Արման Բաղդասարյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

9928 դիտում

Արման Բաղդասարյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Իմ կինն իմ ընկերն է … հարց չկա ))

 

Ինչպես և բնորոշ է հայ տղամարդուն, ես չեմ խոսի վերացական, եթերային, փիլիսոփայորեն, այլ կխոսեմ կոնկրետ և կհիմնավորեմ, թե ինչու՞ է իմ կինն իմ ընկերը:

 

Առաջ կշարժվենք  ռուսական հայտնի ասացվածքի տրամաբանությամբ՝ ընկերը պարզվում է դժբախտության  մեջ:

 

2012թ-ի հունիսի վեցն էր՝ մեր առաջնեկը ընդամենը մի քանի օրական էր, նոր էինք ծննդատնից դուրս գրվել, երբեք չունենալով առողջական լուրջ խնդիրներ՝ այդ օրը սուր ցավ զգացի ստամոքսիս հատվածում, ընկա գետին: Աչքերս բացեցի արդեն մահճակալիս վրա, մինչև հիմա չեմ հասկանում՝ ոնց է այդ փոքրամարմին էակը ինձ հատակից բարձրացրել ու տեղափոխել մահճակալին, հանգստացրել լացող փոքրիկին ու ինձ ուշքի բերել: Նշեմ, որ այդ պահին մենք տանը մենակ էինք:

 

2013թ-ի օգոստոսի 30-ին, նույն ցավային սիմպտոմներով, արդեն շտապ բուժօգնության մեքենայով ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Այնտեղ ախտորոշեցին սուր, խրոնիկ գաստրիտ և նշանակեցին ստացիոնար բուժում: Խնամակալներ շատ կային, բայց իմ՝ վեց ամսական հղի կինը, (մենք սպասում էինք մեր երկրորդ աղջկան) ոտքը դրեց մի մաշիկ ու պնդեց, որ ինքն է ինձ խնամելու: Չորս օր հիվանդանոցում մնալուց հետո անցա տնային երկարատև բուժման: Մոտ մեկ ու կես ամիս նա ինձ երեխայի նման խնամել է, անգամ գդալով շիլա է կերակրել:

 

2015թ-ի ապրիլի 24-ին՝ ցեղասպանության հարյուր ամյակին, ինչպես և ամեն տարի, այդ օրը ևս ընկերներով պետք է գնայինք «Ջարդի ձոր»` անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Կազմելով ավտոշարասյուն՝ եռագույնը մեքենաներին փակցրած ճանապարհ ընկանք: Ճանապարհին ավտոշարասյան վերջին մեքենան անսարքություն ունեցավ և մենք կանգնեցինք, քանի որ ես առաջնորդում էի ավտոշարասյունը, շրջադարձ կատարեցի և գնացի դեպի անսարք մեքենան: Մեքենայի անսարքությունը վերացնելուց հետո պետք է անցնեի փողոցը, նստեի մեքենաս, կրկին շրջադարձ կատարեի, որպեսզի շարունակեինք մեր ճանապարհը: Հիշում եմ, երբ կատարեցի մեկ քայլ, ընկերս գոռաց.

 

«Արման»...

 

Աչքերս բացել եմ հինգ օր անց՝ «Էրեբունի» ԲԿ-ում: (Ինչպես հետագայում պարզվեց, ինչ-որ մեկը շատ էր շտապում «Ջարդի ձորից» չուշանալու համար: Փաստորեն արտաքինից նման եմ Գյումրի-Վանաձոր մայրուղուն, քանի որ տվյալ անձը մայրուղով ընթանալու փոխարեն, ընթացել էր դեպի ինձ): Անծանոթ սենյակ էր, սպիտակ խալաթներով անծանոթ մարդիկ: Քնաբեր և հանգստացնող դեղերի ազդեցության տակ ընդամենը 10 րոպե էի կարողանում արթուն մնալ ու կրկին քնում էի:

 

Երևի մեկ օր անց հիվանդասենյակ մտավ մի աղջիկ, որը՝ ի զարմանս ինձ խոսեց հետս (զարմացած էի, որովհետև բժիշկները և քույրերը հետս բառ անգամ չէին փոխանակում), նա ավելի զարմացած էր, քանի որ իրեն վստահեցրել էին, որ իր դիմաց կտեսնի «բույս», այլ ոչ թե գիտակցություն ունեցող մարդ: Պարզվեց՝ նա ինչ-որ ապահովագրական ընկերության գործակալ էր: Չեմ հիշում ինչի մասին է հետս խոսել: Նրա գնալուց քիչ անց ներս մտավ Անին: (Մոռացա նշել, որ կնոջս անունը Անի է): Ինչպես պարզվեց, այդ աղջկա բոլոր հարցերին պատասխանել եմ «ասա Անին գա» արտահայտությամբ:

 

15 օր անց մենք արդեն տանն էինք, և երկու ամիս շարունակ միայն Անին ու Աստված գիտեն, թե ինչ է Անին քաշել իմ ձեռքում: Բնավորությունս բոլորովին էլ մեղր չէ, իսկ գլխուղեղիս հատվածում առկա հեմատոմաները հենց այն հատվածում էին, որը պատասխանատու էր ադեկվատության համար: Մի խոսքով երկու ամիս մեր տանը ապրում էր Պինոչետիի, Չեուշեսկուի և Հիտլերի խառնուրդը:

 

Այդ դժվար ժամանակահատվածում բոլոր ընկերներս էլ կողքիս էին, բայց ոտքի կանգնեցի կնոջս և «Բարսելոնայի» ջանքերով (3:0 «Բավարիային», 3:1 «Յուվենտուսին» կիսաեզրափակչում): Այդ ընթացքում ինձ հանգստացնում էին միայն Անին և ֆուտբոլը:

Միգուցե այնքան էլ շարադրության նման չեղավ, ավելի շատ քրոնիկոն ստացվեց, բայց քանի որ մեր ամուսնության հինգ տարիները և փորձությունները հիմնավորեցին թեզս, տեղին է կրկին ասել, որ իմ կինը իմ ընկերն է...

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին