Արփինե Հովհաննիսյան. «Խստացնում ենք հուշարձանի տեղափոխման կարգը» - Mediamax.am

exclusive
4246 դիտում

Արփինե Հովհաննիսյան. «Խստացնում ենք հուշարձանի տեղափոխման կարգը»

Արփինե Հովհաննիսյանը
Արփինե Հովհաննիսյանը

Լուսանկարը` Արփինե Հովհաննիսյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


Օրերս ԱԺ-ում կայացավ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած` «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

 

Մեդիամաքս-ը նախագծի եւ դրանից բխող փոփոխությունների մասին զրուցել է Արփինե Հովհաննիսյանի հետ:

 

-Ի՞նչ շեշտադրումներ են դրված Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի հիմքում:

 

-Նախ ասեմ, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք է ծառայել մի շարք ՀԿ-ների կողմից բարձրացվող խնդիրն այն մասին, որ գործող օրենքը որոշակի հակասության մեջ է ՀՀ կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի հետ, հատկապես` հուշարձանների տեղափոխության մասով:

 

Խնդիրն այն է, որ օրենքի համաձայն, հուշարձանը կարող է տեղափոխվել բացառիկ դեպքերում, սակայն օրենքը չի մասնավորեցվում, թե որո՞նք են այդ բացառիկ դեպքերը: Դրանք սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ այն դեպքերում, երբ խոսքը գնում է որոշակի նյութական պահպանության կամ քաղաքաշինական նպատակների մասին: Այսինքն` կառավարության որոշումը ունի կարգավորման ավելի լայն առարկա, մինչդեռ վերոնշյալ կոնվենցիայի դրույթները ելնում են միայն նյութական պահպանությունից:

 

Ի սկզբանե խնդիր ունեինք կարգավորել հուշարձանի տեղափոխման հարցը, բայց ընթացքում որոշեցինք անդրադառնալ նաեւ փոփոխման հետ կապված խնդիրներին: Հուշարձանի փոփոխման հետ կապված մոտեցումները տարբեր երկրներում միանշանակ չեն: Ուսումնասիրելով միջազգային փորձը` տեսանք, որ հուշարձանի փոփոխում թույլատրվում է ոչ միայն այն դեպքում, երբ դա պետք է հուշարձանի նյութական պահպանության համար, այլեւ այն դեպքում, երբ հուշարձանն այլեւս այդ կերպ օգտագործելը նպատակահարմար չէ:

 

-Կխնդրեի մանրամասնեք, թե նախաձեռնությամբ ո՞ր դեպքում է թույլատրվում հուշարձանի տեղափոխումը, եւ ի՞նչ է ենթադրում հուշարձանի փոփոխումը:

 

- Տեղափոխման դեպքում կարգը նկատելիորեն խստացնում ենք. կոնվենցիային համապատասխանության խնդիր ունենք: Օրենքում փորձել ենք ամրագրել կոնվենցիայի այն դրույթը, որ հուշարձանը կարելի է տեղափոխել միայն այն դեպքում, երբ վնաս է սպառնում դրա նյութական պահպանությանը կամ  առկա է կորստի վտանգ: Ոչ մի այլ դեպքում չի թույլատրվում հուշարձանի տեղափոխում: Այսօր կառավարության որոշմամբ, հիմնվելով գործող օրենքի կարգավորումների վրա, սահմանվում է, որ հուշարձանը կարելի է տեղափոխել այն դեպքում, երբ քաղաքաշինական, ինժեներատեխնիկական եւ այլ նպատակներով  ծայրահեղ անհրաժեշտություն է առաջանում` պայմանավորված գերակա հանրային շահով: Մենք խստացնում ենք եւ ասում, որ անգամ այդ դեպքում հուշարձանը չի կարող տեղափոխվել:

 

Փոփոխման հետ կապված դարձյալ խիստ, բայց փոքր-ինչ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերվել: Հնարավոր է իրավիճակ, երբ հուշարձանին վտանգ չի սպառնում, սակայն այն բարձիթողի վիճակում է եւ այդ կերպ չի կարող օգտագործվել, ինչի հետեւանքով անհրաժեշտություն կա փոխել նպատակային նշանակությունը: Այս դեպքում պարտադիր պայման է, որ հուշարձանը չենթարկվի արտաքին կամ ներքին փոփոխությունների: Շատ երկրներում կան դեպքեր, երբ պատմական նշանակության հուշարձան-ամրոցներն օգտագործվել են, օրինակ, որպես համալսարան: Այս երկու հիմնական մոտեցումներն են, որ նախատեսված են նախագծում, սակայն փոփոխման հետ կապված դեռ աշխատանք է տարվում, որ վերջնական տարբերակ ունենանք:

 

-Ովքե՞ր են մասնակցել եւ կարող են մասնակցել նախագծի մշակմանը:

 

-Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին տեղի ունեցան լսումներ, որին մասնակցում էին ՀԿ-ներ, քաղաքացիներ, Մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալությունը եւ այլ շահագրգիռ կողմեր:

 

Տարբեր ՀԿ-ներից նախագծի վերաբերյալ առաջարկներ կան, տեւական ժամանակ է` նախագիծը շրջանառության մեջ է, լսումներ ու քննարկումներ են եղել, որոնց ժամանակ բոլորը հնարավորություն են ունեցել տեսակետ հայտնել: Մինչեւ երկրորդ ընթերցումը, որը կլինի աշնանը, ցանկացած անձ եւ շահագրգիռ կողմ կարող է ներկայացնել իր առաջարկը, որպեսզի արդյունքում ունենանք բոլորի պահանջներին համապատասխան նախագիծ: Խնդիրը բոլորի շահերից բխող նախագիծ ունենալն է:

 

Այս պահին ուսումնասիրման առարկա ենք դարձրել միջազգային փորձը` ընտրելու համար մեր իրականությանն առավել համապատասխան ուղղությունը:

 

-Նախագծն ընդունվելու դեպքում կառավարության որոշ դրույթներ կդառնան օրենքի նորմեր: Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ խնդրի լուծման վրա:

 

- Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման հետ կապված լուծումներն այսօր նախատեսվում են կառավարության համապատասխան որոշմամբ, որում 2013-ին փոփոխություններ եղան: Որոշակի հաջող ձեւակերպումներ այնտեղ կան, սակայն, հանրային վերահսկողության մակարդակն ավելի բարձրացնելու  համար կառավարության որոշման որոշ դրույթներ կբարձրացնենք օրենքի մակարդակի, ինչի շնորհիվ դրա հանրայնացման, հրապարակայնության մակարդակը շատ ավելի բարձր կլինի:

 

- Իսկ նախագիծը հետադարձ ուժ կարո՞ղ է ունենալ ապամոնտաժման փուլում գտնվող այլ հուշարձանների համար:

 

- Հետադարձ ուժի խնդիրը քննարկելու հարց է, բայց կարծում եմ` ոչ: Սա ակնհայտորեն խստացնող մոտեցում է, իսկ, ՀՀ սահմանադրությունից ելնելով, հուշարձանների սեփականատերերի առկայության դեպքում մենք չենք կարող հետադարձ ուժ սահմանել: Սակայն գործընթացի մեջ գտնվող եւ կոնվենցիայի դրույթների անմիջական կիրառության հետ կապված դեպքերում, եթե վավերացման եւ թույլտվությունների ժամկետները պահպանված լինեն, կարող ենք քննարկել հետադարձ ուժի հարցը:

 

-Վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվող հուշարձաններից մեկն Աֆրիկյանների ակումբի շենքն է, որը ներկայումս ապամոնտաժման փուլում է: Շենքի համար պայքարող քաղաքացիները մատնացույց են անում կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2008-ին, իսկ շենքի ապամոնտաժման թույլտվությունը տրվել է 2004-ին: Կոնվենցիան հետադարձ ուժ ունի՞:

 

-Կոնվենցիան եւ միջազգային պայմանագրերը հետադարձ ուժի խնդիր չեն ապահովում:

 

Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին