Էռնեստ Ավանեսով. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

4287 դիտում

Էռնեստ Ավանեսով. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Մինչ նրան հանդիպելը ես այլ մարդ էի: Կյանքիս հիմնական նպատակը սահմանափակվում էր աշխատանքում հաջողությունների հասնելով: Ժամերով մնում էի աշխատավայրում, անընդատ կատարելագործվում, հմտանում գործիս մեջ: Արդյունքում «հաջողությունների» հասա, պաշտպանեցի գիտական թեզս, ստացա մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև դոցենտի գիտական կոչում: Վայելում էի ուսանողներիս հարգանքն ու գործընկերներիս սերը: Թվում էր, թե ամեն պայման ապահոված է երջանիկ լինելու համար: Սակայն ինչպես ինձ հաճախ խորհուրդ էին տալիս «կյանքի համը» զգացած ավագ գործընկերներս գլխավորը կյանքում Ընտանիք կազմելն է:

 

Վերջին տարիներին քաղաքացիական ակտիվությունս էլ ավելի բարձր էր ու այդ ընթացքում էլ ընկերներիս խորհուրդով դարձա սահմանամերձ բնակավայրերի աջակցությամբ զբաղվող մի քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ: Նա նույնպես այդ խորհրդի անդամ էր: Միասին մի շարք միջոցառումներ հասցրեցինք կազմակերպեցինք ու այդ ընթացքում աստիճանաբար, աննկատ մտերմացանք, ընկերացանք: Ընթացքում զգում էի, որ փոխվում եմ դեպի լավը՝ Ընտանիքը:

 

Երկուսս էլ ակտիվ քաղաքացիներ էինք ու այժմ էլ ենք այդպիսին: Ես անգամ հասցրել էի հայտնի «Բաղրամյանի» ցույցերի օրերին ոստիկանության կողմից ապօրինի բերման ենթարկվել: Ինքը դեռ չէր հասցրել, սակայն բառիս բուն իմաստով երազում էր «քաղմաս ընկնել», ինչն էլ հետագայում միասին կարողացանք իրագործել:

 

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին սահմանում թշնամու ակտիվացման ընթացքում մեկնել էի Արցախ աշխարհ: Այդտեղ լինելու օրերին կարոտի ֆոնին սերս նրա հանդեպ առավել հասունացավ, որոշել էի գալուն պես լրջացնել մեր հարաբերությունները: Գալուն պես սիրո խոստովանություն արեցի պայքարող երիտասարդության հավաքատեղի ու սիմվոլ դարձած «Մաշտոցի» պուրակում և որոշ ժամանակ անց ստացա դրական պատասխան: Այնուհետև որոշեցինք բնակարան ձեռք բերել, որպեսզի ամուսնանանք և ապրենք միասին, քանզի առանց միմյանց չէինք կարող այլևս:

 

Շուտով նշանվեցինք: Սկսեցինք փնտրել հարմար տուն, բնակարան: Օրական 5-6 տեղ այցելում էինք, փնտրելով հարմար բնակատեղի: Հերթական օրերից մեկի ընթացքում, երբ մի քանի տուն նայելուց հետո հոգնած, որոշեցինք սովորականի պես մասնակցել այդ ընթացքում Երևանի Խորենացի փողոցում նախապես հայտարարված քաղաքացիական հերթական բողոքի ցույցին: Մինչ այդ համացանցով հասցրել էի տեղեկանալ, որ հենց այդ օրվա ցույցը չի կայանալու և իբրև ովքեր այդ ընթացքում գան Խորենացի փողոցի նշված հատված անկախ ամեն ինչից բերման կենթարկվեն: Անգամ տեսանյութեր էի հասցրել դիտել, թե ինչպես են ապօրինի կերպով մարդկանց օրինակ խանութից բերման ենթարկում և այլն: Գիտակցելով, որ բերման կենթարկվեմ, այս անգամ արդեն ապագա կնոջս՝ նշանածիս հետ, քաջ գիտակցում էի նաև, որ դրա արդյունքում կարող եմ զրկվել աշխատանքից, այնուամենայնիվ ձետք ձեռքի բռնած հասանք Խորենացի փողոցի նշված հատված: Տարածքում միայն ոստիկանական համազգեստով մարդիկ էին, որևէ ցուցարար չկար, ով էլ կար մեր աչքերի առաջ բերման էին ենթարկում: Արդյունքում մեզ էլ մոտեցան: Կարողացա համոզել, որ գոնե միայն ինձ տանեն՝ համաձայնվեցին: Թևերս մտած անցկացրին ոստիկանական բարիկադենրը, մեկ էլ տեսնեմ նշանածս նույնպես այդտեղ է՝ ինքնակամ ցանկացել էր միանալ ինձ:

 

Այդքան ռոմանտիկ պահ իմ կյանքում չէր կարող լինել, ինչպես ոստիկանական մեքենայում իրար գրկած, մեկ միասնություն դարձած այդ անմոռանալի օրը: Մի խոսքով բերման ենթարկեցին երկուսիս, մեզ հետ էլի մարդիկ կային մեքենայում:

 

Քանի որ այդ ամենը համացանցային միանգամից մի քանի հեռուստաեթերներով ուղիղ հեռարձակվում էր արդյունքում զրկվեցի սիրելի աշխատանքիցս: Սակայն պետք է խոստովանեմ, որ գիտակցում էի, որ այդպես էլ լինելու է, պատրաստ էի դրան, հանուն իմ միակի, ում հետ կապել եմ կյանքս, հանուն նրա փոքրիկ երազանք-ցանկության՝ «քաղմաս ընկնելուն»:

 

Աշխատանքս կորցնելու հետևանքով դժվար օրեր ունեցա, ինքս իմ հետ պայքարի մեջ էի, այդ ընթացքում բացի նրանից չկար մեկը, ով այդքան մոտիկ ու հասկացող կլիներ: Անգամ ցանկանում ու պլանավորում էի հեռանալ երկրից, որտեղ չես գնահատվում լավ աշխատանքիդ ու արդարության համար: Երկրից հեռանալուն կտրականապես դեմ էր ինքը: Նա օգնեց ինձ հաղթահարել այդ բարդ շրջանը: Իմ մեջ հավատ ներշնչելու արդյունքում ես միանգամից գտա 4 աշխատանքի՝ այդ թվում միջազգային հեղինակավոր կազմակերպություններում:

 

Երկար ժամանակ հետո լրատվական կայքերից մեկում գտանք մի նկար, որտեղ «Բաղրամյանի» ցույցերի ժամանակ ես իմ նախաձեռնությամբ բարձրախոսով ու հեռախոսով միացրել էի ազգային երաժշտություն, որի տակ շրջանով պարում էին ցույցի մասնակիցներից ոմանք, որոնցից մեկը հենց իմ սիրելին է: Զուգադիպությունն իսկապես հետաքրքիր էր, քանզի մենք միմյանց չէինք ճանաչում այդ օրերին: Փաստորեն մենք անընդատ իրար կողքին ենք եղել, նույն տրամադրությամբ ապրել, նույն բանի՝ արդարության և մեր իրավունքների համար պայքարել, սակայն նախկինում միմյանց չենք ճանաչել:

 

Հիմա հասկանում եմ, որ Նա իմ ամեն ինչն է: Նա փոխեց ինձ լիովին, իմ աշխարհայացքը, իմ առօրյան ու ապագայի իմ տեսլականը, որն արդեն կապված է միմիայն իր հետ՝ մեր հետ, մեր Ընտանիքի հետ: Աթեիստ լինելով հայ առաքելական եկեղեցում կնքվեցի, դարձա քրիստոնյա, որպեսզի ամուսնանանք քրիստոնյաին վայել: Նրա հետ, այնպես: Իրապես հասկացա, որ մինչ այդ իրեն էի փնտրում, նրան, իմ միակին, ով ավելին է քան պարզապես իմ կինը, և ավելին քան պարզապես ընկերս: Իմ կինն իմ պայքարակից ընկերն է: Մենք պարզապես սիրում ենք միմյանց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին