Վալերի Ջաղինյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1384 դիտում

Վալերի Ջաղինյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Իսկական սերը չի կարող խոսել, որովհետև իսկական զգացմունքն

արտահայտվում է ավելի շատ գործով, քան՝ խոսքերով:

Ու.Շեքսպիր

Մեր հայացքները հանդիպեցին իրար ամառային մի բախտորոշ օր, երբ երկուսս էլ համոզվեցինք, որ բուհ ընդունվողների ցուցակում կանք:

 

Ճանապարհները մեզ նույն՝ ուսանողական լսարան բերեցին՝ Գայանեին դպրոցական նստարանից, իսկ ինձ՝ արտադրական ձեռնարկությունից, որտեղ աշխատում էի զինծառայությունից հետո:

 

Հինգ տարի շարունակ՝ ամեն օր նույն լսարանում, ուսանեցինք և, ի բարեբախտություն մեզ, ավարտելուց հետո գործուղվեցինք նույն գիտական հիմնարկությունը: Ազգիս համար բախտորոշ թվականի ապրիլին ամուսնացանք և մեր համատեղ կյանքի առաջին տարվա դեկտեմբերին էլ հայրենիքիս պատուհասեց երկրաշարժը, որը մեր կյանքը բաժանեց նախա և ետերկրաշարժյան ժամանակահատվածների: Տարիներ հետո, այդ օրը հենց, պետք է ծնվեր այս պատմությունը:

 

Փետրվարին Սոչիում ծնվեց մեր առաջնեկը՝ Ալեքսանդրը: Քաղաքային թերթում տպագրվեց ամուսիններիս համատեղ խոսքը երկրաշարժից տուժած՝ ճակատագրի բերումով բնակավայրիցս հեռու ծնված մեր զավակների մասին: Մեր կյանքի այդ լուսավոր խոսքն ու հուշը առայսօր ի պահ է տրված առաջնեկիս համար ստեղծված գրադարանի անդրանիկ գրքում:

 

Ազգային ազատագրական զարթոնքի ալեկոծման տարիներն էին և հայ-ադրբեջանական պատերազմը տարբեր կերպ և ամենուր խիստ զգացվեց: Թշնամու առաջին կրակոցներից որոշակի բաժին հասավ նաև իմ նորաստեղծ ընտանիքին:

 

Մայիսին ընտանիքս Սոչիից կիսադատարկ գնացքով տեղափոխեցի հարազատ քաղաք՝ Կիրովական: Վրաստանի ադրբեջանաբնակ շեներից գնացքի վրա կրակեցին ու… փշրվեց հարևան կուպեի ապակին, այն պահին, երբ Գայանեն, բարուրում էր մեր փոքրիկին: Թիրախում նա էր ու, Աստծո կամոք, փրկվեց իմ երիտասարդ ընտանիքը: Պատերազմող հայրենիքումս ապրեցինք սովի, ցրտի ու դժվարություններով լեցուն տարիները:

 

1995թ., Վանաձոր անվանափոխված քաղաքի տնակային ծննդատանը, փետրվարյան ձմեռային մի ցրտաշունչ առավոտ, կինս ինձ ջերմացրեց՝ իրականացավ երջանկությանս երկրորդ երազանքը: Ծնվեց մեր Նարեկը:

 

Արդեն ես երկու որդիների հայր էի, և միայն մեկ տարեկանից կյանքից անժամանակ հեռացած հոր գուրգուրանք չտեսած անձիս անբացատրելի ուրախությունը լրացրեց բացվող այգաբացին տնակային ծննդատան մոտ գտածս մետաղադրամը, որը համարեցի աստվածային պարգև ու տղայիս երջանիկ կյանքի առհավատչյա:

 

Կրկնակի մայրացած Գայանեին ու ինձ շրջապատում էր նույն հարազատ ու ջերմ միջավայրը, այն ամենուր էր, անծանոթներ չկային: Կինս իմ համակուրսեցին է, աշխատանքային գործընկերուհին, կյանքիս մեծ Սերը: 

 

Ճակատագիրը ևս մեկ անգամ առերեսեց մեզ դժվարին ապրած տարիներից հետո, երբ եռակի երջանկությամբ սպասում էինք մեր Սիրո երրորդ զավակի ծննդին, որն ավաղ, բժշկական ցուցումով արդեն իսկ դատապարտված էր մահվան: Եվ ժամանակը կանգ առավ… Դաժան վճիռ էր կայացվել. «Կամ կինդ, կամ՝ երեխադ»: Ընտրության առջև գտնվող Գայանեն անընկալ հայացքով նայում էր ինձ՝ «Որոշի՛ր»: «Կինս»,- պատասխանս աներկբա էր: Ու… չծնվեց երրորդ որդիս, սակայն այն կնոջս համար դարձավ ճակատագրական. նա… հաշմանդամ դարձավ: Թողեց աշխատանքը և մեր զավակների դաստիարակության ու կրթության գործին անցավ, իսկ հաջողություններն իրենց երկար չսպասեցրին:  Ռաֆայել Օրտեզն ասել է. «Սիրում ես ոչ թե այն մարդուն, ում հետ կարող ես ապրել, այլ այն մարդուն, առանց ում չես կարող ապրել»:

 

Շնորհիվ Գայանեի այսօր երկու տասնամյակ ետևում թողած մեր որդիները Հայրենիքի արժանի քաղաքացիներ են դարձել: Իսկ ամուսիններիս համար արդեն բացվում են մեր կյանքի կեսդարն անց լուսե առավոտները, որոնք լի են ջերմեռանդ սիրով ու հավատով:

 

Մեր համատեղ կյանքը հագեցած է եղել մշակութային բազմակի միջոցառումներին սերտ մասնակցությամբ, որից հետո, մինչև տուն հասնելը, միասին քննարկել և գրեթե նույն եզրահանգման ենք եկել: Իսկ ծովափնյա մեր վերջին հանգստից, որպես վառ հիշողություն, կնոջս նվիրեցի իմ ի ձեռամբ ծովափում հավաքած և մշակած խխունջի պատյաններից պատրաստածս «Գ» (Գայանե) տառի հուշանվերը, որպեսզի ծովի ալեկոծումը միշտ մնա մեր երջանիկ հուշերում:

 

Շուտով մենք կտոնենք մեր ամուսնության երրորդ տասնամյակը: Տա Աստված, որ Մարգարտյա մեր հարսանիքին մասնակից լինեն նաև թոռները մեր:

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Մեդիամաքսի կողմից համատեղ անցկացվող «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթի մեկնարկային օրվա՝ Մայրիկների տոնի առթիվ այս կրկնակի աքրոստիկոսը (տողերի առաջին և վերջին տառերով) նվիրում եմ իմ կյանքի ընկերուհուն ու սիրուն:

 

Գարնանաշունչ քո մուտքոՎ,

Արևալույս հոգեհմԱ,

Յասամանի շողով բիԼ,

Արարքով դու քո լուսԵ,

Նվաճեցիր սիրտն իմ հաՐ,

Երազային, հույսով լԻ

Իմաստնությամբ վիթխարիԻ,

Նվիրական, հոգեցունՑ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին