամարել, վրաները չծիծաղել կարող  է մեզնից յուրաքանչյուրը: Կարող ենք ամեն ինչ սկսել ամենափոքր կտորներից, փշրանքներից: Կարելի է երթուղայինում զիջել տեղը տարեց կամ հղի կնոջը,  կարելի է ավելի հաճախակի հետաքրքրվել մերձավորների որպիսիությամբ, կարելի է սուպերմարկետի դրամարկղի մոտ հերթը զիջել առավել շտապող հաճախորդին եւ ինքներդ սպասարկվեք մի փոքր ավելի ուշ, դասավորեք ձեր պահարանները եւ այն իրերը, որոնք արդեն տեւական ժամանակ է չեք օգտագործում եւ դեռ նոր են, օգտագործման համար պիտանի, նվիրեք նրանց ովքեր ունեն դրա կարիքը, եթե ինչ-որ իր եք գտել փողոցում, փորձեք գտնել նաեւ տիրոջը, որքան հաճելի կլիներ, եթե այդպիսի մեկը ձեզ վերադարձներ ձեր կորցրած հեռախոսը կամ բանալին, օրինակները  շատ են, բայց թերեւս բավարվենք այսքանի թվարկումով, մյուսները ինքներդ էլ կարող եք մտածել ու գործել, պետք է միայն ցանկություն:

 

Ինչ-որ մեկի հանդեպ կատարած որեւէ բարի գործը բումերանգի պես Ձեզ է վերադառնալու, փորձեք եւ կհամոզվեք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին