Հովհաննես Հովհաննիսյան. Իմ կինն իմ ընկերն է - Mediamax.am

4861 դիտում

Հովհաննես Հովհաննիսյան. Իմ կինն իմ ընկերն է


Լուսանկարը`


Ամուսիններ. ընկերություն անել չի կարելի սիրել (կյանքի ընթացքում յուրաքանչյուրն ինքն է որոշում ստորակետը որտեղ դնել):

 

Ինչով է տարբերվում ամուսնական կյանքը, որն ուղեկցվում է ընկերությամբ, այն ամուսնական կյանքից, որում չկա ընկերություն: Չգիտեմ՝ բրիտանացի գիտնականներն այս առումով ինչ են պարզել: Ես կխոսեմ իմ պրակտիկայից:

 

Մենք հանդիպեցինք: Ու հանդիպեցինք շատ սովորական-հասարակ ձևով... Մի քանի ամիս հետո, երբ նա դրական պատասխանեց իմ առաջարկությանը, ամուսնացանք: Ու սկսվեցին դժվարությունները: Գլխավոր խնդիրը գյուղի կյանքին հարմարվելն էր: Քաղաքում մեծացած աղջիկը գյուղի կյանքին չի հարմարվի: Շատերն էին այս համոզման: Չեմ թաքցնի՝ շատերի թվում էի նաև ես: Գլխավոր խնդիրը երկրորդական դարձավ, երբ ծնվեց մեր առաջնեկը՝ Լիլիթը: Ես դարձա երջանիկ մարդ՝ երջանիկ հայր ու ամուսին: Հետո ծնվեց որդիս: Հետո, ինչպես բոլոր ընտանիքներում, ամենօրյա կենցաղային խնդիրներ,  երեխաների դաստիարակության հետ կապված հարցեր.... Ծնվեց երկրորդ որդիս: Եղավ ժամանակ, որ այնքան էինք ընկղմվում ընտանեկան հոգսերի ու խնդիրների մեջ, որ օրվա ընթացքում մոռանում էինք նույնիսկ խոսել միմյանց հետ: Բայց մեր՝ միասին ապրելու նպատակն ու իմաստը կենցաղը չէր: Երեխաների ծնվելուց ու ամուսնությունից տարիներ անց մենք սկսեցինք ավելի ու ավելի շատ բացահայտել ու ճանաչել միմյանց: Սովորույթներ, համոզմունքներ, բնավորություններ ու... նաև վեճեր: Բայց որքան էլ զարմանալի է, հենց այդ պահերին ես հասկացա, որ ուզում եմ ընկերություն անել նրա հետ: Ու ես սկսեցի կնոջս մեջ փնտրել ընկեր: Տարօրինակ է չէ՞ հնչում: Եթե նա կինդ է, էլ ինչ ընկերության մասին կարող ես խոսել: 

 

Միգուցե կան զույգեր, որոնք այն կարծիքին են, թե ամուսինների միջև ընկերությունը կարող է խորտակել ռոմանտիկան, սերը, և հետևաբար բացասական ազդեցություն ունենալ ամուսնական հարաբերությունների վրա: Ես կհակադրվեմ՝ ամուսնական կյանքն առանց ընկերության համատեղ կենցաղի վարում է: Ապրել միասին նույն տանիքի տակ, դեռ չի նշանակում ունենալ կյանքի ընկեր, ունենալ ընտանիք:

 

Հաճախ ամուսինները միասին ապրում են միայն արտաքուստ, իրականում նրանցից յուրաքանչյուրն ունի իր աշխարհը, միջավայրը, ընկերները, հետաքրքրությունները: Ես այդպիսի ամուսնության մասին չէի երազում: Եվ որպեսզի իմ ամուսնությունը դարձնեմ երջանիկ ու անխորտակելի, ես դարձա իմ կնոջ ընկերը: Անկեղծորեն խոստովանեմ՝ ընկերություն անել ամուսնության մեջ, այնքան էլ հեշտ չէ, բայց երջանիկ լինելու համար պետք է:

 

Էլ որտեղ կարող է մարդ փնտրել օգնություն դժվար պահերին, եթե ոչ ընտանիքում: Մենք սովորեցինք լսել միմյանց, հասկանալ ու խորհուրդ տալ: Մեր ամուսնությունը դարձավ կրկնակի ամուր, երբ ես ու կինս դարձանք նաև լավ ընկերներ:

 

Հարթ ճանապարհ չենք անցել: Բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել միասին: Շատ հարցերում նա զիջեց, շատ արցերում ինքս զիջեցի՝ հանուն նրա ու մեր ընտանիքի: Ինչպես ասում են՝ եթե ուզում ես ձեռք բերել ընկեր, պետք է ձեռք բերես նրան փորձությունների ճանապահ անցնելով: Ես անցա այդ ճանապարհով ու ձեռք բերեցի ընկեր ամբողջ կյանքի համար: Նրա հետ ապրել եմ և դժվար, և հաճելի պահեր, նա կարողանում է ինձ հետ ոչ միայն տխրել, այլև ուրախանալ:

 

Ժամանակ է պետք, որպեսզի երկու հոգին ամրապնդեն այն փոխհարաբերությունը, որ կոչվում է ընկերություն: Իսկական ընկերությունը փորձարկվում է ժամանակով: Մեր ամուր ըկերությունը, ինչպես լավ գինին, փորձարկվել է տարիներով:

 

Մեր ամուսնության մեջ ընկերությունը եկավ լրացնելու սիրուն:

 

Էլ ով եթե ոչ հենց կինս գիտի իմ թույլ և ուժեղ կողմերը, հասկանում է կյանքում ունեցած արժեքներս ու երազանքներս: Ես սկսեցի ընկերություն անել իմ կնոջ հետ ու մեր ամուսնությունը տարեցտարի էլ ավելի ամրապնդվեց, կատարելագործվեց ու դարձանք երջանիկ ու ամուր ընտանիք:  

 

Նա իմ լավագույն ընկերն է, քանի որ նա ինձ գիտի ամբողջությամբ՝ բնավորություն, սովորույթներ, տրամադրություն, ինչ եմ սիրում, ինչ չեմ սիրում, իմ ապրումները, իմ ծրագրերը: Նա իմ առաջին խորհրդատուն է, ես էլ՝ նրա:    

 

Ընդհանուր հետաքրքրություններ, տարբեր թեմաների շուրջ երկար զրույցներ, վեճեր, այս ամենի արդյունքում է ծնվել ու ամրացել մեր ընկերությունը:

 

Դեկտեմբերի 22-ին լրանում է մեր համատեղ կյանքի 32 տարին:  Ու ես հպարտությամբ ու հաղթական կարող եմ հայտարարել՝ իմ կինն իմ ընկերն է: Քաղաքից գյուղ եկած աղջիկը հարմարվեց ու ընկերացավ ինձ հետ. չդավաճանեց, չլքեց: Շատերի մոտ ամուսնությունը ծնվում է ընկերությունից: Մեր ընկերությունը ծնվեց ամուսնությունից: Իմ ու կնոջս միջև եղած ընկերությունն է հենց մեր երջանիկ ընտանիքի գրավականը:

 

Ամուսիններ. ընկերություն անել չի կարելի սիրել: Ես որոշեցի ստորակետ չդնել: Ես որոշեցի ընկերություն անել ու սիրել... 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին