Վահե Բուլանիկյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

4652 դիտում

Վահե Բուլանիկյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Մտածում էի գրե՞լ, թե չգրե՞լ … Գրեցի-ջնջեցի, ջնջեցի-գրեցի… հիմա չգիտեմ կուղարկեմ, թե՞ ոչ: Եթե խոսքը գնար օրինակ՝ քաղաքականության, տնտեսական վերլուծությունների մասին, ապա միանշանակ կգրեի և կհրապարակեի, բայց տվյալ դեպքում անձնական է, քո տարածքն է, քո կյանքը…)

 

ՄԵՆՔ

 

Մենք հանդիպեցինք կյանքի այն փուլում, երբ ամենաքիչն էինք սպասում այդ հանդիպմանը: Ես գիտակցական կյանքիս կայացած մի փուլում էի, երբ արդեն ոչ թե սիրտն, այլ՝ բանականությունն է իշխում, երբ կա անցյալի փորձ, իսկ նա իր վարդագույն երազանքների աշխարհում էր, ուր հաստատ ինձ համար տեղ չկար նախատեսված: Բայց եղավ այլ, ինչ պիտի լիներ…

 

Սահուն ձևով և տարիների ընթացքում մեր ծանոթությունը վերածվեց մի «բանի», որ զգում են շատերը. յուրաքանչյուրը յուրովի, բայց բոլորն այն կոչում են միատիպ՝ սեր: Մենք ամուսնացանք ոչ թե միասին լինելու համար, այլ զուտ այն պատճառով, որ այլևս առանց իրար անհնար էր ապրել:

 

Հիմա էլ, եթե ետ դառնամ ու նորից տեսնեմ այդ նույն աղջկան ինձ շատ ծանոթ միջացքում կանգնած, այն էլ թիկունքով (որտեղ առաջին անգամ հանդիպեցի նրան), նույն կերպ կզգամ, այն հզոր էներգիան, որ բեկեց իմ կյանքը, երբ վերացան տարիքն ու բոլոր տարբերությունները:

 

Նա..

 

Եթե խոսեմ, թե ինչ կողակից-ընկեր է Նա ինձ համար, ապա կստացվի, որ մոտեցումս խիստ սավորական է, իսկ ԸՆԿԵՐՈՋԸ ներկայացնելիս հաստատ չպիտի խոսես սուբյեկտիվորեն, պիտի լինես անաչառ, դուրս գալով առօրյայից պիտի ասես ավելին՝ խորքայինը:

 

Նա ստանդարտ չէ, նա ոչ մի կանոնի մեջ չի մտնում, ուստի խոսել նրա մասին բարդ է, նրա աշխարհն այլ է՝ մետաֆիզիկ, նրա մտքերը սավառնում են ինչ-որ անծայր տարածության մեջ, նրա բարությունն անսահման է, զգացողություններն ու ռեակցիաներն անկանխատեսելի, նա մարդ է ում համար չկա ժամանակ ու տարածություն, սակայն դա չի խանգարում, որ կյանքում լինի պրակտիկ ու գիտակից…. Եվ ես չեմ կարող ասել, որ նա կատարյալ է,  ու կյանքը Նրա հետ հիշեցնում է հոլիվուրդյան երջանիկ մի ֆիլմ: Մենք ապրում ենք մի կյանք, ուր կա հայ տղամարդու գենետրիկ տեմպերամենտ, բայց և կա կանացի խոհեմ լռություն և երկուստեք եսատիրություն՝ խանդի ետևում թաքնված… Բայց դա էլ բնական է, ինձ համար երջանկություն է այն, որ Նա լինելով իմ կինը, շարունակեց մնալ ինձ համար անփոխարինելի ընկեր, չդարձավ առօրյա հոգսերից ծանրացած «տիկին», ում համար ստվերվում է կարևորը, և էական է դառնում «ձևը» ու «կին» դերակատարումը: Նա չի փորձում փոխել ինձ, չի ձգտում փաթաթել իր սովորություններն ու մտքերը, այլ սիրում է ինձ այնպիսին ինչպիսին ես կամ: Նա սիրում է կյանքը, սիրում է փողոցում ընկած քարը ու մեր տան ամեն իմ անկույնը, նա սիրում է երեխաների աշխարհն ու աշխարհի բոլոր մարդկանց: Նա պաշտում է կյանքն ու ամեն օր ծագող արևին: Նա նվիրված է ինքն իրեն և ինձ…: Նա այն ուժն է, որ ինձ աշխատանքից տանում է տուն, այն կամուրջը, որ կապում է ինձ ընտանիքիս անդամների հետ, այն սյունը, որի վրա պահվում է մտքերիս առաստաղը:

 

Ես…

 

Ես երբեք չեմ ընկնում անցյալի ու ապագային ետևից, այլ գիտակցելով ներկայի ամեն մի վայրկյանի կարևորությունն առավելապես ձգտում եմ  ապրել հենց հիմա: Չեմ խորշում ընդունածս բարդ և ոչ միանշանակ որոշումներից ու խնդիրներից, քանի որ գիտեմ, որ սխալի ու ճշտի սահմանն իրականում հարաբերական է, ու կյանքում մեծ սերերը, երբեք հեշտ ու անաղմուկ չեն տրվում: Ընկալումով եմ նայում քննադատությունը, քանի որ գիտեմ, որ մի ահռելի սիրտ իր սիրով ծածկում է ամեն բացասական բան: Սա մի յուրահատուկ խոստավանության ծես է իմ կողմից, քանի որ իրականում ես լռում եմ, գիտակցելով, որ երջանկությունը խոսքեր չի սիրում: Այսօր գրելով Նրա մասին, ես կոտրում եմ իմ էգոիզմը, այն կարծրատիպը, որ հասրակության լայն շերտերի հետ շփվող մարդը չի կարող իր զգացմունքներն արտահայտել: Երբեմն պետք է խոսել սիրելի մարդկանց մասին, ի վերջո սիրված կինն է տղամարդու այցեքարտը, նրա ամրությունն ու ուժը:

 

Եվ ինձ միայն մնում է հավելել, որ իմ կինը դարձել է նա, ով իմ կյանքի լավագույն ընկերն է եղել և կա: Մի մարդ, ում հետ ես այնպիսին եմ ինչպես ինքս իմ առջև…

 

Շնորհակալ եմ, որ կաս…

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին