3365 դիտում

Սպարտակ Գրիշյան. Իմ կինն իմ ընկերն է



Առաջին անգամ նրան տեսա դեկանի կաբինետի մոտ՝ պատուհանին հենված: Մոտեցա ու ասացի. դու հաստատ կընդունվես մագիստրատուրա:

Հիմա մտածում եմ. գուցե ինչ-որ բան զգացի, բայց թե ինչ, չհասկացա: Գուցե սրտի կանչն էր, թե ճակատագիրը, որ հենց նրան մոտեցա:

Առաջին տեղը, ուր համարձակություն ունեցա նրան հրավիրել, Սևակյան թատրոնն էր: Ես էլ էի սիրում Սևակ, նա էլ: Այդ օրվանից հետո հարյուրավոր տեղեր ենք միասին այցելել, բայց կյանքում չեմ մոռանա այդ օրվա անձրևը, ու այն մեծ ցանկությունը, որն ինձ դրդում էր նրա ձեռքը բռնել:

Երբ ասում եմ՝ երկու լրագրող մի տան համար շատ է, կինս ինձ ուղղում է: Ինքն առաջին մասնագիտությամբ թատերագետ է:
Ընտանեկան հոգսերը միասին կիսելուց բացի, նաև աշխատանքայինն ենք կիսում: Կինս իմ առաջին խորհրդատուն է, կյանքի ու աշխատանքի համար:

Լրագրությամբ և գովազդով հիմա ես եմ զբաղվում: Կնոջս բաժին է ընկել ամենադժվարը. խնամում է մեր փոքրիկին: Բայց դա ժամանակավոր է. մինչև փոքրիկ Դավիթը գնա մանկապարտեզ: Այդ ժամանակ կանեմ հնարավորը, որ իրականացնեմ մեր երազանքը: Նորից պիտի դառնանք գործընկերներ: Երազում ենք համատեղ հաղորդաշար ունենալու մասին:

Երկուսս էլ երիտասարդ էինք, երբ ամուսնացանք, հիմա էլ: Միասին սկսեցինք ճանաչել կյանքը, հաղթահարել դժվարությունները, կառուցել նորը՝ մերը:

Սկզբում կուրսեցիներ էինք, հետո ընկերներ, հետո սիրեցինք իրար, նշանվեցինք, հետո դարձանք ընտանիք, հիմա իմ ընկերը, ով իմ կինն է նաև, իմ զավակի մայրն է:

Հաճախ, երբ նայում եմ կնոջս աչքերի մեջ, տեսնում եմ իմ կուրսեցի ու ընկեր Անուշ Ափյանին: Այդ ժամանակ մտածում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք սկսում է անդավաճան ընկերությունից և երջանիկ են նրանք, ովքեր կարողանում են կյանքի ոլորանններում չկորցնել ընկերոջը իրենց կնոջ մեջ:

P.S. Կարծում եմ՝ ոչ թե իմ կինն իմ ընկերն է, այլ հակառակը. իմ ընկերը իմ կինն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am