Մեթ Քվորթրուփ. «Քաղաքական գործիչները հանրաքվեն երբեմն որպես զենք են օգտագործում» - Mediamax.am

exclusive
7338 դիտում

Մեթ Քվորթրուփ. «Քաղաքական գործիչները հանրաքվեն երբեմն որպես զենք են օգտագործում»

Մեթ Քվորթրուփը
Մեթ Քվորթրուփը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Քրենֆիլդի համալսարանի պրոֆեսոր, «Հանրաքվեներն ու էթնիկական հակամարտությունները» գրքի հեղինակ Մեթ Քվորթրուփի հետ

Մեթ Քվորթրուփը Մեծ Բրիտանիայի Քրենֆիլդի համալսարանի պրոֆեսոր է, բազմաթիվ գրքերի, այդ թվում՝ նաեւ մի քանի շաբաթ առաջ լույս տեսած «Հանրաքվեներն ու էթնիկական հակամարտությունները» գրքի հեղինակը: Նա համեմատական քաղաքագիտության եւ սահմանադրական իրավունքի ասպարեզում միջազգայնորեն ճանաչված մասնագետ է: 

 

BBC –ն նրան անվանել է «հանրաքվեների գծով համաշխարհային առաջատար մասնագետ»: Պրոֆեսոր Քվորթրուփն աշխատել է որպես խորհրդատու ՅՈՒՆԵՍԿՈ-ի, ԱՄՆ պետքարտուղարության, «Elections Canada» կազմակերպության, Դանիայի մշակույթի նախարարության եւ Ավստրալիայի խորհրդարանի համար: Նա BBC World-ի մշտական հեղինակն է եւ պարբերաբար գրում է The Times, The Guardian, The Scotsman, The Sun եւ Glasgow Herald պարբերականների համար:

 

- Նախ եւ առաջ, թույլ տվեք շնորհավորել նոր գրքի լույսընծայման կապակցությամբ: Ո՞րն է գրքի հիմնական գաղափարը:

 

- Գրքում ներկայացված է երկու հիմնական գաղափար: Առաջինը՝ եթե ցանկանում եք հանրաքվե անցկացնել, նախ անհրաժեշտ է բանակցություններ վարել: Այս պարագայում հանրաքվեն կարող է լուծել առկա խնդիրները: Երբեմն հանրաքվեն կարող է իրավիճակը փոխել դեպի վատը, եթե հակամարտությունների ժամանակ այն փաստացի որպես զենք է կիրառվում: Օրինակ՝ Բոսնիայում հանրաքվե անցկացվեց, բայց քանի որ նրանք չգիտեին, թե դրանից հետո ինչ անել, հակամարտություն սկսվեց: Մյուս կողմից՝ Հյուսիսային Իռլանդիայում նախ բանակցություններ ընթացան, հետո հանրաքվե անցկացվեց, եւ մարդիկ համաձայնություն տվեցին այդ որոշմանը: Դրա համար վիճելի է, թե էթնիկ հակամարտություններ կարգավորելու նպատակով որ դեպքում կարելի է հանրաքվե անցկացնել, որ դեպքում՝ ոչ:     

 

Գրքում բերված մեկ այլ փաստարկն այն է, որ հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակ ընտրել: Հանրաքվեն, որպես կանոն, արտահայտում է մարդկանց կամքը, բայց քաղաքական գործիչներն այն նաեւ օգտագործում են որպես ռազմավարական զենք: Հաճախ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են վտանգի մեջ կամ ճնշման տակ գտնվող քաղաքական գործիչները, որոնք լավ հասկանում են հարցի հանրային նշանակությունը, այն դնում են քվեարկության: Եթե մենք դիտարկենք վերջին՝ Ղրիմի օրինակը, ապա դրա կառավարությունը, որը ճնշման տակ էր, ռուսական կողմի հետ բանակցություններ էր վարում այն հարցի շուրջ, թե ի՞նչ կարող էր տեղի ունենալ թերակղզու ռուսախոս բնակչության հետ, եթե Ղրիմը մնար Ուկրաինայի կազմում, եւ նրանք որոշեցին, որ հանրաքվեի անցկացումը հանրային հնչեղություն կստանա: Կարծում եմ՝ գրեթե նույն բանը կարելի է ասել Լեռնային Ղարաբաղի մասին: 1991 թ.-ին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը քաղաքական ճնշման տակ էր, ապագան բավական անորոշ էր, իսկ ադրբեջանական կողմից վտանգը շատ մեծ էր: Այդ պատճառով՝ հաշվի առնելով այդ ճնշումն ու այն հանգամանքը, որ մեծամասնությունը կսատարի հանրաքվեն՝ դրա անցկացումը միակ ելքն էր ստեղծված իրավիճակում:  

 

- 2006 թվականին Ղարաբաղում անցկացվեց նաեւ Սահմանադրական հանրաքվեն:

 

- Կարծում եմ՝ Ղարաբաղում 1991 եւ 2006 թթ.-ին կայացած հանրաքվեները հետաքրքիր օրինակներ են, թե ինչպես կարելի է օգտագործել հանրաքվեն: Ղարաբաղյան խնդրի սահմանափակ իմացությանս պարագայում կարող եմ ասել, որ 2006 թ. հանրաքվեն խորհրդանշական քայլ էր ամբողջ աշխարհում անցկացվող սահմանադրական հանրաքվեների «օվկիանոսում»: Դուք ունեք ֆուտբոլային թիմ, դրոշ, բազմաթիվ խորհրդանիշներ, եւ սահմանադրական հանրաքվեն այն մեխանիզմներից մեկն է, որն ազդարարում է ազգի միասնությունը, անգամ եթե երկիրը ճանաչված չէ այլ պետությունների կողմից:         

 

- Եկեք խոսենք էթնիկ հակամարտությունների եւ հանրաքվեի փոխկապակցվածության մասին: Կարո՞ղ ենք ասել, որ հանրաքվեն հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր ուղիներից է:

 

-  Հանրաքվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկն է, սակայն այն պահանջում է, որպեսզի նախ եւ առաջ բանակցություններ ընթանան: Այս առումով իմ ամենասիրելի օրինակը Հյուսիսային Իռլանդիան է: Իռլանդիայի Հանրապետությունն այնտեղ գործի էր դրել IRA ահաբեկչական խմբավորումը, բայց արդյունքում բրիտանական կառավարությունը երկու կողմերին կոչ արեց բանակցություններ անցկացնել եւ փոխզիջման հասնել: Արդյունքում 1998 թ. երկարատեւ բանակցություններից հետո ստորագրվեց համաձայնագիր, իսկ ավելի ուշ հանրաքվե անցկացվեց, որը ճանաչեցին երկու կողմներն էլ եւ որը բերեց հակամարտության կարգավորման: 

 

Մենք նման բանակցությունների ականատես ենք եղել նաեւ Մոնտենեգրոյում իշխանության տարանջատման եւ խնդրի կարգավորման ժամանակ, որն օրինակ է, թե ինչպես պետությունն անջատվեց Հարավսլավիայից առանց բռնության կիրառման: Սկզբում բանակցություններ ընթացան Սերբիայի եւ Մոնտենեգրոյի կառավարությունների միջեւ, նրանք խաղի կանոնների շուրջ համաձայնության եկան, այնուհետեւ անցկացվեց հանրաքվեն, եւ Մոնտենեգրոն դարձավ անկախ պետություն: Մյուս կողմից՝ բոսնիացիները եւս հանրաքվե անցկացրին, որը, սակայն, խնդիրը չլուծեց: Այնպես որ, քվեարկությունը ժողովրդավարական ընթացակարգ է, բայց այն միշտ չէ, որ օգնում է լուծել հակամարտությունները:   

 

- Հանրաքվեի արդյունքները խաղաղ կլինեն, եթե կողմերը համաձայնության գան հանրաքվեի օրինականության եւ խաղի կանոնների շուրջ, ինչպես դա եղավ, օրինակ, Հյուսիսային Իռլանդիայի եւ Հարավային Սուդանի պարագայում: Սակայն այս օրինակներն ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն:

 

Բանակցություններ վարելը հիմնականում դժվար է, քանի որ այդ դեպքերում տեղի են ունենում էթնիկ զտումներ, կամ էլ հակասությունները կողմերի միջեւ այնքան մեծ են, որ բանակցությունների մասին խոսելը նման դեպքերում պարզապես անհնար է:

 

- Համաձայն եմ, որ երբեմն բանակցություններ վարելն իրոք չափազանց դժվար է: Սուդանը կամ Հյուսիսային Իռլանդիան ներքաշված էին պատերազմի մեջ շուրջ 30 տարի: Հյուսիսային Իռլանդիայում կողմերի մոտեցումները չափազանց հեռու էին իրարից: Սակայն նրանց այնուհետեւ դրդեցին բանակցությունների: Միեւնույն ժամանակ, եթե հասարակ մարդիկ չեն ընդունում այն, ինչ որոշվել է բանակցությունների ընթացքում, ապա դա, իհարկե, չի կարող դիտարկվել որպես օրինական գործողություն:

 

Հարավային Սուդանի հետ կապված հարցը եւս բարդ է եղել: Ես բանակցությունների մասնակից եմ եղել եւ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ նստել եմ այնտեղ: Ինչպես ես արդեն նշեցի, երբ դուք ունեք մեծամասնության հավանությունը, ձեզ շատ հեշտ է առաջ տանել ձեր ուղղությունը՝ պնդելով, որ «եթե մեծամասնությունն ինձ հետ է, նշանակում է՝ ես ճիշտ եմ»: Սակայն դա մեկընդմիշտ չի լուծի հակամարտությունը. իրական լուծման հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել գոյություն ունեցող տարբերությունները, երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան: Ես գտնում եմ, որ հանրաքվեն չպետք է անցկացվի առանց նախնական քննարկումների:

 

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ «անկախության հանրաքվեները կարող են բացառիկ եւ յուրահատուկ թվալ, սակայն իրականում դրանք ո՛չ մեկն են, ո՛չ մյուսը»: Ի՞նչ նկատի ունեք:  

 

- Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, մի քանի երկրներ անկախության հանրաքվեներ անցկացրին: Որոշ երկրներ, օրինակ, Ուկրաինան, անկախություն ստացան հանրաքվեից հետո: Մենք գիտենք նաեւ այնպիսի միավորումների օրինակներ, որոնք նույնատիպ հանրաքվեների ժամանակ «կողմ» են քվեարկել, բայց այդպես էլ չեն դարձել անկախ պետություններ, օրինակ՝ Թաթարստանը:

 

Մեկ այլ օրինակ է Նորվեգիան: Շատերը կարծում են, թե Նորվեգիան միշտ գոյություն է ունեցել, սակայն վերջինս քվեարկել է Շվեդիայից անկախանալու օգտին միայն 1905 թվականին: Իսլանդիան անկախության համար քվեարկել է 1944 թ.-ին, իսկ Մոնղոլիան՝ 1945թ.-ին:  Այպիսով, որ կողմն էլ նայեք, անկախության հանրաքվեները սովորական երեւույթներ են: Հիմնականում մարդիկ տեղյակ են համաձայնագրերի եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեներից, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անկախության ավելի քան 50 հանրաքվեներ են անցկացվել:     

    

Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ հանրաքվեն կարող է պատերազմի հանգեցնել: Առաջին հանրաքվեները անցկացվել են Տեխասում, Թենեսիում եւ Վերջինիայում 1861 թ.-ին: Բոլորը քվեարկել էին անջատման օգտին, բայց նրանց ցանկությունը չի իրագործվել: Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ անկախության հանրաքվեները սկիզբ են առել Վիկտորյան դարաշրջանում՝ 19-րդ դարի կեսերին:

 

- Մի առիթով նշել եք, որ անկախության հանրաքվեները մեծ մասամբ անցկացվում են ոչ ժողովրդավար երկրներում, ինչպես, օրինակ, Էրիթրեան, Հարավային Սուդանը կամ Արեւելյան Թիմորը, եւ միայն Մոնտենեգրոն եք նշել որպես բացառություն: Հիմա հանրաքվեներ են նախանշված Շոտլանդիայում եւ Կատալոնիայում, Կանադայում Քվեբեքի խնդիրն արդիական է արդեն բավական երկար ժամանակ: Չե՞ք գտնում, որ իրավիճակը փոխվում է նաեւ արեւմտյան երկրներում:  

 

- Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ հանրաքվեները հիմնականում տեղի են ունենում ոչ արեւմտյան երկրներում: Շոտլանդական հանրաքվեն նախապատրաստվում էր շատ երկար, եւ հանկարծ ազգայնական տրամադրված ուժը իշխանության եկվա եւ բարձրացրեց այս հարցը: Քվեբեքի, Կատալոնիայի եւ Շոտլանդիայի պարագայում հետաքրքիրն այն է, որ անկախությանը կողմ հանդես եկող բացահայտ մեծամասնություն չկա: Եթե կատարյալ արդար հանրաքվեներ անցկացնեք Ղրիմում եւ Հարավային Օսեթիայում, ապահովելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, անգամ այդ դեպքում 90%-անոց մեծամասնություն կլինի: Բայց Շոտլանդիայում, Կատալոնիայում ու Քվեբեքում այդպես չէ: Երբեմն իշխանական կուսակցությունները պարզապես զգում են, որ հանրաքվեն իրենց անհրաժեշտ է սեփական հեղինակությունը բարձրացնելու եւ մյուս ընտրություններին անհրաժեշտ աջակցություն ստանալու համար:       

 

- Դուք նաեւ ասել էիք, որ հանրաքվեի դեմ հանդես գալը գրեթե նույնն է, ինչ հանդես գալ ընդդեմ ժողովրդավարության: Այդ դեպքում ինչու՞ է այս հարցն այդքան բարդ եւ հակասական ինչպես «ռեալպոլիտիկի», այնպես էլ միջազգային իրավունքի տեսանկյունից: Կարո՞ղ ենք արդյոք եզրահանգել, որ գործ ունենք զուտ քաղաքական նպատակահարմարության հետ:

 

- Այդպես չէի ասի: Կարծում եմ, ժողովրդավարությունը սոսկ մեծամասնության քվեարկությունը չէ: Այս առիթով կարող եմ մեջբերել պրոֆեսոր Վերնոն Բոգդանորին, ով դասավանդել է ինձ Օքսֆորդում: Իր գրքերից մեկում նա գրում է, որ «ժողովրդավարության դեմ փաստարկները փաստարկներ են հանրաքվեների դեմ եւ հակառակը»: Իմ կարծիքով՝ ժողովրդավարությունը միայն ձայների մեծամասնությունը չէ, ժողովրդավարությունը քննարկումն է: Ինչ վերաբերում է քաղաքական նպատակահարմարությանը, ապա երբեք չպետք է թերագնահատենք այն:

 

Մեթ Քվորթրուփի հետ զրուցել է Արամ Արարատյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին