Կարեն Դիրարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2490 դիտում

Կարեն Դիրարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Յուրաքանչյուր մարդու համար իր կյանքը, սիրո պատմությունը ամենադժվար կամ ամենահետաքրքիր կամ յուրօրինակ պատմությունն է:  Ես այս մարդկանցից մեկն եմ:  

 

Անունս Կարեն  է:  Ծնվել եմ  Հալեպ  քաղաքում  1978  թ.: Դպրոցական ուսումս ստացել եմ  Հալեպի ԼՆԳԿ վարժարանում և եղել եմ  ՀԲԸՄ-ի (Հայ երիտասարդաց  ընկերակցություն) սկաուտական և մարզական շարքերում:  Մանկությունից  աչքի եմ ընկել ակտիվությամբ և այդ իսկ պատճառով ստացել եմ սկաուտական մի շարք պաշտոններ:  Վստահ, կզարմանաք, թե ինչու այսքան  հիշեցի իմ դպրոցական  և  միութենական կյանքը… պատճառը կինս է:  Նա նույնպես  հաճախել է ԼՆԳԿ վարժարանը և եղել է  ՀԵԸ-ի   սկաուտական և մարզական  անդամներից մեկը:  Եվ չնայած մենք նույն թաղամասում էինք ապրում, ես առաջին անգամ նկատեցի նրան 1994 թվականին, իմ մանկության ընկերոջս ծննդյան օրը:  Այդ օրը ճակատագրական էր:  Երկու դպրոցականներ, կյանքից ոչինչ չէինք հասկանում,  անգամ չէինք գիտակցում, որ կյանքում կան դժվարություններ:  Այդ ժամանակ միայն մի բան քաջ գիտակցում էինք` մենք իրար համար ենք  ծնվել և շարունակելու ենք  այս  կյանքը միասին:   

 

Տարիներն անցան, և մենք մեծացանք: Ես դպրոցը ավարտեցի ու բանակ գնացի, իսկ Սոնան դպրոցն ավարտեց ու սովորեց տուրիզմի քոլեջում: Այդ տարիներին Սոնան նաև  Սիրիայի լողի չեմպիոնն էր և ամեն օր լողավազան էր գնում երեխաներին մարզելու:  Ես միշտ Սոնային ճանապարհում էի տանից քոլեջ, լողավազան կամ ակումբ:  Հիմա, երբ հիշում եմ այդ օրերը, սիրտս նեղվում է այն մտավախությունից, որ միգուցե այնտեղ, ուր ապրել ենք և այն փողոցներով, ուր քայլել ենք, վիճել և հյուսել ենք երազներ փլատակի են վերածվել  կամ  չկան…

  

Զորացրվելուց հետո սկսեցի աշխատել հորս հետ: Սովորել էի արհեստը: Սոնան էլ  աշխատում եր որպես մանկապարտեզի ուսուցչուհի մեր իսկ ավարտած դպրոցում: 

 

2001 թվականին Հայաստանից հրավեր ստացանք մասնակցելու Համահայկական  2-րդ խաղերի բացմանը: Մեկնեցինք Երևան: Առաջին անգամ էինք Հայաստանում: Ես կարծում եմ  այդ այցելությունը  մեծ դեր ունեցավ մեր հետագա կյանքում:  

 

2003 թ նշանվենցինք: Հալեպում ավանդույթ էր այն, որ նոր ընտանիքը պետք է կազմվի միայն սեփական, թեկուզ փոքրիկ, բայց անձնական տան մեջ: Մեզ չհաջողվեց ունենալ այդ տունը:

 

Հետո հասկացա, որ  չեմ կարողանալու երջանկացնել իմ կյանքի ընկերոջը, չէր իրականանում մեր երազները, որոնց մասին 11 տարի շարունակ երազել էինք:  Ես շատ հուսահատ վիճակում էի: Մի օր, ուժերս հավաքելով, որոշեցի բաժանվել Սոնայից: 

 

Երբ այդ պահը եկավ, հանկարծ նա ասաց. «Եկուր երթանք այստեղէն: Եկուր  տեղափոխուինք ուրիշ երկիր մը:  Միասին սկսինք մեր կեանքը»: Լսելով Սոնայի խոսքերը՝ վերածնվեցի, սակայն ո՞ւր, ո՞րտեղ ենք գնալու: Մենք հոգնել էինք արաբական աշխարհից, իսկ Ամերիկա կամ Եվրոպա գնալու համար շատ մեծ գումար էր պետք: Քար լռություն… Մի պահ իրար աչքերի մեջ նայեցինք ու միասին ասացինք. «ՀԱՅՐԵՆԻՔ»:

 

Մտածեցի, արժե՞ փորձել:  Բայց ի՞նչ ենք անելու այնտեղ, ի՞նչպես ենք սկսելու:  Ես ծանոթ  կամ բարեկամներ չունեմ:  Եվ այդ պահին Սոնան նորից ոգևորեց ինձ՝ ասելով. «Շատ մի մտածէր, կարեւորը մենք  իմանանք ինչ կ’ուզենք, յետոյ կամաց-կամաց ամեն ինչ կը լուծուի»:

 

2005 թվականի նոյեմբերի 1-ին ես Հայաստան տեղափոխվեցի և իմ մասնագիտությամբ գործ գտա և սկսեցի աշխատել: Մենք որոշեցինք ամուսնանալ:  2006 թվականի սեպտեմբերի  23-ին ամուսնացանք Հալեպում  ու 10 օր հետո Երևան  տեղափոխվեցինք:

 

Սկզբում շատ բարդ էր մեզ համար:  Հարազատներ չունեինք այստեղ, մեր ընկերները շատ հեռու էին մեզանից:  Սոնան դարձավ իմ աշխարհը, իսկ ես՝ Սոնայի աշխարհը, մինչև ունեցանք մեր նոր շրջապատը, նոր ընկերներն ու բարեկամները:       

 

Շատ անգամներ ես հիասթափվեցի և մտածեցի վերադարձի մասին:  Սակայն կինս ասում էր, պիտի մնանք այստեղ և մեր երեխաները այստեղ պիտի ծնվեն ու մեծանան, ու միշտ հիշում էր այս  խոսքերը ... վերադարձի կամուրջները պետք է այրեք ու երբեք հետ չեք նայելու:   

 

Անցել է արդեն 11 տարի:  Ունենք երկու հրաշք երեխաներ`տղա և աղջիկ: 

 

 Ինչպես նշեցի, մեր ուրախությունը լիարժեք կլիներ, եթե մեր հարազատները, բարեկամները, ընկերները մեզ հետ լինեին, և 5 տարի առաջ այդ մեկը ևս իրականություն դարձավ: Սիրիայի, հատկապես Հալեպի ծանր պայմանների հետևանքով, մեր բոլոր հարազատները եկան և հաստատվեցին Երևանում:  

 

Մենք շատ ուրախ ենք: Մեր կյանքը կայացել է: Ունենք ամուր ընտանիք և հավատում ենք, որ մի օր ունենալու ենք մեր սեփական տանիքը հայրենիքում: 

 

Այս է մեր  պատմությունը:   Էջերն ու բառերը  քիչ են ամբողջությամբ  պատմելու  մեր պատմությունը,  սակայն  շնորհակալ եմ Սոնայից` իմ կյանքի լավագույն ընկերոջը,  իմ սիրուն, իմ  արևին:  Վստահ եմ, որ կարդալով այս էջերը, դուք նույնպես նկատեցիք, որ Սոնան ինձ միշտ նեցուկ է եղել, ճանապարհ է ցույց տվել, հորդորել  է, որ  չկոտրվեմ,  չնեղվեմ, չհանձնվեմ:  Կյանքը պայքար է, և մենք միասին ենք պայքարել:  Կյանքը սեր է և առանց սիրո չես կարող ապրել:  Ես ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, որ գտել եմ իմ կյանքի կեսին`Սոնային: 

 

Մի ասացվածք կա. ամեն հաջողակ մարդու հետևում կա հզոր կին:  Ես փոխեմ ու ասեմ,  ամեն ԵՐՋԱՆԻԿ  մարդու հետևում կանգնած է ԿԻՆ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին