Հարություն Դաշտոյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

3237 դիտում

Հարություն Դաշտոյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


-Սիրելի՜ս, աքրոստիկոս եմ գրել քո պատվին.

 

Իմաստնությունն Աստվածային

Մարդուն ստեղծեց այր ու կին

Կյանքում լինեն միասին

Ինչպես արև ու լուսին

Նմանությամբ լույսին

Նվաճեն խավարը սին

Իշխեն հողին ու ջրին

Միությամբ սրտագին

Ընկեր լինեն մեկը մեկին

Նեցուկ տանը, գործերին

Կերտեն իրենց ուղին

Երջանկությամբ անմեկին

Րաբունի զավակներին

Նվիրական հոգին

Էությունն է ծնողին.

 

-Ա՞մուսին, երկնից իջիր դու գետին:

 

- Ճիշտ ես, իմ կին, օրինակ բերենք մեր ծնողներին: Մերոնք ծանոթացել են Աժդահակի գագաթին, արշավական ընկերներ են հին, կյանքում նվաճել են բազում բարձունքներ խրթին: Ընտանեկան կյանքը դարձրել են ընկերություն, ահա քեզ ուսանելի փորձառություն:

 

- Պատմիր մի քիչ ձերոնց մասին.

 

- Թե հայրս ողջ լիներ, իրեն հատուկ հումորով կասեր՝ ինչպիսի ընկեր է մայրս, որ իր քաշած անհաջող օղին իր հետ խմել է մութ գիշերին, չի դժգոհել, իսկ երբ զգացել է՝ անտանելի հոտը, ասել է՝ ա՜յ հընգեր, հեռու տար այս թոթը, թե չէ կխառնեմ էրեխեքի մաթեմի տնայինների օխտն ու օթը։ Սյունյաց լեռների մեր փոքրիկ գյուղում շատ ամուսիններ են իրար «հընգեր» (ընկեր) դիմում, ես էլ եմ այդպես մտածում՝ սիրել կարելի է միայն հընգերին ու ամուսին ընտրել քեզ հընգեր ասողին:

 

- Հընգեր ջա՜ն, գինի լից:

 

- Հայրս՝ բարձրահասակ ու գանգրահեր, մտքերով սավառնում էր դեպի վեր, այցելում տարբեր մոլորակներ, սակայն ուր էլ թափառեր, միշտ վերադառնում էր իր շիկահեր, կանաչ աչքերով հընգերի քով: Հընգերության կետը սրտի ձախ հատվածն անվանում, մի օր էլ ընդմիշտ առեղծվածով թողնում ու հեռանում՝ տանելով իր հետ գաղտնիքներ բազում, իսկ մայրս շռայլ է տես, և ընկերության օրինակ է մեզ:

 

- Ես ու հայրդ իրար շատ ենք նման, վասն հընգերության և երկնքում սավառնության, զուր չէ, որ կնության առել եմ նրա աղջկան:

 

Կնոջս հանդիպեցի հոր մահվան տարում՝ ընկերական շրջապատում: Ընկեր էինք  ամիսներ երկար, երկու օր շփվեցինք մտերմաբար, երրորդ օրը ամուսնության առաջարկություն արեցի՝ պայմանով, որ մեր ընկերությունը շարունակվի։ Երբ նա պատմեց հընգերության մասին իր մտածածը, սրտիս դիպավ նրա ասածը։

 

Բոլորում է չորս տարին մեր ընկերության, թող այն ձգտի հավերժության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին