Օնիկ Վարդանյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2200 դիտում

Օնիկ Վարդանյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Երջանիկ են նրանք, ովքեր ունեն ընկերներ, շատ ընկերներ…

 

Սակայն ի՞նչ ենք հասկանում ընկերություն ասելով... մի՞թե այն, ինչ կատարվում է մեր շուրջը, ընկերություն է:  Շատերի համար այո, իսկ որոշների համար՝ ոչ: 

 

Ընկերությունն ուրիշ է, ընկերությունը նման է սիրո՝ այո, սիրո…. Այն պետք է լինի սիրո նման մաքուր, սիրո նման անկեղծ և սիրո նման հավատարիմ:

 

Երանի՜ նրան , ով շատ ընկերներ ունի՞, ոչ՝ երանի նրան, ով իր ընկերներին շատ չի համարում: Երանի՜ նրան, ով ունի ոչ թե շատ, այլ շատ մոտիկ ընկերներ, ով կարող է իր ընկերների հետ առանց մտածելու կիսել ամեն ինչ՝ ուրախություն և տխրություն, ծիծաղ և լաց:

 

Երանի նրան, ով ունի թեկուզ մեկ, բայց հավատարիմ ընկեր, վստահելի մարդ իր կողքին: Իհարկե, ինչպես ամեն ինչ, ընկերությունն էլ իդեալական չի լինում, բայց այն կարելի է մոտեցնել հավերժականին: Ընկերները պետք են ամեն տեղ, բայց չպետք է ունենալ ընկերներ պահված ինչ-ինչ նպատակների համար, մի՞թե դա հարգալից ընկերություն է:  Իսկ այնտեղ, որտեղ հարգանք չկա, ընկերության մասին խոսելն ավելորդ է: Ընկերության մեջ պետք է լինի հավասարություն, նվիրվածություն, պատրաստակամություն և մեծ սեր…

 

Եվ ահա այստեղ էլ հարց է առաջանում: Իսկ կարո՞ղ է գոյություն ունենալ ընկերություն կնոջ և տղամարդու միջև: Ընդհանրապես տղամարդու և կնոջ միջև ընկերությունը բավականին հարաբերական հասկացություն է և շատերի մոտ հաճախ է առաջանում նման հարց: Ինչպե՞ս կարող է կնոջ նման թույլ և նուրբ էակը լինել տղամարդու ընկերը և նրա հետ կիսել նույն հետաքրքրությունները: Իսկ ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ միակ Սերն իմ կյանքի ամենանվիրված ընկերն է: Նա կարող է գարեջուրը ձեռքին ֆուտբոլ նայել ինձ հետ, երբ մյուս հեռուստաալիքով ցուցադրում են հագուստի նոր հավաքածուն: Նա կարող է օգնել ինձ մեքենան հրել, երբ այն ինձ դավաճանում է և թողնում կես ճանապարհին, նա կարող է նույնիսկ գիշերվա ժամը տասներկուսից հետո գալ ինձ հետ մեքենան գազով լիցքավորելու, երբ ես ալարում եմ այդ ժամին միայնակ մեքենա վարել, նա կարող է նույնիսկ ինձ հետ մեքենայում նստել ժամերով և լսել ռաբիս երաժշտություն, երբ գիտի, որ դա ինձ համար հաճելի է, այն դեպքում, երբ նա կլասիկայի մեծ սիրահար է… նա խենթ է պարզապես, ես էլ հենց այդ չարաճճի խենթությունն եմ սիրում նրա մեջ… Երբեք չեմ մոռանա, երբ նա մի անգամ ինձ հարցրեց .

 

- Եթե ես տղա լինեի, ինձ հետ ընկերություն կանեի՞ր:

 

Նման հարցի չէի սպասում ու երբեք մտքովս չէր անցել նման բան, բայց երբ մի փոքր մտածեցի, հասկացա, որ նա կլիներ իմ լավագույն ընկերը, որ ես պարզապես կերազեի նրա նման ընկեր ունենալ կողքիս, այդքան նվիրված, այդքան հավատարիմ ու հոգատար: Իսկ ներկայումս մենք իսկական ընկերներ ենք, կին-տղամարդ ընկերներ, բառիս բուն իմաստով, ովքեր պատրաստ են միասին հասնել աշխարհի  ծայրը: Մենք  կիսում ենք միմյանց հետ մեր ուրախության և տխրության պահերը: Ասում ենք  գաղտնիքներ , որ  դեռևս ոչ ոքի չենք վստահել: Հիանալի բան է կին-ընկեր ունենալը:

 

Իսկ նրա հարցին ես կեսկատակ կեսլուրջ պատասխանեցի.

 

- Էնպես  կուզենայի քեզ հետ բանակում ծառայեի…

 

Իսկ նա քմծիծաղ տվեց ու ասաց.

 

- Դու իմ « մալադոն » կլինեիր:

- Ո՞նց թե,- վրա բերեցի ես,- ու այդտեղ սկսվեց մեր լեզվակռիվը:

 

Էնպես եմ սիրում գանձիս (ես նրան միշտ այդպես եմ դիմում) հոգու հետ խաղալ:  Նա ստիպում է ինձ   ապրել, վայելել  կյանքը, չտխրել, խնդիրները ճիշտ լուծել...

Դու իմ աշխարհն ես

Քեզ սիրում եմ այնպես

Ոչ ոք չի կարող, ինչպես ես

Սիրում եմ այնպես, որ կուզենայի

Դու ինձ սիրես ճիշտ այդպես

Ես քեզ սիրում եմ մեծ հոգուդ համար

Չեմ կարող ոչ ոքի  նայել ես

Չեմ ուզում սիրել ուրիշ ոչ մեկին ես

Քաղցր յար դու բավարար ես…

Գնահատեք ձեր ընկերներին, իսկական ընկերներին, ընկերությանը ոչինչ չի կարող փոխարինել: Ես  կարծում եմ, որ  անհատը հասարակության մեջ միայնակ  ապրել չի կարող: Այդ պատճառով  նա իր համար փնտրում և գտնում է սրտակից  և մոտ ընկեր՝ կնոջը: Շնորհակալ եմ Աստծուն , շնորհակալ եմ ինձ այսքան մեծ սեր զգալու ունակություն շնորհելու համար...

 

Այնքա՜ն շատ եմ սիրում նրան, սիրում եմ նույնիսկ նրա հանդեպ ունեցած իմ այդ կպչուն, միևնույն ժամանակ փխրուն սերը... Սիրում եմ նրան իմ ընկերը լինելու համար, իմ կյանքում պատահած դժվարությունները  հաղթահարելու ուղիներ ցույց տալու համար:

 

Քեզ հանդիպելուց հետո ես միայն վերելքների ու բարձունքների եմ հասել: Քեզ հետ ես բարի եմ, քեզ հետ ամբողջական ու ինքնավստահ: Այնքան հպարտ եմ, երբ կողքովս դու ես քայլում՝ քո դրական Էներգիայով լցնելով շրջապատը: Դու աշխարհում  այն մի հատիկ մարգարիտն ես, որ իմ կյանքը  դարձնում է կատարյալ, գեղեցիկ և հարմոնիկ...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին