Գուրգեն Ենգոյան. Ծնունդդ շնորհավո’ր, մամ - Mediamax.am

2013 դիտում

Գուրգեն Ենգոյան. Ծնունդդ շնորհավո’ր, մամ


Գուրգեն Ենգոյանը
Գուրգեն Ենգոյանը

- Ինչքա՞ն է անցել անիծյալ երկրաշարժի օրվանից,- ինքն իրեն հարց տվեց Արուսյակ տատն ու խճճվեց հաշվարկի մեջ: Երևի հարյուր կամ հազար տարի: Չէ’ մարդիկ այդքան երկար չեն ապրում, և փառք Աստծո:

 

Վաղուց է, ինչ անցել էր, այսպես կոչված վաստակած հանգստի:

 

«Վաստակած», - քմծիծաղ տվեց: Վաստակած հանգիստն այս աստիճան նվաստացուցիչ չի լինում: Եվ ընդհանրապես, տեսնես ի՞նչ է նկատի ունեցել այդ արտահայտությունը հորինողը, եթե օրվա այն անսահմանափակ ժամանակն է, որ ոչնչով լցնել չի հաջողվում, ապա դա զուտ հարաբերական հասկացություն է: Իսկ իրականում վաստակած հանգստի միակ հատուցումը այն գրոշներն են, որ, թոշակ կոչվածի տեսքով, ամեն ամիս` մի քանի օր ուշացնելով, տալիս է պետությունը: Հրաշք էր միայն, թե ինչպե՞ս էր գոյատևում` հնարավորինս մուծելով կոմունալ վարձերն ու հարևան խանութից վերցված խղճուկ սննդի դիմաց գոյացած պարտքերը: Արդյունքում թոշակը սպառվում էր, կարելի է ասել, դեռ չստացած, ու իրեն մնում էր միայն մինչև հաջորդ թոշակն ընկած երկար ու ձիգ սպասումը: Եթե Աստծո նկատմամբ երկյուղածությունը չլիներ, վաղուց արդեն վերջ տված կլիներ այս վիճակին:

 

Ամեն Աստծո առավոտ Արուսյակ տատի օրը սկսվում էր «Հայր մեր»-ով ու ավարտվում մեղավորների համար աղոթելով` «Տե’ր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» …

 

…Անհիշելի ժամանակներից մենակ էր: Երբեմն փորձում էր քրքրել հուշերի մամռակալած գերեզմանոցը, բայց դրանից ոչինչ չէր ստացվում: «Որտեղ հաց` այնտեղ կաց»-ը նշանաբան դարձրած որդին` մորը մոռացած, դեգերում էր օտար ափերում, նույնիսկ չգիտեր էլ, թե հիմա որտեղ է հանգրվանել և Աստված չարասցե…

 

…Երբեմն այն զգացողությունն էր ունենում, որ արդեն վաղուց դադարել է ապրել այս երկրագնդի վրա` անհիշողություն ու անժամանակ…

 

…Երբեք իր որկորի մասին մտածող մարդ չէր եղել, բայց սկսել էր սարսափել այն մտքից, որ մի օր կարող է իր սովահար գոյությունը հասնել անփառունակ վախճանի և այդ դեպքում, Տե’ր իմ, ի՞նչ կմտածեն որդու մասին ծանոթ-անծանոթները…

 

…Հերթական, թվում էր մյուս օրերից ոչնչով չտարբերվող ձմռան առավոտ էր: Դժվարությամբ վեր կացավ անկողնուց: Տնակում անասելի ցուրտ էր: Մի քանի օր առաջ պարտքի դիմաց լույսը նորից անջատել էին, գազով տաքացվող վառարանի մասին չէր էլ հիշում: Փոշմանեց, որ ելել էր բացառապես իր շնչով տաքացվող անկողնուց, որն իր միակ հարազատն էր դարձել վերջին տարիներին` հատկապես ձմռան երկար ու ձիգ ամիսներին: Մոռացել էր նույնիսկ, թե երբ էր վերջին անգամ նորմալ սնվել: Մտադրվեց դուրս գալ տնից` սնունդ հայթայթելու մտադրությամբ, սակայն մոտենալով դռանը զարմանքից քարացավ: Միջանցքում գտնվող աթոռի վրա ինչ-որ կաթսա էր դրված, որի կափարիչի տակից դեռ գոլորշի էր դուրս գալիս: Վախվորած մոտեցավ, բարձրացրեց կափարիչը. մսով ճաշի բույրը վաղուց անհասանելի էր դարձել և այնքան ցանկալի, սակայն գլխավոր անակնկալը կաթսայի կողքին գտած երկտողն էր` «Դու այլևս երբեք չես քաղցի ու մրսի, մա’մ»:

 

Երբ իրականության զգացումը նորից վերագտավ ու ճաշի կաթսան ձեռքին վերադարձավ հետ, նկատեց, որ մահճակալի գլխավերևում գտնվող լուսամփոփի լույսը վառվում է: Կարծես բնազդաբար մոտեցավ գազի վառարանին, այրվող լուցկին մոտեցրեց պատրույգին և ով հրաշք` կապույտ կրակը տարածվեց սառը մետաղի վրայով: Հրաժարվում էր հավատալ աչքերին, ձեռքերը հուզմունքից սկսեցին դողալ, մի պահ նույնիսկ կորցրեց հավասարակշռույթյունը, դժվարությամբ հասավ մոտակա աթոռին, նստեց, ու անթարթ նայեց վառարանին, որի կենսարար ջերմությունը սկսել էր տարածվել տնակում: Միթե՞ որդին վերադարձել էր օտարությունից և որտե՞ղ է նա հիմա: Բայց շատ չանցած հասկացավ, որ մտածելն անգամ այդ մասին միամտություն է: Հիշեց տարիներ առաջ կայացած հրաժեշտի պահը. «Քեզ լավ նայիր, մա’մ, մի երկու տարի է, երկրի վիճակը կլավանա, հետ կգանք: Դու ոչնչի կարիք չես ունենա, խոստանում եմ»:

 

«Մի երկու տարի է, խոստանում եմ», - որդու խոսքերը արձագանքում էին Արուսյակ տատի ականջներում…

 

… Օրերը գլորվեցին, դարձան ամիսներ: Որքան էլ, որ ջանում էր պարզել, թե ո՞վ է իր բարերարը չէր հաջողվում: Վերջինս ամեն օր, վաղ առավոտյան, Արուսյակ տատի «օրապահիկը» թողնում էր մուտքի դռան մոտ, պարտաճանաչ մուծում կոմունալ վարձերի գումարը: Մի քանի անգամ նույնիսկ փորձեց արթուն մնալ, հետևել, գտնել իրեն տանջող հարցի պատասխանը, բայց անարդյունք:

 

Եկավ ամառը: Արդեն իմաստ գտնում իր ապրած կյանքի մեջ, վերսկսել էր զբաղվել ձեռագործությամբ: Այլևս չէր մտածում մահվան մասին, հիմա այն անցանկալի էր դարձել: Մի օր էլ դռան դիմաց գեղեցիկ ձևավորված մի ստվարաթղթե արկղ տեսավ: Անհամբերությամբ բացեց. իր տարիքը հիշատակող մոմերով տորթ էր, կողքին էլ մի բացիկ` «Ծնունդդ շնորհավոր, մա’մ», - բառերով սկսվող…     

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին