7796 դիտում

Գարիկ Հովհաննիսյան. Իմ կինն իմ ընկերն է



… Եվ կանգնեք միասին, բայց ոչ միմյանց շատ մոտ,
Քանզի տաճարի սյուներն առանձին են կանգնում,
Եվ կաղնին ու նոճին չեն աճում մեկը մյուսի ստվերում:

Ժբրան Խալիլ Ժբրան │ Մարգարեն


Երբ ամուսնությունները գրանցող աշխատակցուհին սխալմամբ մեզ մեկնեց ամուսնալուծության հայտաթերթիկը, մենք ծիծաղեցինք, կատակեցինք ու ամուսնացանք: Մտքովս անցավ, իսկ ի՞նչ կլիներ, եթե երկու հայտաթերթիկն էլ միաժամանակ լրացնեինք մեր ներսում ու ապրեինք այդպես՝ միասին-բաժանված, ամուսնացած-ամուսնալուծված:

Երբ մենք բաժանվեցինք, որոշեցինք մնալ ընկերներ: Ժամանակի հեռվում՝ մենք էլի ընկերներ էինք, բայց ժամանակ չունեինք այդպես ապրելու, կարիքը չունեինք գնահատելու այն, ինչն ամենաանքննելիներից է, ամենանվերը, որը տրվում է այնքան նրբորեն, այնքան սահուն ու ներդաշնակ, ինչպես արևի շարունակությունը:

Երբ մենք բաժանվեցինք,  տեսանք տաճարի սյուների համաչափ, ներդաշնակ ու գեղեցիկ դասավորությունը՝ կաղնու և նոճու առանձին ստվերներում կանգնած:

Նրանք, բաժանվողները, ըստ իս կարիք ունեն վերաժեվորելու այն տիեզերական մենությունը, որով ծնվում է յուրաքանչյուրը, որով հեռանում է յուրաքանչյուրը. Մենության մասին մոռանում ես միայն ընկերոջ հետ ու սիրում նրան այնպես, ինչպես ինքդ քեզ:

Այս տարիքում ամենից շատ եմ մանկությանս ինքնության կարիքը զգում, քան երբևէ. Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ էի երեք տարեկնում ավելի լրիվ զգում կյանքն ու մարդկանց, քան երեսուներեքում, ինչո՞ւ չեմ կարողանում հիմա զգալ ու հասկանալ պարզագույն հուշումները, որ ամեն վայրկյան, ամեն քայլի, ամեն ծանոթ ու անծանոթով գալիս է վերևից. Որովհետև, լցված եմ 99 տոկոս ավելորդ, էներգիա սպառող, զգացական դաշտս անապատացնող ինֆորմացիայով. Ես գիտեմ աշխարհի մասին ավելի շատ, քան երբևե իմացել են իմ բոլոր նախնիները, բայց չեմ կարողանում լինել իմաստուն, գիտեմ մանիպուլացիոն մեթոդներ, բայց չեմ հավատում հրաշքի, գիտեմ ամեն ինչ, որով հնարավոր է դառնալ մեծահարուստ, բայց երբեք չեմ ուրախանում ու շնորհակալ լինում իրական հարստությունիցս. Սա ես եմ, այսօրվա զարգացած ու դժբախտ մարդ-քաղաքացին, որ հեռնալուց առաջ, որոշում է մնալ իր կնոջ ընկերը՝ զուսպ, հավասարակշռված, ազդեցիկ ու տխմար: Որոշում է մնալ ընկերն այն մարդու, ով շարունակել է իր գենի անխափանությունը՝ հրաշք լույս աշխարհ բերելով՝ իր կյանքի ու առողջության հաշվին, որոշում է մնալ ընկերը նրա, ով իր կյանքի ամենադժվար օրերն է ապրել հետս՝ հավատալով փոքրիկ, հեքիաթային տնակին,տնակի պատշգամբում թեյ խմելուն ու մայրամուտով հիանալուն:

Լուսաբաց է.
 
Սկսիր սիրել նրան ում վստահում ես, ոչ թե նրան՝ ում սիրում ես. Ու սա տառապանքի նոր ու մեծագույն ուղեծիրն է, որը տալիս եմ քեզ, սիրելի ընկերս, տալիս եմ ոչ թե նրա համար, որ դու արժանի ես դրան, այլ որ ես արժանի չեմ սիրված լինելու  այնքան ժամանակ, քանի ներսով, ամենխորքային ներսով չեմ զգացել ու գնահատել տիեզերական մենությանս միակ սփոփչին՝ քեզ:
Սա՝ քեզ գրած իմ ամենաանկեղծ նամակն է, որ երբևէ կարող էի գրել. Ես ուզում եմ, որ դու ունենաս քո հեքիաթի տնակը, որի տանքիը թիթեռի թևերի պես գունեղ ու քամուց թրթռացող կլինի ու երբ զգաս, որ ճամփորդելու պահն է, արթնացնես տնակիդ, քամի խնդրես ու ճախրես տիեզերքում:

ՍԱ քեզ գրած իմ ամենաանկեղծ նամակն, որը  բարձրաձայնում եմ աշխարհի ականջին:

Կարիք կա՞ քեզ պատմել-հիշեցնելու այն ճանապարհը, որ անցել ենք միասին՝ մի օր հացի փող չունենալով, մի օր խնջույք կազմակերպելով բոլոր ընկերների համար, մի օր տխրելով առաջնեկի անհասկանալի ու անդադար լաց ու կոծի համար, մի օր երջանկանալով նրա լացից վաստակած առաջին ատամի հայտնությամբ, մի օր իրարից օտարացած՝ նույն գետի երկու վտակների պես, մյուս օրը էլի միասին՝ ինչպես հեռու և մաքուր տարածության մեջ ստեղծված ծփացող լճակ՝ երկու վտակների հանդիպելուց…
Հիշո՞ւմ ես աչքերիդ փայլը, երբ իմացար ներսիդ մարդու մասին, որը դեռ չծնված փոխում էր արդեն մեր կյանքը, իսկ ծնվելուց հետո՝ դառնում ուղեցույց, ճանապարհ՝ չմոռանալու ակունքը: Կարիք չկա. Այս ամենը դու երբեք չես մոռանա: Այս ամենը ես պատմում ու հիշեցնում եմ ինձ, որովհետև, մրցույթի մասնակիցը ես եմ, ոչ թե դու, ու այս մրցույթում հաղթողները պարտվողներն են ու պարտողները հաղթողներ՝ միաժամանակ. Սա իմ ճանապարհն է, իմ ապրումը, ընկերս ու դու դրա լուռ վավերագիրն ես եղել, փայփայողը, խնամողը՝ նույն կերպ, ինչպես խնամել ես ձեռքերիս վերքերը, երբ քարին զարդանախշ փորագրելիս, քարն է ափերիս մեջ փորագրել ճակատագրիս գծերը:

Ես ուզում եմ փորագրել հետևյալ զարդանախշերը.

Դու իմ ընկերն ես ոչ թե իմ կամ քո ընտրությամբ, այլ որովհետև, երկրորդ տարբերակը պարզապես չկա:

Դու իմ ընկերն ես, ոչ թե իմ կամ քո բարի լինելով, այլ որովհետև…

Ես ուզում եմ ամուսնանալ հետդ՝ ամուսնության ու ամուսնալուծության հայտաթերթիկները միաժամանակ լրացնելով:

Խնդրում եմ, դարձի՛ր իմ կինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am