4057 դիտում

Արկադի Գրիգորյան. Իմ կինն իմ ընկերն է



2008-ի փետրվարն էր, նախագահական ընտրությունների քարոզարշավի թեժ պահին Արմանն ու Լալան որոշեցին ամուսնանալ: Փեսան իմ ընկերն էր, հարսը` Նրա: Մարզային վազվզոցի արանքում մի քանի ժամանոց ճեղք գտա…: Ինչպես նման արարողությունների ժամանակ է լինում փեսայի ու հարսի ընկերներին մեկ սեղանի շուրջ էին տեղավորել: Այդ պահին արդեն կյանքում շատ բան տեսած պրագմատիկիս սրտում, թե ուղեղում, կամ երկուսում միաժամանակ ռոմանտիզմի վերջին հարյուրերորդական տոկոսը սկսեց անխնա գրոհը: Անկախ իմ կամքից պարի հրավիրեցի, ևս մի քանի րոպե ու կյանքում առաջին անգամ ուղեղս ու սիրտս ծակեց ամուսնություն բառը: Տուն էի ուզում ճանապարհել, ասաց` վերարկուդ հագիր, քրտնած ես, չմրսես: Այդպես միայն ընկերը կասեր:

Զգացմունքներիս թեժացմանը զուգահեռ  թեժանում էր նախընտրական  քարոզարշավը: Ընդդիմությունն, ինչպես միշտ, Օպերայի հրապարակում էր: 2008-ի փետրվարի վերջն էր: ՆԱ էլ լրագրող էր, միմյանց հանդիպելու միակ հնարավոր վայրը քաղաքական պայքարի ամենաթեժ կետում էր: Ընկերոջ հոգատարությամբ ինձ հեռու տարավ թոհուբոհից, մեր ապագա կյանքի առաջին միկրոքայլերն արեցինք Կարապի լճին հարակից սրճարանում:

Ամիսներ անց ներքաղաքական պայքարն ավարտվեց: Իմ ներսում` նույնպես:  Պրագմատիկն ու սեր կոչվածին վաղուց արդեն չհավատացողը պարտվեց` 2008-ի փետրվարի սկզբին, Արմանի ու Լալայի հարսանիքին ուղեղս ծակած Ամուսնության մտքին:

Իմ կինն իմ ընկերն է: Արտահայտությունն առաջին անգամ քավորիցս էի լսել: Ամուսնացանք ու միանգամից հասկացա, իզուր չէ, որ հայ ընտանիքում քավորի խոսքը կարևոր դեր ունի: Հասկացա, որ այդ խոսքերը ուղղակի բաժակաճառ չէին ու բարձր տրամադրությամբ պայմանավորված սիրալիրություն:

Գրեթե 7 տարի է անցել հունվարյան, բայց անսովոր արևոտ օրվանից: Այդ ընթացքում էլի ընտրություններ եղան, քաղաքական թեժ պայքար: Իմ ընտրությունն անփոփոխ մնաց, նույնքան ամուր ու վճռական, որքան 2008-ի փետրվարի սկզբին էր:

Իմ կինն իմ ընկերն է: Սա ինձ համար այնքան ապացուցված է, որքան Երկրագնդի` գնդաձևությունը, արևի ու լուսնի առկայությունը, սարերի բարձր լինելը ձորերից, սևի ու սպիտակի հակադրությունը, ամռան տապն ու ձմռան սառնամանիքը, Հայաստանի ու Արցախի անկախությունը, հորս խոր իմաստնությունը, մորս սրտի ու ձեռքերի քնքշությունը….

Իմ կինն իմ ընկերն է: Զգում եմ առավոտյան նրա արդուկած վերնաշապիկը հագնելիս, այն պահին, երբ նա միշտ գիտի իմ վատ տրամադրության պատճառը, երբ ինձնից ավելի շուտ լսում է մեքենայից լսվող անսովոր ձայնն ու հուշում հնարավոր անսարքության մասին, երբ հագուստի խանութի կողքով անցնելիս առաջինն ինձ համար է նոր ջինս որոնում….

2016-ի նոյեմբերն է: Ես ու Նա արդեն 6 տարեկան որդի ունենք, չեմ կասկածում առնվազն մի գեղեցկուհի աղջիկ էլ կունենանք: Համենայնդեպս 2017-ի համար նախընտրական խոստում է տվել, ի դեպ 2017-ը ընտրական տարի է:

Լավագույն ընկերոջս մասին հաստատ էլի մի այսպիսի շարադրություն կգրեմ…ասենք 80 տարեկանում, եթե Աստված կամենա: Տաթևիկ, ես քեզ սիրում եմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am