Հայկ Մկրտչյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2561 դիտում

Հայկ Մկրտչյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Մանուկ հասակում  մտածում էի, որ երբ մեծանամ ամուսնանալու եմ  Պամելա Անդերսոնի հետ, և ինձ նույնիսկ չէին վախեցնում այն պնդումները, որ ամեն առավոտ տեսնելու եմ նրա չշպարված դեմքը (անկեղծ ասած ես չէի էլ պլանավորում նայել նրա դեմքին, որովհետև նրա այլ բարեմասնությունները ինձ լրիվ բավական էին): Քանի որ կոնկրետ չգիտեի նա ամերիկուհի է, թե ֆիննուհի որոշեցի սովորել և՛ անգլերեն, և՛ ֆիններեն: Նույնսիկ հաճախում էի լողի դասերի փրկարար դառնալու համար:

 

Այս ամենը տևեց այնքան ժամանակ մինչև Ջենիֆեր Լոպեսն ու հետագայում էլ Անջելինա Ջոլին չհայտնվեցին էկրանին: Անկեղծ ասած, իմ 15 տարեկան ուղեղում ամուսնանալու հետ կապված ինչ-որ բան փոխվեց: Մտածեցի, գուցե բազմակնությունն է լավագույն տարբերակը, սակայն այստեղ էլ լուրջ հիասթափություն ապրեցի արդեն ուսանողական տարիներին. ամեն օր 2-3 անջելինաջոլիներ ու ջենիֆերլոպեսներ էին հանդիպում ճանապարհիս ու նույնքան էլ դեմիմուրներ:

 

Ուսանողական տարիների ընթացքում ունեցածս որոշ հաջողություններ հեռուստատեսությունում և թատրոնում երկրորդ պլան մղեցին ամուսնանալուս ցանկությունը: Մեկ կնոջ հետ ապրելու գաղափարն նույնքան հանգիստ չէր տալիս ինձ, որքան Դոնալդ Թրամփի հաղթանակը Հիլարի Քլինթոնին: Այդքան անհնար թվացող խնդրի լուծումը մեկն էր՝ ամեն երեկո ընկերների ու ջենիֆերլոպեսների հատ ընթրել մի շքեղ վայրում ու մի մութ վայրում էլ առանց ընկերների, բայց ջենիֆերլոպեսների հետ խմել թեքիլլա: Չէի էլ կարող պատկերացնել ավելի մեծ հաղթանակ,  քան այն, ինչ ունեի այդ պահերին:

 

26 տարեկան էի, երբ մի օր կանգնեցի ցնցուղի տակ ու իմ վրայից մաքրեցի իմ ամբողջ կենսագրության 99 տոկոսը, իսկ երակներիցս՝ ինձ հետ ընթրողների հյուրասիրած «հաղթանակները»:

 

«Սովորական կյանքի պատմություն, որը նույնիսկ մեկ նորմալ շարադրության վերածվելու որևէ շանս էլ չունի»,-կասեք դուք:

 

Բայց մի օր նա ինձ ասաց, որ ուզում է ինձ հետ ընթրել որպես սովորական ընկեր: Թե ի՞նչ էր դա նշանակում, ես անգամ գաղափար չունեի: Որտեղի՞ց նա գտավ այդ բառը, ու՞մ մտքով է առաջին անգամ անցել իր ծանոթին անվանել ընկեր:

 

Եվ հարցրեցի նրան, թե ինչ է դա նշանակում, իսկ նա ժպտաց խորամանկ ժպիտով ու խորհուրդ տվեց երբեք չբացել բացատրական բառարանը:

 

Հիշում եմ, որ արմատական բառարանում կարդացի. որ «ընկեր» բառը նշանակում է «միասին ուտող», իսկ բացատրական բառարաններում հանդիպեցի այսպիսի բացատրությունների.

 

1. Գաղափարով մեկի հետ կապված, համախոհ, կողմնակից:

2. [ածական] Հավասար, նման:

3. Զբաղմունքով՝ գործունեությամբ մեկի հետ կապված մարդ, ընկերակից:

4. Միասին ճանապարհ գնացող, ուղեկից:

5. Միասին աշխատող, աշխատակից:

6. Մտերմությամբ մեկի հետ կապված մարդ, բարեկամ:

7. Մեկի հետ զույգ կազմող, զուգակից:

8. Սիրած, սիրով մեկի հետ կապված անձ:

9. (խոսակցական) Ամուսիններ:

 

Առաջին ընթրիքից հետո որոշեցինք ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի այլ մարդկանց նույնպես՝ հաղթահարելու բոլոր դժվարություններ: Ինձ նման, ինձ հավասար նա օգնում էր մարդկանց, հաղթահարում բոլոր արգելքները: Հիշում եմ, թե ինչպես իմ «սովորական ընկերը» մի քանի ժամ քնեց ուսիս, երբ երկար ճանապարհից հոգնել էր: Աշխատանքները շատ էին, բայց մեր զույգը երբեք չէր տրտնջում: Ընդամենը 1 տարի հետո մենք հասկացանք, որ մենք՝ սովորական ընկերներս, անցնելով բացատրական բառարանի 1-ից 7-րդ կետերը անխուսափելիորեն հասել ենք 8-րդ կետին:

 

Մի օր էլ արթնացա ու հասկացա, որ ամեն առավոտ ուզում եմ տեսնել նրա չշպարված դեմքը: Նրան ցույց տվեցի բացատրական բառարանից դուրս բերված կետերը ու հարցրեցի՝ ուզում ես դառնալ իմ իսկական ընկերը: Այդ օրվանից մենք ամուսիններ ենք, ավելի ճիշտ իսկական ընկերներ:

 

Մի օր էլ, սովորականի պես իրար հետ ընթրելիս  (նա առանց ինձ երբեք չի ընթրում), նա իրեն հատուկ խորամանկ ժպիտով ինձ խորհուրդ տվեց երբեք չբացել բացատրական բառարանը ու չկարդալ թե ինչ է նշանակում «հայր» բառը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին