Նանե Պետրոսյան. Բաց նամակ Մարդկությանը - Mediamax.am

3467 դիտում

Նանե Պետրոսյան. Բաց նամակ Մարդկությանը


Նանե Պետրոսյանը
Նանե Պետրոսյանը

Վիճակը ծանր է, տարածությունն անվերջ ։  Ժամերը վազում են ՝ մարդը տեղում դոփում ։ Ոչ մի պարտություն բարոյական չէ ։ Դու ընկրկում ես քո առջև մարդ և շատանում է քո  «պիտակով մարդ»  տեսակը։  Դու կասկածում ես քո մեջ եղած մարդուն ու հավանաբար հարցնում . «Իսկ ինչու՞ մարդ լինել» ։ Ու խոսքերի լցված բաժակը թափվում է մեծամասնության բերանից . «Որովհետև դու մարդ ես ծնվել և ընտրության հնարավորություն չունես։ Դու պետք է մարդ լինես։»  Իսկ եթե ինձ ես հարցնում , ապա չգիտեմ. գուցե երկուսն էլ անիմաստ են, դու ինքդ որոշի բարձրանալ ծառը, թե իջնել դրա բարձրունքից ։ Մարդու սիրտն անդադար բաբախում է միայն մի նպատակով.  հիշեցնելու իր գոյության մասին, բայց մարդն աշխարհի ընդհանուր աղմուկի մեջ չի լսում իր անհանգիստ սրտի զարկերը։ Շահ և փող ահա բոլոր ժամանակների աստվածն ու հավատը, ահա աշխարհի աղմուկը։

 

Եթե մի օր Վերածննդին պետք էր և նա հորինեց հումանիզմ, ապա այսօր հումանիզմին է անհրաժեշտ վերածնունդ. իրական ու շոշափելի։ Չէ ′, դեռ վաղ չէ։ Ամեն անգամ այսօրվա պատասխանատվությունը վաղվա վրա գցելով ու մարգարեաբար գոչելով . «Ո′չ, մարդը դեռ աշխարհ կգա…» միայն մի բանի կհասնենք.  դարձյալ կհնձենք մեր ցանած արտը, ուր շատերը նախընտրում են լինել հերթական որոմ, քան քիչ ու բացառիկ հասկ։

 

Եթե չարության դեմ մարդիկ պայքարում են, ապա բարության դեմ ուղղակի անզոր են, զինաթափ։ Բայց բարության մասին առասպելը վաղուց սպառվել է, այնքան վաղուց, որ Դիոգենեսը անզորությունից օրը ցերեկով, ջահը ձեռքին դուրս եկավ մարդկանց մեջ Մարդ փնտրելու։ Ասածս ի՞նչ  է, ազատվենք անցյալի թափոնից և մարդուն փնտրելու փոխարեն ինքներս դառնանք այդ Մարդը։ Հակառակ դեպքում գալիք սերունդները  պիտի զարմացած կանգնեն ու մեր Արտավազդ արքայի ոճով հարցնեն. «Դուք գնացիք և ձեզ հետ տարաք ողջ մարդկայինը, այս խարխուլ հոգիներին ո՞նց բժշկեմ»։ Աշխարհի անկատարելությունն այնքան կատարյալ է, որ դրանից սիրտդ խառնում է։ Սմքած մեծությունը կհասկանա սա, երբ հայելիների մեջ կուրվագծվեն միևնույն խարխուլ հոգիները։ Միայն անհրաժեշտությունը կծնի որակական փոփոխություն։

 

Մարդն է բանալին ու ամեն ինչ մարդու ձեռքերում է։ Երանի թե գլխում կամ սրտում լիներ.  ձեռքերը շուտ են կեղտոտվում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին