Գրիգոր Բաղդասարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

1045 դիտում

Գրիգոր Բաղդասարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Երբ քո հետևից փակեցի երթուղայինի դուռը, որպեսզի  ճանապարհեմ, կարծես օդս մի պահ կանգ առավ: Ի̉̉նչ կատարվեց, ինքս էլ չհասկացա: Սիրահարվեցի, թե քեզ կորցնելու վախը պարուրեց հոգիս: Ամեն դեպքում օդս պակասեց . . . Դու էլ կողքս չէիր լինելու, երկու տարի չէի տեսնելու քեզ, չէի լսելու հետաքրքիր և այնքան ինձ ծանոթ մտքերդ, խորհուրդներդ:

 

Մեր ընկերական շրջապատից քեզ առանձնացրեցի հենց  առաջին ծանոթության օրը, դու նման էիր ինձ, այնքան հարազատ ու մոտիկ էին քո մտքերը, ու այնքան ջերմ էիր դու, որ ինչ-որ տեղ, անգամ,  վախենում էի մեր նմանությունից: Դու շատերի միջից դարձար ինձ հարազատ, այնքան հարազատ, որ երբեմն քեզ միայն հայացքով էլ կարողանում էի բացատրեի, թե ինչ է կատարվում հոգումս, նույնիսկ, եղել են մարդիկ, ում գոյության փաստը  քեզնից թաքցրել եմ, որովհետև ակնհայտ գիտեի, ինչ ես ասելու նրանց մասին, որ չես հավանելու կամ այնպիսի մի բան կասես, որ չեմ կարող քեզ հակադրվել:

 

Իսկ այսօր մի այլ կերպ եմ զգում բացակայությունդ, հեռանալդ . . . հայացքդ . . . կկարոտեմ, գիտեմ: Հայացքդ հետադարձ էր, կարծես դու էլ իմ նման չասված բառերի մի փունջ էիր պահել սրտիդ խորքում, որ այժմ հայտնվել էին կոկորդումդ ու խեղդում էին քեզ: Բառեր, որոնք չպետք է արտասանվեին, հոգու խորքից լսվող կանչ, որ դեռ երկար պետք է սպասեր իր ծննդյանը:

 

Ինչ կարող էի անել, ես գնում էի: Թողնեի քեզ՝ ինձ սպասելով երկու տարի, ճիշտ կլիներ արդյոք: Իսկ գուցե երկու տարի հետո ամեն ինչ փոխվեր, գուցե այս ակնթարթային սիրո ելևէջները լոկ հեռավորությունից ու մենակությունից փախչելու միջոց էին, գուցե պահի ազդեցություն էր.... Ես պետք է գնայի, քեզ երկու տարի չտեսնելու վախն էլ անգամ կարող էր հապշտապ ու սխալ որոշման ու արտասանված բառերի արդյունք դառնար:

 

Ես գնացի . . .

 

Երկու երկարուձիգ տարիներ, ժամեր, որոնք հավերժություն էին թվում...

 

Ամանորյա գիշերն էր: Ինչ-որ հեքիաթային կախարդանք ուներ այն իր մեջ: Առատ ձյուն էր տեղում, ձյան փաթիլները,  կախարդական մեղեդու ներքո  պար բռնած, պտտվելով իջնում էին ցած, շուրջբոլորը ճերմակ ներկելով:  Հեռվից քեզ տեսա . . .  Քայլում էիր քո մանկական անմիջականությամբ, թեթև, կարծես դու էլ  ձյան նուրբ փաթիլը լինեիր, կարծես դու էլ այսօրվա հեքիաթից լինեիր: Ինձ տեսնելով, արագացրեցիր քայլերդ, հազիվ ինձ ստիպեցի, որ չվազեմ դեպի քեզ . . . Կարոտել էի. . . Հազիվ էիր մոտեցել ինձ, գրկեցի քեզ, գրկեցի և պտտացրեցի օդում, իմ նուրբ փաթիլ, իմ կարոտի երազ, ինչքան ժամանակ էր չէի տեսել քեզ: Այնուհետև իջեցրեցի, համբուրեցի քիթիկդ, բռնեցի ձեռքդ և դրեցի գրպանս:                                       

 

Հայացքիդ մեջ արդեն կարդում էի կուտակված հարցերդ, ու որպեսզի խուսափեմ քո հարցերից, ինքս սկսեցի քեզ հարցուփորձ անել, մինչև հասանք տուն:

 

Տարիներ հետո միայն պետք է պատասխանեի  հարցերիդ, տարիներ հետո միյան պետք է գտնեի իմ մեջ այդ համարձակությունը:

 

Այսօր չունեի քո հարցի պատասխանը, երևի միայն կարողանայի ասել քեզ, որ խենթի նման կարոտել եմ քեզ, որ երկու տարի չեմ տեսել քեզ, որ այնքան բան ունեմ պատմելու, որ . . .

 

Ես նախընտրեցի լռել, ավելի ճիշտ՝ սպասել . . .

 

Տարիների հետ մեր հանդիպումները ավելի հաճախակի էին դարձել՝  քաղաքից դուրս, ծննդյան տարեդարձներ, պատեհ և անպատեհ առիթներ, թեյ խմելու կամ ֆիլմեր դիտելու երեկոներ և այն ամենը ինչ հնարավոր էր ստեղծել, միայն քեզ հանդիպելու համար:  Հերթական հավաքույթի ժամանակ նոր գինի էինք փորձում, կարծես բոլորս էինք փոքր ինչ գինովցած, ինչպես նաև բավականին համարձակ ու հետաքրքիր մտքերով լեցուն: Բոլորիդ բաժակները լիքն էին, երբ եղբայրս առաջարկեց խմել մեր ընկերության կենացը, ես հրաժարվեցի, ասեցի, որ արդեն փոքր ինչ գինովցած եմ ու դա էլ բավական է ինձ: Հայացքներով հանդիպեցինք, չհավատացիր ինձ: Միայն հայացքդ բավական էր, հասկանալու համար, որ պետք է խոսենք:

 

- Ինչու՞ չխմեցիր:

 

- Չեմ ուզում միայն ընկերներ լինենք:

 

- Այսի՞նքն:

 

- Սիրում եմ քեզ,- ասեցի ես՝ հասկանալով, որ հիմա կամ պետք է կորցնեմ քեզ, կամ այսուհետև ամբողջ կյանքս ապրեմ՝  քեզ սիրելով:

 

Հավատում էի զարմացած հայացքիդ, բայց մի պահ չհավատացի ինքս ինձ, իմ լսածին: Կարծես երազ լիներ բառերդ այդքան սպասված ու այդքան երազած:

 

- Ես էլ քեզ եմ սիրում, գիտես:

 

Գրկեցի քեզ ու երդվեցի այլևս երբեք քեզ բաց չթողնել:

 

Այն ձնառատ հեքիաթային գիշերից  հինգ տարի հետո միայն եկեղեցու զանգերը ավետեցին մեր ամուսնության լուրը: Հինգ տարիների ընթացքում դու եղել ես ու կաս իմ միակ ընկերը, իմ լավագույն կեսը, իմ տխուր և ուրախ օրերի հարազատը, իմ գիտակից որոշումների արդյունքը, իմ հաջողությունն ու իմ ամեն ինչը:

 

Այսօր ու առհավետ դու իմ կինն ես, թեև, ինչպես հինգ տարի առաջ, դու երբեք չես դադարի լինել իմ հեքիաթի  այն նուրբ ու թեթև փաթիլը, իմ կարոտի երազը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին