1600 դիտում

Հովհաննես Պետրոսյան. Իմ կինն իմ ընկերն է



Տարիներն արագ անցնում են. թե իմ ու նրա ծանոթությունից  քանի տարի է անցել, կամ երբ ինձ հարցնում են, թե քանի տարի ենք իրար ճանաչում, ամեն անգամ դժվարանում եմ մտաբերել:  Իսկապես, ես չգիտեմ  այդ հարցի պատասխանը: Այնպիսի զգացողություն է, որ ես նրան ճանաչում եմ շատ վաղուց:    

2009 թվականի  աշունն էր՝ մառախլապատ, բայց հիանալի մի օր. հանդիպեցինք շատ պատահական: Սրտումս զգացի մի թրթիռ, որը միախառնվեց սառը օդի հետ՝ ստիպելով, որ մարմնովս դող անցնի ու ինձ հուշեց, որ այս հանդիպումը հերթական  պատահական անցողիկներից չի լինելու: Հանդիպումը բնության գրկում  էր: Ես զգացի, որ անքակտելիորեն կապվեցի այդ կուսական էակին, ում համար արդեն պատրաստ էի աշխարհը շուռ տալ: Իհարկե, նա դրա մասին դեռ ոչինչ չգիտեր: Այսքան տարիներ անց  դժվարանում եմ բառեր գտնել իմ սպասումները նկարագրելու համար:                           
Անցան օրեր: Մենք արդեն հասցրել էինք այնքան մտերմանալ, և ես հասկացել էի՝ այո՛, նա է այն միակ մարդը, նա է իմ ապագա կինը, իմ ընկերը: Մեր հերթական հանդիպումը՝ թերևս մտածված, կազմակերպեցի բնության գրկում, որպեսզի կարողանամ անխռով, ազատ,  հաղթահարելով մերժում ստանալու վախս (քանի որ հաճախ էի ինձ հարց տալիս՝ արժանի՞ եմ արդյոք այդ բարի, քնքուշ էակին, ով ինձ հանդիպածներից ամենահավատարիմ ընկերն է), նրան ասեմ կյանքում ամենակարևոր բառերը՝ ամուսնացի՛ր ինձ հետ...               

Երկար զբոսանքից հետո բավականին հոգնած նստեցինք: Ես, խորը շունչ քաշելով, վերջապես նրան ամուսնության առաջարկ արեցի: Նա անխռով նայեց ինձ ու գլուխը տարուբերելով՝ պատասխանեց.

-Գժո՛ւկ (այդպես է նա ինձ դիմում մինչ օրս), ես սպասում էի... իհա՛րկե համաձայն եմ:

Փոխադարձ համաձայնությունից հետո կյանքը մեզ համար ամբողջովին այլ ընթացք ստացավ: Մինչ այդ անհաղթահարելի դժվարությունները ավելի անէական դարձան: Ես ամեն անցնող օրվա հետ ավելի ու ավելի էի համոզվում, որ, այո՛, իմ կինն իմ ամենամոտ ընկերն է:

Շուտով կլրանա մեր համատեղ կյանքի հինգերորդ տարին: Այս հինգ տարիները անցան աննկարագրելիորեն արագ: Մենք վայելում ենք միմյանց ներկայությունը, կիսում հոգսերը: Սիրում եմ, երբ  գալիս եմ տուն, ընկերս ինձ ոգևորված ինչ-որ հետաքրքիր բան է պատմում, ու այդ ամբողջ պատմության ընթացքում անցնում եմ զգացմունքների մի ամբողջ տեղատարափի միջով:           

Այս հինգ տարիները մեզ համար լի էին ձեռքբերումներով, որոնցից թերևս կառանձնացնեմ մեր կյանքի ամենակարևոր էակներին՝ դստերս և որդուս: Ամեն անգամ նրանց նայելիս, նրանց  զրնգուն ծիծաղը լսելիս ես ավելի ու ավելի եմ սիրահարվում իմ ընկերոջը: Հիշում եմ՝ իմ ընկերոջ հետ նրանց սպասելիս ինչպիսի զգացողություններ ենք ունեցել. նույնը բոլորին եմ մաղթում: Նրանց անուններն ընտրելիս շատ պնդեցի՝ դստերս իմ ուզած անունով կոչենք, որդուս ժամանակ ընտրությունը նրան թողեցի: Նա հերթական անգամ ստիպեց ինձ համոզվել՝ որքան  կարևոր  ընկեր է իմ կյանքում: Այո՛, իմ կինն ինձ համար առաջնահերթ ընկեր է, ու ես դրանում համոզվել եմ այս տարիների ընթացքում: Իհարկե, հիմա ձեզ մոտ հարց կառաջանա՝ արդյո՞ք այս ընկերները երբևէ չեն վիճում. ինչ խոսք, չեմ թաքցնի, վիճում ենք ու շատ հաճախ, էլ ի՞նչ ընկերներ, որ տարաձայնություններ չունենան (մի տեսակ անիրական կթվա, եթե ամեն ինչ հարթ լինի): Հաճախ մենք չենք կիսում այս կամ այն հարցի հետ կապված լուծումներ, և նման դեպքերում կինս կարևոր է համարում իմ որոշումները՝ ներողամտորեն մի կողմ քաշվելով, ինչը ես անսահման շատ եմ սիրում նրա մեջ: Նման դեպքերից հետո նետվում եմ մտորումների հորձանուտի մեջ. արդյո՞ք մեր լավ ընկերությունը միակողմանի չէ, արդյո՞ք ես էլ նրա համար նույնքան լավ ընկեր եմ: Սրանք հարցեր են, որոնք չեմ համարձակվում բարձրաձայն հնչեցնել:                   
Ինչևէ, անցնեմ առաջ: Ինձ համար աննկարագրելի երջանկություն է իմ սիրելիի անսպառ եռանդը, իմ ամեն մի նոր նախաձեռնությանը ինքնակամ օգնություն առաջարկելը: Նա ամեն կերպ ջանում է, որ դրանք պսակվեն հաջողությամբ: Երբեմն զգում եմ՝ ինչպես է թեթև սեթևեթում, երբ անկեղծանում եմ իր հետ, որ, սիրելի՛ս, քո այս խորհուրդն օգնեց ինձ, որ այսօր մենք ունենք այն, ինչն այդքան ուզում էինք: Ես շատ անկեղծ կլինեմ ու կխոստովանեմ, որ իմ ընկերը իմ մեջ շատ բան է փոխել: Այժմ ես ունեմ ձգտումներ, երազանքներ, որոնց մասին անգամ չէի էլ մտածում մինչ մեր հանդիպումը: Հաճախ եմ ուզում ինքս ինձ հիշել. ո՞վ էի ես մինչ նրան հանդիպելը, սակայն որքան էլ փորձում եմ, գրեթե ոչինչ չեմ մտաբերում: Այնինչ շատ լավ  տեսնում եմ՝ ինչպիսին եմ ես հիմա ու պատկերացնում՝ ինչպիսին եմ լինելու կյանքիս մնացյալ հատվածում իմ սիրելիի հետ:                    

Հիմա ես ամբողջովին այլ մարդ եմ, ով իր ազատ ժամանակը փորձում է անցկացնել ընտանիքի հետ, սիրելի ընկերոջ-կնոջ կողքին՝ շրջապատված մանկական խինդ-ծիծաղով: Ամեն կերպ փորձում եմ նրանց անհոգ, երջանիկ պահեր պարգևել: Պահերն այդ  ավելի ամբողջական են դառնում, երբ նրանց համար հայրենի բնության գրկում հաճախակի անակնկալ զբոսանքներ եմ կազմակերպում: Չէ՞ որ այդ բնության շնորհիվ է, որ այսօր ես ունեմ նրանց: Անկասկած... նրա՛նք են իմ կյանքի պայծառ կողմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am