7110 դիտում

Պարույր Սանթրոսյան. Իմ կինն իմ ընկերն է



Եղնիկի աչքերով այս աղջիկը, ում հայրը, չգիտես ինչու, Ալվինա է անվանակոչել, ում աշխատավայրում փաղաքշաբար Ալլոչկա են ասում և ում շատ հարազատաբար մի օր կպցրի Ալյոշա անունը, իմ 12 տարվա կողակիցն է, իմ և իր երկու երեխաների մայրը ու նաև իմ առաջնեկի՝ ավագ դստերս ընկերուհին։ Եթե վերջին արտահայտությունից բան չհասկացաք, անցեք վրայով կամ հարցրեք ինձ ճանաչողներին։

Տասներկու տարի միասին ենք ապրում՝ մի քանի քառակուսի մակերեսով փոքրիկ տան մեջ։ Իմ պարագայում դա բարդ բան է, որովհետև հեշտ մեկը չեմ։ Եթե միայն իմանաք, թե քանի-քանի ընկեր եմ ջնջել իմ մեղսավոր կյանքից, քանի քանիսն են ինքնակամ հեռացել. մարդիկ, ում կյանքիս տարբեր էտապներում ընկեր, լավագույն ընկեր եմ համարել։ Էնպես չի, հավանաբար, որ եղնիկի աչքերով այս աղջիկը մի օր ինքն էլ չի ցանկացել հավաքել իրերն ու հեռանալ։ Բայց չի գնացել։ Չէ՛, չէ՛, պատճառը ոչ միայն մեր երեխաներն են, որոնցից հեռու ոչ ես, ոչ ինքը մեկ օր անգամ չենք կարողանում մարդավարի ապրել։ Պատճառը ոչ էլ ամոթն ու հասարակության կարծիքն է, հատկապես որ սրանք մեր ժամանակներում գրեթե բացակայում են։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է, որովհետև սիրում է ինձ պես խելառին (հա՛, հա՛, սիրում է, ինքն անձամբ է այդ մասին շշնջացել ականջիս) ու սիրում է նաև հենց իմ խելառ տեսակի համար։ Այլ բացատրություն այս տասներկու տարում ո՛չ ես եմ գտել, ո՛չ ինքը , ո՛չ էլ մեզ շրջապատող մարդիկ։

Ու մի օր, երբ մեր զավակները մեծանան ու Աստծո կամքով սեփական ընտանիքներն ունենան, մեր փոքրիկ տնակում կմնանք ես ու իմ  Ալյոշան, ում այդ ժամանակ, գուցե, այլ անուն հորինած կլինեմ։ Ու կմնան նաև մեր հիշողություններն ու այս խոստովանությունը։

Մրցույթի պահանջն է, ու ես կգրեմ այդ նախադասությունը՝ «Իմ կինն իմ ընկերն է»։

Ես անկեղծ մարդ եմ ու պիտի խոստովանեմ՝ ես ունեմ լավ ընկերներ, նրանցից յուրաքանչյուրն անփոխարինելի է ու մեկը մեկին լրացնող։ Բայց եղնիկի աչքերով այս աղջիկը միակն է, ում ես սիրում եմ վաղուց և ում պիտի սիրեմ հավետ ՝որպես կին, որպես երեխաներիս մայր, որպես անդավաճան ընկեր...
Այլոշա՛, տե՛ս, ես համայն հայությանն ասացի այն, ինչում դու վստահ էիր, բայց ժամանակ առ ժամանակ կրկին լսելու կարիքն էիր զգում։ Չէ որ ինքդ էլ լավ գիտես, որ տարիներ առաջ քո նկատմամբ ծնված զգացմունքիս և այլևս երբեք չամուսնանալու հաստատ որոշմանս միջև կատաղի պատերազմում հաղթեցիր դու՝  իմ  Եղնիկը...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am