Վիլեն Գաբրիելյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

3961 դիտում

Վիլեն Գաբրիելյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընդունելություն, 1989թ., քննություն հայ գրականությունից: Ընտրել էի ազատ թեմա` "Անակնկալ հանդիպում" և հանդիպեցի Աբու-Լալա-Մահարիին: Ընտրությունս գերազանց գնահատվեց: “Իմ կինն իմ ընկերն է” շարադրությունը գրելիս վերհիշեցի 27 տարվա այս իրադրությունը, վերապրեցի կյանքիս լավագույն դրվագներից մեկը:

 

Հայտնի աքսիոմա է` ընկերությունն ընտրովի կատեգորիա է: Իմ պատկերացմամբ` կյանքի ընկերոջը, կեսին ընտրում են սրտի թելադրանքով և սկսում են հանձնել հետագա տարիների քննությունը: Իրական կյանքը, բանականությունը հակադրվում են սրտին, կամ գոյակցում են համերաշխության և անդորրի մեջ:

 

Կես… Քիչ է: Թերի է կամ ոչ լիարժեք, ինչպես բջջային կապի օպերատորը կասեր: Հաստատապես` կեսից ավելին, իր էությամբ` որոշակի "վերահսկիչ փաթեթ", 50%  գումարած մեկ ձայն, ով ինչպես ցանկանա:

 

Կեսից ավելին… Միտքն առաջացել է քսան տարի անց, ինքնաբերաբար: Միջանկյալ քննության գնահատական մի մարդու կողմից, ով ամենևին էլ “նվեր” չէ, ում հետ ապրելը հավասարազոր է քմահաճույքի հետ ապրելուն, ում քիմքն այնքան էլ կայուն չէ: Ավելի շուտ` կայուն անկայուն է:

 

Ռ.Ռեյգանը ռուսական ասացվածքներ էր սովորում, ես սիրում եմ դրանցից “Լավից լավը չեն փնտրում”-ը: Առավել ևս, որ փնտրելու տեղ քիչ կա, նույնիսկ` չկա: Համեմատություններ անել պետք չէ, հարևանի հարսն էլ թող սիրուն մնա:

 

Երջանկության բաղադրիչները կամ չափորոշիչները խիստ անհատական են, ընդհանուր բանաձև չկա` Դեյլ Կարնեգիի տեսությունն ու Լև Տոլստոյի ձևակերպումն անվիճելի են: Ես ունեմ իմ բանաձևը. առանց համարժեք կյանքի ընկերոջ չկա իրական երջանկություն /թեպետ սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է/: Ընկեր, ով անտրտունջ տանում է զինվորական ամուսնու` նաև մասնագիտությունից բխող դժվարությունները, դուստրերին մեծացրել է անհնարին թվացող ժամանակակից-ավանդապաշտական ձևաչափով, հիմնաքար է և հենասյուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին