Հովիկ Աֆյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

14149 դիտում

Հովիկ Աֆյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ես համաձայն չեմ աշխարհի ստեղծման պատմության հետ. սկզբում ցամաքը չի ստեղծվել, սկզբում ստեղծվել է սերը: Համենայնդեպս մեր աշխարհը, որը ստեղծվեց երեքից քիչ ավել տարի առաջ, ստեղծվեց սիրուց: Հիշում եմ, բայց սերը հիշելը լավ չէ, լավը՝ այն չմոռանալն է, ուրեմն՝ չեմ մոռացել: Այգի չէր, ոչ էլ լուսին կար, ոչ էլ մակույկ, ոչ էլ ծով, ես անգամ ջութակ նվագել չգիտեի, մի խոսքով սովորական օր էր, ինչպես ցանկացած օր, նախքան հրաշքի կայանալը: Բայց ցուրտ էր, այնքան, որ կոնյակ խմելը պարտադիր էր: Բայց այդ օրը ես կոնյակ չեմ խմել, չնայած տաքացա, չնայած ցուրտ էր:

 

Հետո եղան ծաղիկներ, լուսին էլ եղավ, մակույկ էլ, ծով էլ, անգամ օվկիանոս եղավ՝ աշխարհի ամենատաքը՝ Հնդկականը: Մի խոսքով՝ աշխարհը ստեղծվեց, մենք էլ մեզ մի փոքր աստված զգացինք:

 

Հիմա ամուսնական կյանքի առաջին լուրջ ճգնաժամի մեջ ենք: Համենայնդեպս ամուսնական կյանքն ուսումնասիրած հոգեբանները պնդում են, որ այդ կյանքի երկրորդ տարուց հետո մինչեւ չորրորդ տարին ամուսնական կյանքի առաջին լուրջ ճգնաժամն է: Ինչպե՞ս են անցնում մեր ճգնաժամային օրերը, եթե մեկ բառով ասեմ, ապա՝ թեյախմությամբ: Իհարկե պատրաստում է նա ինձ համար, կամ ես նրա համար: Հետո մենք նստում ենք բազմոցին, եթե ֆիլմ ենք նայում նա գլուխը դնում է իմ ուսին, եթե ֆիլմ չենք նայում նա գլուխը դնում է իմ ուսին, եւ վայելում ենք թեյը: Իրար շատ հարցեր չտալով, իբր հարյուր տարի է ճանաչում ենք իրար՝ ներառյալ նախկին կյանքը, երբ նա յասաման էր, ես  կարեւոր չէ, թե ինչ. կարեւորն այն է, որ նա յասաման էր, ավելի ճիշտ՝ է:

 

Ամենաշատը սիրում է ծովը, ես երբեմն անգամ խանդում եմ ծովին, վերջերս էլ հասկացա, որ իզուր, միեւնույն է, նա ամենաշատը սիրում է ծովը: Անկեղծ ասած, եթե ես էլ ընտրելու լինեի իմ եւ ծովի միջեւ, հաստատ կընտրեի՝ ծովը: Իմ խնդիրը նրանց մոտեցնելն է, ավելի ճիշտ՝ չբաժանելը: Իմ կինն աշխարհում միակ յասամանն է, որն աճում է ծովի ափին, եթե շատ անկեղծ, ապա հենց ծովի մեջ, այնտեղ, որտեղից ցամաքն էլ չի երեւում: Իմ խնդիրը նրան ցամաքից կտրելն է, ցամաքը նրանից թաքուն պահելն է: Դժվար խնդիր է, եթե չես սիրում:

 

Դժվար խնդիր է՝ սիրելը: Չսիրելը միշտ ավելի հեշտ է, անկախ նրանից չես սիրում, բայց պետք է սիրես քիմիա՞ն, հայրենի՞քդ, թե՞ կնոջդ:

 

Ես դժվար խնդիր չունեմ, չնայած լողալ չգիտեմ ու մոտ ապագայում հազիվ թե սովորեմ, բայց կարողանում եմ յասամանը ծովի մեջտեղում պահել, պարտավոր եմ: Կարող եմ, իհարկե, այլեւս չպահել, օրինակ վերցնել այն եւ նետել ցամաք, մանավանդ անապատ, որ չորանա, չնայած ցանկացած ցամաք նրա համար անապատ է, բայց դա կնշանակի չսիրել: Դրա համար ես յասամանը պահում եմ ծովի մեջտեղում: Ինքը միայն այդպես է գեղեցիկ, միայն այդպես է ապրում, ես նրան այդպես եմ տեսել, ընտրել, ընկերացել, սիրել:

 

Բա ե՞ս: Գիտեք, երբ դու ամուսնանում ես ու տղամարդը դու ես, կարեւոր չէ այդ եսը: Այն ավարտվեց, աշխարհի ստեղծմանը նախորդած քաոսն էր, եւ աշխարհի ստեղծմամբ՝ անհետացավ, էլ չկա: Կարոտո՞ւմ ես այդ քաոսը, իհարկե կարոտում ես, ուզո՞ւմ ես, որ այն վերականգնվի, հաճախ ուզում ես, մանավանդ, երբ ոտքերդ ջրից սառել են եւ ճանապարհիդ մշտապես սայթաքում ես, քեզ հույս տալով, որ բոլորն են սայթաքում, բայց…Գալիս ես տուն, հանում ես կոշիկներդ, հագնում ես տնային հագուստդ, վայելում ես հատուկ քեզ համար պատրաստված թեյդ եւ կարդում քեզ ուղղված փոքրիկ գրությունը. «Սիրելիս, ես այսօր ավելի ուշ կավարտեմ աշխատանքս, խնդրում եմ ծաղիկների ջուրը փոխես»: Նայում ես ծաղիկներին, քո նվիրածն են, ու մի տեսակ քեզ զգում ես Ջոմոլուգմայի գագաթին, ավելի ճիշտ գագաթին հասնելիս, քանի որ գագաթին քեզ զգում ես այն ժամանակ երբ բացում ես դուռը, նա է եւ ժպտալով ասում է՝«Բարեւ»:

 

Մի խոսքով, ես համաձայն չեմ աշխարհի ստեղծման պատմության հետ. կնոջն Աստված չի ստեղծել, նրան մենք ենք ստեղծում՝ ամեն օր, կամ խորտակում:

 

Իմ կինը յասամանն է՝ ծովի հենց մեջտեղում կանգնած:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին