Պարթեւ Թարոյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

2078 դիտում

Պարթեւ Թարոյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


1990թ.-ի մարտի 23-ին ծնվեցի ես, իսկ18-ին` կինս: Կարծում եմ՝ սա ճակատագրի նախախնամություն էր, որն այդքանով չէր սահմանափակվելու: Եվ, այո՛, ես ճիշտ էի, որովհետև տարիներ անց, ոչ մեր կամքով, բայց երկուսս էլ հայտնվեցինք նույն բուհում:

 

Եվ՛ գրում եմ, և՛ մտածում, որ բոլորի համար արդեն պարզ է` կյանքի նոր էտապ, նոր միջավայր, նոր ծանոթություն, մի խոսքով` մի նոր ճանապարհ, որը  մեզ վիճակված էր անցնել միասին:

 

Այժմ հետադարձ հայացք գցելով ոչ այդքան վաղ անցյալին՝ հասկանում եմ, որ կյանքը մեզ այնքա՜ն է սիրել և այնքա՜ն նմանեցրել, որ թույլ է տվել ծանոթանալ դեռ պատանի, ապա հասունանալ միասին և գծել մեր գեղեցիկ, հետաքրքիր և ինչու չէ նաև խոչընդոտներով լի ճանապարհը:

 

Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերը: Նշեմ նաև, որ յոթ տարի շարունակ մենք ընկերներ ենք եղել: Գիտեմ` հիմա շատերը կարդալիս կասեն, որ տղամարդու և կնոջ միջև չի կարող ընկերություն լինել, բայց մեր այդ յոթ տարիները փաստում են, որ կարող է: Սովորել ենք, աշխատել  և այդ ուսանողական թոհուբոհի մեջ միշտ էլ ժամանակ ենք ունեցել միմյանց տեսնելու, լսելու, նաև սատարելու համար:

 

Սիրում էինք երկար քայլել ու զրուցել (հաճախ նույնիսկ չէինք էլ նկատում, թե ինչպես էին անցնում ժամերը): Պատկերացնելու համար ասեմ `  կարող էինք Ծիծեռնակաբերդից մինչև Մոնումենտ քայլել ու զրուցել (մի տեսակ կարոտով հիշեցի... վաղուց այդքան երկար չենք քայլել):

 

Հիմա կհարցնեք՝ միթե՞ մեր կյանքում դժվարություններ չեն եղել, հարաբերությունների բախումներ չեն եղել: Այո՛, եղել են. յոթ տարի անց, երբ մեզ թե՛ ժամանակն էր իրար կապել, թե՛ արդեն բավականին հասուն մի հարաբերություն, որին մենք հանգիստ «ընկերություն» էինք անվանում, կանգնեցրեցին այդ պահի համար դժվարին, գրեթե անլուծելի մի խնդրի առջև, որի պատճառով միմյանց հրաժեշտ տվեցինք: Այդ լռությունը միգուցե ձեզ համար կարճ թվա, բայց ինձ համար բավականին երկար ու ձիգ վեց ամիսներ էին:

 

Սեպտեմբերյան անկախության տոնը մեզ էլ բերեց բոլորից անկախ մեր հարաբերությունների նոր էտապ... Այդ օրը ես զանգահարեցի, մենք երկար զրուցեցինք և որոշեցինք անկախության տոնը տոնել միասին, և ...

 

Եվ այդ օրվանից արդեն երկու տարի է անցել, մենք հասցրել ենք ամուսնանալ և ունենալ մեր փոքրիկ հրեշտակին` Անահիտին:

 

Հայացք ձգելով մեր` միասին անցած ճանապարհին, անթաքույց հպարտությամբ կարող եմ փաստել, որ, այո՛,  իմ կինը իմ ընկերն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին