Հայկ Թախթաջյան. Իմ Կինն իմ ընկեր է - Mediamax.am

5712 դիտում

Հայկ Թախթաջյան. Իմ Կինն իմ ընկեր է


Լուսանկարը`


Իսկ ինչ է ընկերությունը, և ով կարող է արժանի կրել ընկեր պատվավոր կոչումը:

 

Ընկերներ ձեռք ես բերում սկսած մանուկ տարիքից: Մանկապարտեզի ընկերներ, բակի ընկերներ, դպրոցական և ուսանողական ընկերներ, հասուն տարիքում` աշխատանքային ընկերներ և այլն: Չկա երևի խնջույքի սեղան, որի շուրջ չխմվի ընկերության կենացը, չգովաբանվի ընկերության քաղցրությունը, կարևորությունը:

 

Այս կենացները հիմնականում նվիրված են տղամարդկանց ընկերությանը, որովհետև գախտնիք չէ, որ ընկերություն ասելիս սովորաբար հասկանում ենք տղամարդկանց ընկերություն: Սակայն, կյանքում կան ընկերության նաև այլ դրսևորումներ` «Ծնող–զավակ» և հակառակը: Եվ իհարկե «Ամուսին–Կին» ընկերությունը:  Պատահական չէ, որ կին կամ ամուսին ընտրելիս ասում են ընտրում ես կյանքի ընկեր: Այո, կյանքի ընկեր:  Իհարկե այս ընկերության հիմքում ընկած է կին-տղամարդ սերը, բայց անկասկած է, որ երկուսն էլ սնվում են միմյանցից` սերը` ընկերությունից և ընկերությունը` սիրուց:

 

Ասում են մարդ ավելի մեծ տարիքում դժվար է ընկերներ ձեռք բերում:

 

Ես ինքս այդ մարդկանցից եմ: Լավ է դա, թե վատ, չգիտեմ: Ինձ համար ընկերությունը մի քիչ սենտիմենտալ, ռոմանտիկ բնույթ է կրում: Շատ կարևոր են հիշողությունները, որոնք ես կիսում եմ իմ մանկության և պատանեկության ընկերների հետ: Կյանքի տարբեր փուլերում ընկերներ ես ձեռք եմ բերում` առաջնորդվելով տարբեր սկզբունքներով: Տարիքի հետ ձևավորվելով, ընկերություն ես անում քեզ հոգեհարազատ մարդկանց հետ: Մարդկանց, որոնք հիմնականում կիսում են քո հետաքրքրությունները, որոնց հետ քեզ հետաքրքիր է:  Կյանքում մարդիկ տարբեր ճակատագրեր են ունենում, տարբեր ֆինանսական և մասնագիտական հաջողությունների են հասնում: Տարբեր թուլություններ և թերություններ են ունենում:  Եթե չլինի ընկերության հանդեպ այդ սերը և գնահատումը, դժվար կլինի կյանքի ընթացքում պահել ընկերությունը: Սակայն պատահական չէ, որ ասում են տարիների հետ ընկերությունը մաղվում է և մնում է ադամանդացած կորիզը: Հենց այդ ադամանդն էլ իրականում կոչվում է ընկերություն:

 

Այո, իսկական ընկերությունը հաստատվում է փորձության միջոցով: Պատահական չեն ժողովրդական ասացվածքները ընկերության մասին` «Ընկերոջ հետ ճանապարհ անցիր»,  «Ընկերը նա է, ով քո երջանկությամբ է ուրախանում» և այլն:  Բոլոր ազգերն էլ ունեն այդպիսի իմաստուն խոսքերը:  Ընկերները հաճախ մարդու կյանքում ունենում են մեծ ազդեցություն: Հաճախ ավելի, քան դպրոցը, երբեմն էլ ավելի, քան ծնողները: Այդպիսով շատ կարևոր է, թե ինչ ընկեր ունես, և ինչ ազդեցություն ունի նա քո վրա և իհարկե դու նրա վրա:  Այստեղ տեղին է հիշել ևս մեկ իմաստուն ասացվածք. «Ասա ինձ ով է քո ընկերը, և ես ասեմ, թե ով ես դու»:

 

«Իմ կինն իմ ընկերն է»: Այո, ես գիտեմ, որ իմ կինն իմ ընկերն է և ուզում եմ հավատալ, որ այդպես կլինի մեր ողջ կյանքում:  Ըստ իս, առանց այդ ընկերության հնարավոր չէ լիարժեք երջանիկ լինել ընտանիքում: Կյանքդ կիսում ես մեկ այլ անձի հետ, անկողինդ, կենցաղդ,  առօրյա օրերդ, երազանքներդ, նպատակներդ: Միասին երեխաներ եք մեծացնում, եթե Աստված պարգևի: Անկասկած առանց սիրո, առանց փոխադարձ հարգանքի, առանց իսկական ընկերության անհնար է այդ ճանապարհը միասին անցնել: Կամ եթե անցնես էլ, բոլորովին հաճելի չի լինի այն:  Լինում են դեպքեր, երբ կինն ուզում է դառնալ ամուսնու միակ ընկերը` փորձելով կտրել նրան իր ընկերական շրջապատից: Դա լավ բանի չի բերում: Իսկական ընկերն այդպիսի բան չի անի: Ինքս երբ պատկերացրել եմ իմ ապագա ամուսնական կյանքը, ապագա կնոջս հետ ընկերներ լինելու փաստը շատ կարևոր է եղել ինձ համար: Չեմ պատկերացրել իմ ընտանիքը` առանց այդ ընկերության: Իմ խորին համոզմամբ ամուսնական զույգի սերը պնդացնողը, ուժեղացնողը…. հավերժացնողը հենց այդ ընկերությունն է: Սիրուց մինչև ատելություն մեկ քայլ է: Ընկերությունից մինչև թշնամանք նույնպես: Ցավոք կյանքը շատ օրինակներ ունի, երբ առաջին հայացքից լավ ընկերները թշնամանում են ինչ-որ պատճառով:  Հիմնականում այդ պատճառը շահն է:  Նույնը լինում է նաև ամուսնական զույգերի մոտ: Իրար շատ սիրող զույգերն ինչ-որ պահի օտարանում են, խռովում են, թշնամանում: Ոչ ոք իր կյանքի ընդաթքում ապահովագրված չէ նման երևույթներից: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է պահպանել, փայփայել այն սերն ու ընկերությունը, որն ունես: Ընկերության ամենակարևոր առանցքը, ըստ իս վստահությունն է, փոխադարձ վստահությունը: Վստահությունը, որ ընկերդ քեզ չի դավաճանի, չի լքի դժվար պահին, չի նախանձի: 

 

Իմ կինն իմ կյանքի ընկերն է: Իմ կյանքը միանշանակ փոխվել է նրան հանդիպելուց հետո: Լցվել է գույնով և երջանկությամբ: Ինձ հետաքրքիր է նրա հետ և ես կարոտում եմ նրան, երբ մենք միասին չենք: Բնական է, ես նրան սիրում եմ, և վայելում փոխադարձ սեր:  Եթե փորձեմ փիլիսոփայորեն ձևակերպել, երևի իսկական սերը ժամանակավոր սիրահարվածությունից տարբերվում է հենց այդ ընկերության զգացմունքի առկայությամբ:  Այն զգացմունքի, որ  գտել ես կյանքիդ ընկերոջը`քո կեսին: Անգլերենով մի լավ բառ կա – Soulmate:    Հենց դա ըստ իս լավ բնութագրում է այն, ինչ ես տեսնում եմ իմ կնոջ մեջ: Հոգևոր արժեքները, որ մենք կիսում ենք, որով առաջնորդվում ենք, ավելի պինդ են մեզ միացնում:  Մենք հոգեհարազատ ենք:  Մենք ընկերներ ենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին