Տիգրան Պարսեղյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

3910 դիտում

Տիգրան Պարսեղյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ես Տիգրանն եմ ու ես ռոմանտիկ չեմ: Ընդհանրապես: Բայց ի հակառակ իմ պատկերացումների, ես անցա ռոմանտիզմի բոլոր փուլերը՝ սեր առաջին հայացքից, զոհողություններ, բազում դժվարություններ և այլն: Բայց ամեն ինչ հերթով:

 

Պատմությունը սկսվեց համալսարանում, երբ ես առաջին անգամ նկատեցի Նրան: Գեղեցիկ ու վստահ քայլերով անցավ միջանցքով ու այդ պահին հասկացա, որ նա ինձ պետք է: Տարօրինակ էր, բայց առաջին անգամ սիրո դրսևորումը արտահայտվեց անհրաժեշտության էմոցիայով: Ես սկսեցի անդադար մտածել նրա մասին, փորձել ճանաչել նրա այն կողմերը, որոնք պետք էին ինձ սիրահարվածությունից դեպի սեր ճանապարհը անցնելու համար: Չէ՞ որ սիրահարվածությունը մի պահ է, իսկ սերը գիտակցված ընտրություն, որը պիտի անդադար աճի, իսկ յուրաքանչյուր աճման համար բնությունը նախատեսել է ժամանակ: Ու նա իր նրբանկատ և ուրախ կենսակերպով փոխեց իմ կյանքը, փոխեց իմ աշխարհընկալման ձևաչափը, որն ինձ թվում էր, թե աքսիոմ էր իմ համար: Ամիսներ անց ես գերեցի նրա սիրտը, ու հիմա ինձ թվում է, թե դա մի ակնթարթ էր, սակայն այդ ընթացքը այն ժամանակ իմ համար մի ամբողջ կյանք էր թվում: Ու իրականում հենց այդ մի քանի ամիսներն էին իմ ամբողջ կյանքը, որովհետև հիմք եղան իմ հետագա կյանքի բոլոր քայլերի համար:

 

Անհոգ օրեր, ծաղիկներ, անվերջ զրույցներ, մտորումներ «վեհ գաղափարների» մասին: Դե ինչպես գրքերում է լինում, էլի: Ամեն ինչ շատ լավ էր, բայց…

 

Աշնանը կյանքից հեռացավ մայրս: Իմ մոտ սկսեցին հոգեկան խանգարումներ, որոնք մաքրեցին իմ ուղեղը առօրյա ճահճային մտքերից ու ստիպեցին կենտրոնանալ կյանքի կարևորագույն ասպեկտների վրա: Մայրս, վերջին օրերին, երբ ցույց տվեցի նրան իմ ընկերուհու նկարը, ասաց, «Եթե սիրում ես, ձգտի ու չկանգնես ոչ մի պարագայում»: Ու դա դարձավ իմ համար պատգամ, որին ամեն օր փորձում եմ հետևել: Սակայն այդ ամենը անհնար էր առանձ փոխադարձ վերաբերմունքի: Եվ հենց այդ պահին ես հասկացա, որ այն աղջիկը, ով գժի պես ուրախանում էր, երբ ծաղիկ էի նվիրում, կամ հաճոյախոսություն անում, այդ փուլում դարձավ հենարան, որից ես խուսափում էի օգտվել, չնայած այն կար: Ըստ ասացվածքի, ընկերոջը սկսում ես ճանաչել քո վատ օրերին, բայց իրականում ընկերը, որպես սուբյեկտ, դա համալիր է, ու դու զգում ես նրան ոչ միայն վատ օրերին, այլ միանշանակ նաև ուրախ օրերին: Ես այդ երկու երևույթները գտա նրա մեջ շատ կարճ ժամանակահատվածում: Ու կյանքը շարունակվեց...

 

Մեկ տարի անց ես պետք է անցնեի ծառայության զինված ուժերում: Բանակ գնալուց մեկ ամիս առաջ ես, համաձայն իմ անկեղծ, ինչ-որ տեղ«չոբան» բնավորությանը, հանդիպեցի նրա հետ, նրան մեկնեցի ՔԿԱԳ-ի (ЗАГС) ձևաթուղթը ու ասացի. «ամուսնանում ենք»:

 

Դիրքերում իմ ծառայության ընթացքում, երբ ամբողջ ազգը մեզ համարում է ազգի պաշտպան, հանգիստ քնելու երաշխավոր, իմ ուղեղում անընդհատ գալիս էր մի միտք, թե ինչպես է նա այնտեղ, հարյուրավոր կիլոմետրներ այն կողմ հարմարվում նոր կենցաղին, իմ հորն ու եղբորը, հասցնում է արդյո՞ք, թե ոչ, ինչի կարիք ունի: Երկու տարիների ընթացքում ես չստացա նրանից այդ հարցերի պատասխանները, ԻՄ ԸՆԿԵՐԸ հաղթահարեց բոլոր դժվարությունները հանուն ինձ ու մեր ընտանիքի: Եվ նրա բոլոր քայլերը այս տարիների ընթացքում որոշիչ դեր խաղացին ընտանիքի կառուցման գործում:

 

Այժմ մենք միասին ենք, ունենք մեկ որդի, ով դարձավ այն ապացույցը, որ չնայած բոլոր սարսափելի դժվարություններին, պետք է սիրել կյանքը ու ապրել անկեղծ ու լեցուն: Քանզի իմ կարծիքով հենց լեցուն ու ակտիվ կյանքն է, որ ստիպում է ապրել ու երազել:

 

Ես գտել եմ իմ ընկերոջը ու երբեք նրան բաց չեմ թողնի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին