1870 դիտում

Հովիկ Մխիթարյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը


Հովիկ Մխիթարյանը
Հովիկ Մխիթարյանը

- Գրիչներ` երեք հատը 200 դրամ. գնե՜ք,  ԽՆԴՐՈՒՄ ԵՄ…ծերունու ձայնը համարյա չէր լսվում մետրոյի գնացքի աղմուկի մեջ:

Անտարբեր մարդկային ճակատագրերին, հանդարտ առաջ էր սլանում գնացքը, տուն  տանելով հարյուրավոր, հազարավոր հոգնած ու մտացրիվ, անհաղորդ մարդկանց բանակը, որոնցից յուրաքանչյուրն իր աշխարհում էր, իր մտքերի հետ…

Ծերունին հազիվհազ քայլում էր առաջ, մի ձեռքում պահելով գրիչների տուփը, իսկ մյուսով՝ բռնվում բռնակներից, մի կերպ պահելով հավասարակշռությունը, որպեսզի վայր չընկնի: Յուրաքանչյուր կանգառում նա փոխում էր վագոնը, փոխելով նաև մարդկանց՝ իսկ միգուցե և այս անգամ ժպտա բախտը…  Ստորգետնյա կիսախավարում այնքան էլ լավ չէր երևում ծերունու դեմքը: Իսկ ահա ձայնը մտորումների տեղիք էր տալիս; Դա հոգնած, կյանքից այլևս մեծ սպասելիքներ չունեցող ձայն էր, որ մարելու էր աստիճանաբար, մինչև կգար վերջնական ազատագրումը թե° իր և թե° կողքինների համար, ովքեր անորոշ - անտարբեր մի կետի էին հառել հայացքները…

Երիտասարդը գնեց երեք գրիչ, ապա դրանք դրեց կողքին, հենց այնպես: Նրան գրիչներ պետք չէին: Իսկ մյուս  կանգառում նա իջավ՝ այդպես էլ չվերցնելով գրիչները: Դրանից հետո վագոն մտան մի  քանի դպրոցականներ, ովքեր ամենայն լրջությամբ վերցրին գրիչները՝ համարելով  այն երկնային պարգև:

Հասկանալի էր, որ երիտասարդին  գրիչ պետք չէր, իսկ ահա ծերունուն այդ 200 դրամն իսկապես անհրաժեշտ էր: Այդպիսի մի քանի արարք ևս, և թեթևություն կհայտնվեր ծերունու անուրախ կյանքում:

Մարդասիրության մի քանի հասարակ արարքներ, կարեկցանքի ու ողորմության պարզ դրսևորումներ, որ միգուցե և աննկատ մնան շատերի հայացքից, բայց որոնք իսկապես կգեղեցկացնեն մեր կյանքը: Արարքներ, որ օգնում են մարդկանց, օգնելու են ապրելու այն մարդկանց, ովքեր թույլ են ու անպաշտպան այս կյանքի համար: Ովքեր ծեր են և հիվանդ, հաշմանդամ. մարդիկ, որ պարզապես չեն կարողանում ապրել, և մի օր լքելու են բոլորիս, թողնելով մեզ անպաշտպան մեր խղճի հետ:

Միգուցե փոքրիկ ու չնչին թվան այն գումարները, որ նվիրում ենք մենք նրանց, սակայն այդ փոքր արարքներն ու փոքր գումարներն են, որ գումարվելով դառնում են սիրո ու կարեկցանքի դրսևորումներ և պայծառություն հաղորդում մեր կյանքին…

Գնացքն իր հանդարտ ու համաչափ ռիթմով օրորում է բոլորին: Ինձ` առավել ևս: Ես խորասուզվել եմ  մտքերիս մեջ… ծանր մտքերի, որովհետև իսկապես լուրջ առիթներ կային մտահոգվելու …

Ինձ թվում էր, թե ես միայնակ եմ, և ոչ մեկը չի կարող հասկանալ ինձ, որ միայնակ եմ ողջ աշխարհում: Սակայն անուրախ մտքերիս մեջ անգամ զգում եմ, որ դիմացի նստարանին նստած տղամարդը գողունի հայացքներ է նետում իմ կողմը: Հետո նա պատրաստվեց իջնելու: Կանգնեց, մոտեցավ վագոնի դռանը, ուշադիր նայելով ինձ: Հետո ժպտաց. ժպտաց բարեկամաբար: Այնքան ըմբռնողություն և կարեկցանք կար այդ ժպիտի մեջ: Ակամա պատասխանեցի:  Եվ մինչ ուշքի կգայի, նա բարեկամաբար թփթփացրեց ուսիս… հետո մի անգամ էլ: Գնացքն արդեն կանգնած էր. նա մի անգամ էլ նայեց ինձ, ժպտաց և իջավ: Այդպես էլ ոչ մի բառ նա չարտասանեց: Սակայն նրա արարքը ավելի քան պերճախոս էր. ես անսպասելի թեթևություն զգացի:

Բարության այդ պարզ, մարդկային դրսևորումը ցնցեց ինձ մինչև հոգուս խորքը: Աշխարհն այլևս մռայլ ու հուսահատ չէր թվում, իսկ արևը կարծես մի նոր ջերմությամբ լուսավորեց աշխարհը: Ձեռքի ընդամենը մի բարեկամական շարժում և նույնիսկ գնացքի միալար, համաչափ երաժշտությունը կարծես միավորեց մարդկանցս, համակեց բոլորիս միանման մտքերով` բարու, մարդասիրության ու խաղաղության, մարդկային համերաշխության մասին մտքերով: Ցանկություն առաջացավ մի լավ բան անել, դառնալով մի օղակը մարդասիրական արարքների այն շղթայի, որ ինքներս ենք կռելու, ազատագրվելու համար եսասիրության ճիրաններից:

Իսկ, միգուցե, գնացքի միալար և համաչափ ռիթմի մեջ ինձ անհայտ այդ անձնավորությունը մի ա՞յլ երաժշտություն էր գտել` մարդասիրության, հրաշալի ու անկեղծ  մի բարեկամությա՞ն երաժշտություն… միայնության տառապալի որոնումների մեջ թափառող հայացքների մտերմությա±ն երաժշտությունը:

Մարդասիրությունը արվեստ, որը սովորելու, նրա մեջ հմտանալու կարիքը բոլորս ունենք: Արվեստ, որի դրսևորումներն այնքան քիչ են մեր կյանքում:

Մարդասիրության ծիլեր չտված այդ արարքները, գումարվելով ուժի ու բռնության, եսասիրության դրսևորումներին, մի օր ծնում են չարության ու պատերազմի հրեշին…

Հրեշ, որ մահվան հունձք է անում աշխարհում, ոտնակոխ անում, բզկտում արդարությունն ու խիղճը:  Մինչ այս աշխարհի ուժեղների կողմից դիվանագիտությունն ու նենգությունը դարձել են ապրելու բնականոն չափանիշ, դիմացինին խաբելու և չարաշահելու արվեստը` պարծանքի առարկա, հազարավոր այլ օրինակներ գալիս են հաստատելու, որ այս աշխարհը  մարդասիրության վրա է կառուցված: Մինչ պատերազմի, արցունքի ու լացի հրեշը հոշոտում է մեր աշխարհը, միլիարդավոր գումարներ փոշիացնում զենքերի արտադրության ու մահվան գործիքների կատարելագործման վրա, նրա մյուս բևեռում մարդասիրությունն ու կարեկցանքը փորձում են վերականգնել արդարությունն ու կյանքի խաթարված արժեքները:

Աշխարհն  այսօր իսկապես կարիք ունի ուժեղ, մարդասիրությամբ ուժեղ մարդկանց կարիքը, այնպիսի մարդկանց, որոնց համար լավագույն արվեստը մարդ լինելու արվեստն է: Մարդիկ, ովքեր չեն ամաչում բարի արարքներից՝ հաճախ չհասկացված լինելու, իսկ հաճախ էլ՝ սեփական կյանքի գնով:

Ահա թե ինչու ականջներումս դեռ երկա¯ր - երկա¯ր հնչում է ծերունու համարյա լացակումած ձայնը.

- Գրիչներ` երեք հատը 200 դրամ. գնեք՝  ԽՆԴՐՈՒՄ ԵՄ: Նրա ձայնը համարյա չէր լսվում գնացքի աղմուկի և մարդկային սրտերի քարացածության պատճառով:

Եվ հիշում եմ մի բարեկամական ձեռք, որ մեղմ թփթփացրեց ուսիս, թեթևացրեց և մտքերի միանգամայն այլ ընթացքի մեջ դրեց ինձ՝ մարդասիրության, մարդ լինելու արվեստի մասին մտքերի: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am