Արամ Մելիքյան. Իմ լավագույն գոլը - Mediamax.am

8249 դիտում

Արամ Մելիքյան. Իմ լավագույն գոլը


Լուսանկարը`


Ուսանողական տարիներին մտերիմներիս հետ հանգստանում էի Ծաղկաձորում: Մի օր երեկոյան, ընկերներիցս մի քանիսը կողպվել էին 4-րդ հարկում գտնվող իրենց սենյակում և չէին կարողանում դուրս գալ: Որոշեցի օգնել և հարևան սենյակի պատշգաբից փորձեցի անցնել նրանց սենյակ: Արդեն ոտքս անկացնում էի իրենց սենյակ, երբ զգացի, որ ընկնում եմ:

 

Աչքերս բացեցի. բոլորը գոռում էին: Պառկած էի արյունոտ ձյան մեջ. հասկացա, որ ընկել եմ: Անկեղծ՝ մտածում էի վերջ, միայն զգացի, ինչ որ մեկը պինդ գրկեց գլուխս:  Ձայնից ճանաչեցի. դա իմ մտերիմներից՝ Լիլիթն էր: Նա վախեցած ձայնով կրկնում էր.

 

- Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ:

 

Ես հազիվ կարողացա պատասխանել.

 

- Խնդրում եմ թող գլուխս

 

Այդ գիշեր կյանքս ամբողջովին փոխվեց:

 

Մահվան հետ հանդիպումը ինձ տվեց Նրան: Ամիսներ անց մենք արդեն միասին էինք: Չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց գլուխս կորցրել էի: Փոքր տարիքում, միշտ լավ նվերներ էի ստանում Ձմեռ Պապիկից: Ամեն անգամ, երբ բացում էի նվերը, դառնում էի ամենաերջանիկ երեխան: Այդ օրը իմ Երկնային Հորից ստացա ամենաքաղցր նվերը՝ Լիլիթին: Նա է իմ անսպառ երջանկության բանալին, ով ինձ նվիրեց ավելին՝ որդուս, Անրիին:

 

Մեր հարաբերությունները կամ կյանքը նման է Հայաստան-Մոնտենեգրո ֆուտբոլային խաղին, որտեղ 2-0 պարտվելիս ոչ միայն հայերը հավասարացրեցին, այլ վերջին վայրկյանին հաղթանակ կորզեցին: Մենք հաղթում ենք նույնիսկ եթե հույս չկա և շատ հաճախ վերջին վայրկյանին գոլը խփում է նա: Մեկ տարի առաջ հերթական գոլն արձանագրեցինք: Պարզվեց,  սպասում ենք  մեր երկրոդ բալիկին, և հինգամյա Անրին որոշեց, որ  քույրիկի անունը կլինի Էմիլի: Մեր կյանքում այս գոլը բավականին երկար սպասված էր:  Լիլիթը շատ էր ոգևորված: Բոլորով անհամբեր սպասում էինք, թե ինչպիսի տեսք է ունենալու մեր աղջիկը:

 

Ցավոք մեր վեց ամսեկան երեխան այդպես էլ լույս աշխարհ չեկավ:

 

Մենք պարտվում էինք:

 

Մեզ համար շատ դժվար էր, բայց գիտեինք միասին կհաղթենք: Ամենադժվար հարվածը դեռ առջևում էր: Անրին հարցրեց «բա ուր է իմ քույրիկը» :

 

Մենք եվս մեկ գնդակ ընդունեցինք մեր դարպասը:

 

Մենք չհանձնվեցինք: Նա չհանձնվեց և  գնացինք ընդմիջման հոգատար և ջերմ մթնոլորտում: Որոշ ժամանակ անց մենք հավասարացրեցինք հաշիվը: Նորից Լիլիթի սրտի տակ սկսեց բաբախել նոր սիրտ: Այդ լուրը մի պահ կանգնեցրեց ժամանակը: Նայեցի Լիլիթի  արցունքոտ աչքերի մեջ,տեսա ուրախություն՝  լցված վախով: Պինդ գրկեցինք միմյանց և որոշեցինք միասին հաղթել: 

 

Լիլ,  սիրում եմ քեզ ավելի քան երեկ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին