Արմեն Ճուղուրյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

6218 դիտում

Արմեն Ճուղուրյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Չգիտեմ,  մրցանակ շահելու մոլուցքն էր, թե հոգուս ուշացած պատասխանը, որ ձեռքս գրիչ առնեմ ու  գրեմ  կնոջս  մասին…

Քառասուն տարեկան էի, երբ որոշեցի բաժանվել առաջին կնոջից: Մենք երեխաներ ունեինք, կայացած մարդիկ էինք, ապրում էինք ինքնաբավ կյանքով, բայց չունեինք ամենակարևորը` փոխըմբռնում, որը  վեճերի, փոխադարձ վիրավորանքների առիթ էր ստեղծում:

Որոշեցի ամուսնալուծվել: Բոլորը միաբերան պնդում էին, որ չի կարելի քանդել կայացած ընտանիքը, երբ երեխաներդ արդեն պատրաստվում են բուհ ընդունվել: Բայց միևնույնն է, ինձ ճնշված էի զգում, իմ հարազատ օջախում կարծես ապրում էի բանտում և ամեն օր երջանկություն ու հոգու խաղաղություն փնտրում:

 

Երբ ամուսնալուծվեցի, հոգուս վիշտը ավելի խորացավ: Հասկացա, որ մենակ եմ ու կյանքի անորոշության ճանապարհներում ընկեր փնտրելը այնքան էլ հեշտ չէ: Վիճակս ավելի բարդացավ, երբ նորից հանդիպեցի շրջապատիս դիմադրությանը: Այս անգամ էլ մարդիկ պնդում էին, որ պետք չէ նորից ընտանիք կազմել, քանի որ  ունենալու եմ նույն խնդիրները և ընտանեկան հիսաթափությունները:

Անցավ որոշ ժամանակ, ու կարծես ինքս էլ համոզվեցի, որ մի գուցե ճիշտ չէր երջանկության հետևից գնալը:  Սկսեցի փնտրել ոչ թե կյանքի ընկեր, այլ պարզապես կին, որը ընդամենը կենցաղային խնամակալ կլիներ և հոգ կտաներ իմ մասին: Առիթը չուշացավ և հենց այդ նկատառումներով սկսեցի հանդիպել իմ ապագա կնոջ հետ, որն ինձնից փոքր էր շուրջ 16 տարի: Ուզում էի անկեղծ լինել նրա հետ և անընդհատ ակնարկում, որ չեմ սիրում, սակայն ցանկանում եմ ամուսնանալ և ընդամենը հաղթահարել միայնությունս: Ես հիմա եմ ամաչում  այդ սխալական վերաբերմունքից, երբ իմ ապագա կնոջը պարզապես ընկալում էի որպես կենցաղային խնամակալ և նույնիսկ չէի էլ թաքցնում նրանից իմ այդ անլուրջ մտքերը: Սակայն, ամեն անգամ լսելով այս ամենը, նա ժպտում էր և առիթ չէր տալիս խզելու մեր հարաբերությունները:

 

Վերջապես ամուսնացանք: Ունենալով երիտասարդ կին, կարծես փոքր-ինչ խախանդվեցի, քանի որ իրոք կարգավորեցի կենցաղս: Բայց, այ քեզ զարմանք,  հասկացա, որ գտել եմ ոչ թե կենցաղի կին, այլ կյանքի ընկեր, ով ինձ դուստր էր պարգևելու և շունչ  տալու հոգումս մարած երջանկության կրակին:

 

Հանձինս իմ կնոջ, ես ունեցա  կյանքիս ամենաթանկ ընկերը, որի հետ  համատեղ ընտնեական կյանքում կիսեցի բազում երջանիկ օրեր և ծանր ժամանակներ: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց մեր դուստրը, որն առավել երջանկացրեց մեր ներդաշնակ կյանքը, սակայն երկու տարի անց, կնոջս մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերվեց, և  անկոչ հյուրի պես մեզ այցելեց`  մինչև օրս էլ չհեռանալով մեզնից: Վստահ եմ, որ դրանով երկնայինը ավելի շատ ինձ պատժեց, մի մարդու, որ սկզբում իր կնոջը պարզապես խնամակալ էր ընդունում, իսկ հիմա ինքնը պիտի այդ դերում հայտնվեր ևնրան  խնամեր հիվանդանացում: Երբ կոմայի մեջ հայտնված կնոջս հասցրի հիվանդանոց և այնտեղ  երկու շաբաթ մնացի, մարդիկ իմ մասին ասում էին.  “էս էն տղամարդն  ա, որ կնոջն ա խնամում”:

 

Եվ նորից ճակատագրի դառը հեգնանքին առերեսվեցինք: Արդեն հինգ տարվա ամուսիններ էինք, երբ ակամա խախտեցի քրեական օրենսգիրքը և կալանավորվեցի: Ինձ միչև 12 տարվա ազատազրկում էր սպասվում և թվաց, թե ամեն ինչ վերջացավ ու փշրվեց մեր ընտանեական երջանկության սափորը: Բայց ով գիտեր, որ իմ կայնքի ընկերը, իմ շատ սիրելի կինը, պիտի դառնար այն հրաշագործ վարպետը, որը խնամքով հավաքելով փշրված կտրոները, երջանկության մի նոր սափոր պիտի սարքեր:

 

Սկսեցինք պայքարել մեր միասնության համար, ես կալանավայրից, կինս` ճաղերից դուրս: Երկու տարի անցակցրի բանտում ու դրանով մեր ընկերությունն ավելի ամրապնդվեց: Այս փորձությունը ևս մեկ անգամ եկավ վկայելու, որ ունեմ կյանքի լավագույն ընկեր, որը տառապելով  քո անհաջողությունների համար, քեզ չի լքում կյանքի դժվարին պահերին և հորդորում  է սպասել երջանիկ օրերի:

Եվ այդ օրերը չուշացան, երկու տարի անց ազատություն ստացա և վերսկսվեց մեր համատեղ կյանքը: Ամեն ինչ անում էի, որ կնոջս երջանկության պահեր պարգևեմ: Անգամ գնացի խենթությունների և նրանից գաղտնի պսակադրություն նախապատրաստեցի, ու մեր միասնությունը 8 տարի անց օրհնվեց` հաճելի անակնկալով: կնոջս համար: Բոլորը հորդորում էին, որ պսակադրությունը լուրջ բան է և չպետք է կնոջից գաղտնի կազմակերպել,  նրան անակնկալի բերել ու նեղացնել: Բայց պատասխանս մեկն էր. «Իսկական ընկերները չեն նեղսրտվում միմյանցից»: Իսկ  պսակադարությունը շատ օրիգինալ էր, քանի որ կազմակեկերպվեց հեծանվային արշավով, և հարսնացուին ուղղակի «փախցրեցինք» հեծանիվներով, որն էլ տեսագրեցի և ֆիլմ սարքեցի:

 

Ինչևէ, մինչ այսօր ես կնոջս հետ ընկերություն եմ անում: Սկզբից պետք է ասեի, բայց վերջում եմ հայտնում, որ ես պրոֆեսոր եմ, իսկ կինս` դոցենտ: Ու երբ լսում եմ, որ նա ավելի հետաքրքիր է դասավանդում, մի քիչ նախանձով ասում եմ. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քեզ հաջողվում է գերազանցել պրոֆեսորին» և գիտե՞ք, թե ինչ պատսախան եմ ստանում. «Սիրելիս, իսկական ընկերները չեն նախանձում, այլ փոխլրացնում են միմյանց»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին