Աշոտ Մովսիսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1557 դիտում

Աշոտ Մովսիսյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Տարիների փորձս որպես մարդ, ով երբեք չի դադարել նոր ճանապարհներ փնտրել իրեն շրջապատող մարդկանց երջանկացնելու և հանդարտ հոգևիճակում տեսնելու համար, ինձ մի քանի դաս է սովորեցրել: Ցանկացած հարցում ոսկե միջինը գերադասելով հանդերձ, կանդրադառնամ իմ կյանքի այդ ծայրահեղ երկու դասերին, որենք էլ կհանդիսանան գրվածքիս հիմքը:

 

Առաջին դասը, որ եղել է ինձ համար ամենադժվար ընդունելին, գիտակցումն էր այն մտքի, որ փորձելով երջանկացնել և գոհացնել բոլորին, մարդ արարածը ռիսկի է ենթարկում հոգու սեփական այգին անխնամ վիճակում թողնելը, որն էլ պատճառ կարող է հանդիսանալ հանկարծահաս կոլապսի... Լինելով գիտակից, կյանքի դժվարություններից չխուսափող և անդընդհատ կատարելագործման ձգտող ռացիոնալ տղամարդ` մտքերիս հոսանքը ինձ հանգեցրեց առաջինից բխող երկրորդ դասին, որն էր` գիտակցումը այն մտքի, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու կյանքում կարող է և պետք է լինի մեկ մարդ, ում կարելի կլինի անվերապահորեն նվիրվել և անել անհնարինը նրան երջանկացնելու համար: Փնտրեցի և գտա նրան` կնոջս, ով դարձավ ոչ միայն իմ ընկերը, այլ նաև այն մարդը, ով կարողացավ ինձ հասկացնել, որ կնոջը երջանկացնելու համար ամենևին էլ պետք չէ լինել սուպերհերոս և անհնար արարքներ գործել:

 

Կինս ընկերս դարձավ այն պահին, երբ իմ տղամարդկային հպարտ հոգին կարողացավ իր կացարանը գտնել նրա կանացի զուսպ, համեստ, ջերմություն և սեր տարածող հայացքում, նրա խանդավառ և ոգեշնրժչող կենսակերպում, նրա ինքնավստահ և կայացած ինքնության մեջ: Գուցե ես հաջողակ եմ, որ հենց իմ կինն է իմ կինը, սակայն հուսալով, որ հոդվածս դեռևս ամուրի երիտասարդներն էլ պիտի կարդան, կնշեմ, որ իմ դերն էլ փոքր չէր կնոջս բնատուր ներուժը բացահայտելու և նրա երջանկության մի մասնիկը դառնալու հարցում: Դե իսկ պատկերացնելը թե ինչպես է զգում իրեն այն տղամարդը ում կողակիցը երջանիկ է, թողնոմ եմ ձեր երևակայությանը:

 

Կինս և ես ընկերներ ենք, այո, այնքան մտերիմ, որ երկուսս էլ իրար նախ և առաջ որպես անհատականություն ենք ընկալում և ապա ոգևորվում այն մտքից, որ ամեն օր մենք ընտրություն ենք կատարում շարունակել սիրել իրար, ոգևորել և ծաղկեցնել մեր ընտանիքը, միշտ հիշելով, որ կայուն ընտանիքը կայուն հայրենիքի հիմքն է… Եվս մեկ գաղափար, որ մեզ միավորում և թևեր է տալիս…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին