Դավիթ Դոլինյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

4515 դիտում

Դավիթ Դոլինյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Բարև իմ Ընկեր

 

Թույլ տուր շնորհակալություն ասել քեզ առաջին հերթին, որ քո գոյությամբ ինձ սովորեցրիր սիրել, սիրել նորովի, սիրել գիշերը, սիրել լռությունը, սիրել ինձ։

 

Այո, ես սիրում եմ ինձ, սիրում եմ այն մարդուն, ում սիրում է քեզ պես բարի մի էակ, իսկ այդ էակին սիրում եմ իմ անձից շատ, որովհետև սիրո մարմնավորումը հենց Դու ես, իմ մեծ ընկեր։

 

Շնորհակալ եմ, որ կարող եմ ինձ պետքական և հույժ կարևոր մարդ զգալ այս աշխարհում։ Երբ այլևս  ինձ միայնակ չեմ կարողանում զգալ, իմ լավագույն ուղեկից, իմ հրաշագործ։

 

Գիտես ինչ հաճելի  հիշել, որ որքան էլ ուշ մտնեմ տուն, չես զլանում ինձ համբուրել և գրկել ինձ, հարցնել ․

 

- Կյանքս հաց ուտու՞մ ես,- և անթաքույց ուրախանալ ասված․ «Չէ, Քաղցր ջան»- ից, իմ ամենաանկեղծ ընկեր։

 

Ես քո կանացիության ու խոհեմության պատճառով դարձել եմ ամենաամուր տղամարդը։ Երբ կարող եմ գրկել քեզ տխրության պահին և ասպետի պարտքն իսկույն ինձ ստիպի դադարել տխրել, որ չփոխանցեմ այն քեզ, չէ՞ որ ես ծնվել եմ քեզ ուրախություն բերելու համար, ինչպես և դու՝ բերելով ինձ  չմարող երջանկության զգացումը։

 

Թույլ տուր գոնե այսպես շնորհակալ լինեմ քեզ, որ կյանքս գունավորել ես, լույս ավելացրել։

 

Ափսոս չես տեսել, թե ինչ երկնային գեղեցիկ ես, երբ իմ հորինած մի կատակից  անվերջ ծիծաղում ես։ Ես ինձ զգում եմ Օսկարակիր սցենարիստ և տաղանդավոր արվեստասեր, իմ լավագույն և ամենագեղեցիկ հանդիսատես։

 

Հիշում եմ, որ միասին ինքնաթիռով մեկնում էինք Մոսկվա գործուղման, իսկ դու հղի էիր, ես անհանգստանում էի, որ ամենը հարթ ընթանա։ Ձեռքս թռիչքի ժամանակ բռնեցիր ու նայեցիր ինձ․քո աչքերում այնքան վստահություն կար, որ ես հասկացա, որքան կարող մարդ եմ ես։ Երբեք ինձ այդքան ինքնավստահ չէի զգացել։ Ինքնաթիռն իսկույն ինձ համար վերածվեց ամրոցի, իսկ ես հասակ առա ու կերպարանափոխվեցի անսասան զինվորի, որ պիտի պաշտպաներ քեզ։ Ես ինձ տրված առաքելությունից էլ ավել ոգևորվեցի ու այլևս խաղաղ էի։ Ինչ քաղցր էր այդ պահին Քեզ հետ  միասին լռելը, իմ անդավաճան ընկեր։

 

Շնորհակալ եմ, որ  կարողանում ես ամենափորձառու հոգեբանից ավելի լավ քննարկել իմ ներաշխարհը, հասկանալ ինձ, երբ ինքս ինձ չեմ հասկանում, իմ իմաստուն ընկեր։

 

Ես ինքս ինձ հետ այդպես անկեղծ և նվիրված ընկերություն չէի կարող անել՝ ինչպես դու ես կարողանում։ Երբեմն իմ մոտ զգացում է, որ քեզ ուղարկել են, որ ես չխճճվեմ երկրային իրականության մեջ, որ Աստված  ուղարկել է խորհրդական, որ իր նվիրած կյանքը անիմաստ չվատնեմ, կարողանամ ապրել, զգալ ներկան և իմաստավորել իմ գոյությունը։    

 

Նաև շնորհակալ եմ, որ ինձ թույլ տվեցիր հավատալ հրաշքների։ Երբ մեր միասին լինելու հավանականությունը, ըստ բոլոր կարծրատիպերի, հավասար էր զրոյի՝ քո գոյությունը ստիպեց ինձ բոլոր աշխարհիկ միջոցները սպառելուց հետո իմ աղոթքներն ուղղել առ երկինք և սպասել հրաշքի։  Չորս տարի անընդմեջ թևածող սերը վերջիվերջո տվեց իր արդյունքները, որի համար այս անգամ շնորհակալ եմ Աստծուն։

 

Եվ երբեմն ինքս ինձ չեմ հավատում, որ դու իրականում ինձ հետ ես։ Ավելին՝  երկու հրաշք էլ արդեն ավելացրել ես, հրաշագործ մայրիկ։

 

Դու բարու, լուսավորի, ամեն Աստվածայինի դեսպանն ես ինձ համար, իմ կին, իմ սիրուհի, իմ ընկեր։ 

 

Հավատում եմ Քեզ  ինչպես ոչ մեկին,

Հավասար ենք մենք, Դու, բայց՝ ավելի։

Սիրո քո խոսքից ցողի բույր կառնեմ,

Աչքերիդ փայլից ցավերս վառեմ ,և

Թե Աստված  թույլ տա ,

Հետս «էն աշխարհ» համբույրդ տանեմ։

 Նրա համար  է մայրամուտը լոկ,

Ով երկրագնդին համընթաց ստիպված

Երես է թեքում իր արեգակից,

Անծայր եզերքից  արևին նայող

Արևասերը  մայրամուտ տեսնել երբեք չի կարող։

 

 Շնորհակալ եմ, որ այս տողերը կարողանում ես կարդալ իմ ձայնով, այնպես ինչպես ես կասեի քեզ՝ նայելով քո աչքերի մեջ։  Օրհնյալ լինի այն օրը, երբ ձեռքերդ ափերիս մեջ առա և մատանով խորհրդանշեցի մեր հարատև ընկերության սկիզբը, այն ձեռքերը, որ հետո ինձ համար պիտի թևեր դառնային։

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին