Գեւորգ Մամիկոնյան. Իմ կինը իմ ընկերն է - Mediamax.am

3590 դիտում

Գեւորգ Մամիկոնյան. Իմ կինը իմ ընկերն է


Լուսանկարը`


Երբ մարդ լսում է «ընկեր» բառը, նրա մտքում իսկույն հայտնվում է մի մարդու պատկեր, ում նա համարում է իր ամենամոտ ընկերը, ում հետ նա կիսել է իր կյանքի դժվարին պահերը և ուրախությունները, ում նա անմնացորդ նվիրվել է, ում անսահման վստահում է և պատրաստ է ամեն ինչի հանուն նրա: Այդ պատկերը հայտնվում է անկախ մեր մտքերից. հնարավոր է մեր ուղեղը այնպես է ստեղծված, որ երբեք չմոռանանք մեր ընկերներին:

 

Ես քսանհինգ տարեկան մի երիտասարդ եմ, ով անթարթ նայում է կյանքի պատուհաններից այն կողմ` չվախենալով  ցուրտ ու անձրևոտ եղանակներից: Ես սիրում եմ կյանքն իր վառ ու մռայլ գույներով, ինչպես որ սիրում եմ իմ ընկերոջը` իր բնավորության բոլոր երանգներով: Պատահում է նաև այնպես, որ նրանք միաժամանակ նույն գույնի զգեստներ են հագնում` պայծառ կամ մռայլ, փոթորկուն կամ հանդարտ, և ես մի պահ սկսում եմ կասկածել, որ դուրս եմ մնում գաղտնի երկխոսությունից և պայմանավորվածությունից, բայց, միևնույնն է, շարունակում եմ նրանց անմնացորդ սիրել: Անհնար է ինձ համար պատկերացնել կյանքն առանց ընկերոջ, քանի որ իմ պատկերացմամբ կյանքը դա այն մեծ բնակարանն է, որը մեզ տրվել է ի ծնե, իսկ ընկերը այդ բնակարանի պատերն են, գույները, կահույքը և այն ամենը, ինչը առավելագույնս հարմարավետ է դարձնում այն:

 

Ես մի մոլորված երիտասարդ էի, ով ոչ մի կերպ չէր կարողանում գտնել կյանքի այն խաչմերուկը, որտեղից պետք էր աջ թեքվել և այդ անծանոթ խաչմերուկներից մեկում հանդիպեցի իմ հին ընկերոջը: Այդ պահին չէի էլ կարող պատկերացնել, որ նա կկարողանա ինձ օգնել դուրս գալ այդ լաբիրինթոսից, քանի որ նա նույնպես չուներ այդ ավերակ քաղաքի հատակագիծը: Ավերակ քաղաքը դա իմ հոգին էր, որի կենտրոն տանող ճանապարհները նա կորցրել էր դեռ տարիներ առաջ` վերջին մի անփույթ հեռախոսազրույցից հետո: Սակայն նա իր վարակիչ լավատեսությամբ ինձ համոզեց, որ ամենևին էլ պետք չի փախչել այդ քաղաքից. լավագույն քաղաքը ես պիտի կառուցեմ իմ ձեռքերով և միայն այդ դեպքում ես կսիրեմ քաղաքն այնպես, ինչպես հարյուրամյա պապիկը սիրում է իր փլատակ խրճիթը, որի տանիքից արդեն տասներկու տարի է անձրևաջրեր են կաթում:

 

Անհասկանալի էր ինձ համար, թե ինչու է նա օգնում ինձ. չէ որ ես թողել էի նրան տարիներ առաջ առանց նույնիսկ նրա հետ վերջին անգամ հանդիպելու: Ես սիրում եմ հանելուկներ և որոշեցի պարզել, թե ինչու է նա այդ ամենից հետո որոշել օգնել իր անցյալում մնացած ընկերներից մեկին: Իսկ նա այդ ժամանակ ինձ հետ մեկտեղ ոտքի էր կանգնեցնում արդեն շունչը փչած քաղաքը: Ես չէի հավատում իմ աչքերին, ինչպես չի հավատում խեղդվողը վերջին վայրկյանին նրան մեկնած ձեռքի իսկությանը, բայց դա իրականում տեղի էր ունենում, և ես ամեն օր տեսնում էի ավելի ու ավելի աշխուժացող անցուդարձը իմ քաղաքում: Այս հանելուկի պատասխանը ինձ տանջում է մինչ օրս, բայց ես վստահ եմ, որ նրա մեջ ինչ-որ հրեշտակային կամ հրեշային բան կա ու երկու ելքն էլ ինձ գոհացնում է, քանի որ ես չեմ կարող այլևս ապրել առանց այդ բարի հրեշի:

 

Կախարդված նրա առեղծվածային էությամբ` ես ամուսնացա նրա հետ երկու ամիս առաջ և հիմա ապրում ենք մեր փոքրիկ տնակում, որտեղ ամեն ինչ հեքիաթային է: Ճիշտ է` մեզ մոտ էլ են լինում վեճեր, բայց ստիպված ենք լինում շատ շուտ հաշտվել, քանի որ մեր փոքր բնակարանում գրեթե անհնար է իրարից թաքնվել: Ես սիրում եմ մեր վեճերը, քանի որ վերջում ես ստիպված եմ նրան շատ պինդ գրկել, որպեսզի նա չկարողանա շնչել ու հանձնվի: Ես սիրում եմ նրա ձգտումները, որոնք ստիպում են նաև իմ պես ծույլին շահագրգռվել, մղվել դեպի փակուղիներ և նրանցից ելքեր գտնել: Մենք մշտական ինքնազարգացման պատերազմի մեջ ենք և ամեն օրը նվիրված է մասնագիտական որակների լավացմանն ու հզորացմանը: Ես միշտ ընկերություն եմ արել ուժեղ մարդկանց հետ, ովքեր չեն հանձնվում, պայքարում են և ամեն ինչ անում են, որ դու պարտվես: Ես սիրում եմ հենց այս պայքարը և երազում էի այդպիսի պայքարի մեջ ապրել ու հիմա պայքարում եմ ամեն օր:

 

Եթե ես ասեմ, որ սիրում եմ նրան կամ որ նա է սիրում ինձ, դա կնշանակի, որ ես ոչինչ չեմ ասում մեր հարաբերությունների մասին, քանի որ բառերը ստեղծվել են շատ սահմանափակ հնարավորություններով, որոնց մեջ չի մտնում զգացմունքները բացատրելու ֆունկցիան, և այդ բառերը ոչինչ են առանց մեզ: Ես կարծում եմ, որ մենք ենք հենց այս կյանքի կախարդական փայտիկը և մենք ենք ամեն ինչ մոգական դարձնում մեր շուրջը: Ես նաև հավատում եմ, որ մենք ենք ընտրում այն իրականությունը, որտեղ ապրում ենք և եթե դա իրոք այդպես է, ապա ես ընտրել եմ հնարավոր իրականություններից լավագույնը` ապրել ընկերոջս հետ մեզ տրված կյանքի ամեն վայրկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին