Միրզա Սլոյան. “Սա եզդիների բնաջնջման 74-րդ փորձն է” - Mediamax.am

exclusive
5095 դիտում

Միրզա Սլոյան. “Սա եզդիների բնաջնջման 74-րդ փորձն է”

Միրզա Սլոյանը
Միրզա Սլոյանը

Լուսանկարը` Միրզա Սլոյանի անձնական արխիվից

Լուսանկարը`


Մոսկվայաբնակ գործարար Միրզա Սլոյանը, ով Ակնալճում կառուցել է եզդիական սրբատեղի, նոր է վերադարձել Իրաքից, ուր մեկնել էր եզդիական համայնքի եւ հոգեւոր բարձրագույն իշխանության հետ քննարկելու ստեղծված վիճակը, ծանոթանալու փախստականների դրությանը, նաեւ օգնության ձեռք մեկնելու: Միրզա Սլոյանը պատասխանել է Մեդիամաքսի հարցերին:

 

- Պարոն Սլոյան, ի՞նչ որոշումներ կայացվեցին այդ հանդիպումների ընթացքում:

 

- Մենք եղանք փախստականների ճամբարներում, ուր ավելի քան 45-50 աստիճան շոգի պայմաններում մարդիկ մի կերպ պատսպարվում են վրանների տակ ու բավարար ջուր ու սնունդ չունեն: Այսօր կարեւոր խնդիրներից է այս մարդկանց օգնության ձեռք մեկնելը, նվազագույն կենսապայմաններով ապահովելը: Հանձնախումբ ստեղծվեց, որը զբաղվում է այս հարցերով, մինչեւ Իրաքի պետությունը կարողանա իր համակարգված քայլերը կատարել, մասնավորապես` մարդկանց կացարաններով ապահովել: Աշխարհով մեկ դրամահավաք է սկսվել, որը թույլ կտա որոշ չափով մեղմել մեծ դժվարության մեջ հայտնված մարդկանց հոգսերը: Այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ, շատ ընտանիքներ նաեւ մարդկային կորուստներ ունեն: Ավելին քան վստահ եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի եզդիները եւս աջակցությունը կունենան իրենց հայրենակիցներին: Ամենակարեւորը՝ այս ամենից պետք է դասեր քաղել ապագայի համար: Սա եզդիների բնաջնջման 74-րդ փորձն է։

 

- Օգոստոսի սկզբից ի՞նչ է կատարվում այնտեղ:

 

- Փաստորեն, այլ կերպ կատարվածը չես անվանի, քան ցեղասպանություն: Մարդկանց գնդակահարում, ոչնչացնում են, որովհետեւ նրանք այլ հավատ ունեն, մուսուլման, մահմեդական չեն: Տղամարդկանց ոչնչացնում, իսկ կանանց բռնաբարում, ստրկության են տանում: Նույնը եւ երեխաների նկատմամբ: Իրենց խալիֆայությունը եւ ազդեցությունը ընդարձակելու համար ոչնչի առջեւ կանգ չեն առնում եւ 21-րդ դարում գործում են վայրենի, անասնական գործելակերպով: Բայց չէ՞ որ քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջեւ է այս բիրտ ուժը ձեւավորվել ու հզորացել եւ այսօր այսպիսին դարձել, որ այլեւս զսպել հնարավոր չէ: Բազմաթիվ հարցականներ կան, որոնց պատասխանները մի կողմից դժվար է, մյուս կողմից էլ հեշտ է տալ: Մի՞թե հնարավոր չէր այսքան չտաքացնեին այս չարագործներին, օրը ցերեկով մարդասպաններ չդարձնեին եւ ամենուր ավեր չտարածեին: Գյուղերի տղամարդկանց հավաքում են մի տեղ, առաջարկում փոխել հավատը եւ մուսուլմանություն ընդունել, իսկ չհամաձայնվելու դեպքում գնդակահարում են։ Բայց դրանով էլ չեն բավարարվում, ամեն մեկի վրա կրկին մեկիկ-մեկիկ ստուգիչ գնդակ են արձակում` համոզվելու համար, որ սպանել են: Իսկ կանանց ու երեխաներին որպես ապրանք ստրկաշուկա են հանում։

 

- Կարելի՞ է ասել, որ Հայոց ցեղասպանությունից հետո 100 տարվա ընթացքում կարծես ոչինչ չի փոխվել:

 

- Եթե ամբողջ աշխարհը մինչեւ այսօր դատապարտեր Հայոց Ցեղասպանությունը, չէր կատարվի այն, ինչ տեղի է ունենում Իրաքում` եզդիների կոտորած: Տեսեք, թե ինչ է ստացվում: 100 տարի է չի մոռացվել յաթաղանով հարց լուծելու գործելակերպը: Եվ անգամ մուսուլմանների առաջադեմ մասը մնացել է այսպես կոչված իսլամիստների  թակարդի մեջ:

 

- Հայաստանի նախագահը ոչ միայն իր զորակցությունն է հայտնել եզդիներին, այլեւ կոնկրետ հանձնարարականներ տվել` օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու դժվարության մեջ գտնվող եղբայրական ժողովրդին:

 

- Մենք գիտենք, որ արձակուրդից վերադառնալով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպելով երկրի վարչապետին, նախ իր վերաբերմունքն է արտահայտել` դատապարտելով այն, ինչ կատարվում է Իրաքում, եւ կոնկրետ հանձնարարականներ տվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելություններին`  կրկնապատկելու իրենց ջանքերը` դատապարտելու եւ միջազգային ատյաններում հետամուտ լինելու իրավիճակի կարգավորման համար: Ասվել է նաեւ, որ  “Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ ժողովրդին”:  Ես ուզում եմ առիթն օգտագործել եւ շնորհակալություն հայտնել երկրի նախագահին, ողջ հայ ժողովրդին նման վերաբերմունքի համար: Այն եւս մեկ անգամ վկայում է մեր երկու ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության մասին:

 

- Պարոն Սլոյան, ի՞նչ քայլեր են արվում արհավիրքից փրկված ժողովրդին օգնելու եւ աջակցելու համար:

 

- Անկասկած, այս ամենը առաջ է բերել լուրջ դժվարություններ` մարդկանց նվազագույնով ապահովելու հետ կապված: Այս խնդրի լուծման ուղղությամբ աջակցություն են հայտնել շատ երկրներ, այդ թվում Հայաստանը: Միջազգային բարեգործական կազմակերպությունները եւս իրենց քայլերն են անում: Ամբողջ աշխարհում դրամահավաք է սկսվել` օգնության եւ աջակցության նպատակով: Հարյուր հազարավոր փախստականներ են հայտնվել, որոնց բնակության վայրերը գրավված, թալանված, ջարդված ու փշրված են իսլամիստների կողմից: Բնականաբար, խնդիր է առաջանում այդ մարդկանց տեղավորելու, ապաստան տալու: Արդեն շատ երկրեր ցանկություն են հայտնել ընդունել նրանց որպես փախստականների: Այս առումով ազդեցիկ էր մեծ հայի` Շառլ Ազնավուրի կոչը փախստականներին տեղ տալ ֆրանսիական հողում, ինչո՞ւ ոչ, որ նրանք կարողանան ոտքի կանգնեցնել, շենացնել մարող ֆրանսիական գյուղերը:

 

- Վերջին տարիներին ոչ քիչ եզդիներ են գաղթել Հայաստանից, եւ շատ եզդիական գյուղերում քիչ չեն լքված, դատարկ տները: Ի՞նչ եք կարծում, գուցե փախստականների մի մասը կարո՞ղ է ապաստան գտնել դրանցում:

 

- Ուզում եմ շեշտել, որ մեզ բոլորիս ուրախություն պարգեւեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է իր հնարավորության սահմաններում օգնել եզդի փախստականներին: Անկեղծ ասած, որպես եզդի ժողովրդի զավակ հուզվեցի այն մեկնաբանությամբ, որ տրված էր Դավիթ Բաբայանի կողմից:

 

Ինչ վերաբերում է կոնկրետ փախստականներին ապաստան տալուն կամ վերաբնակեցմանը, ապա, երբ կա բարի կամք, դրանք կոնկրետ քննարկման խնդիրներ են: Հայաստանի նախագահի պատրաստակամությունը թույլ է տալիս մտածելու, որ չի կարելի բացառել նաեւ նման տարբերակի առկայությունը, եթե փախստականները ցանկություն ունենան հաստատվել նաեւ Հայաստանում:

 

Ինչ խոսք, բնավեր եղած եզդիները կուզենային նախեւառաջ մնալ իրենց նախնիների երկրում, չլքել այն, բայց քանի որ դառը փորձ ունեն, մարդիկ ստիպված իրենց համար բնակության ապահով  վայրեր են փնտրում: Գաղտնիք չէ, որ Հայաստանն եզդիների բնակության ամենաապահով վայրն է, ես կասեի՝ մեր երկրորդ հայրենիքը: Գուցե Աստծո նախախնամությամբ էր, որ մենք երկու տարի առաջ Ակնալճում կառուցեցինք սրբատեղի: Այս տարի մենք նախատեսում ենք այնտեղ տեղադրել հայ-եզդիական բարեկամության հուշարձանը, որին կշրջապատեն այդ բարեկամությունը կրող Ուսուբ բեկի, Անդրանիկ զորավարի եւ Ջհանգիր աղայի հուշարձանները: Մենք ծրագրել ենք տեղադրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշաքար: Այս հուշարձաների կողքին տեղ կգտնի եւս մեկը` նվիրված 2014 թվականի օգոստոսին Իրաքում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակին: Ցավոք, ժամանակը երբեմն այնքան անողոք է, որ փոխում է վաղուց ծրագրված գործերի ընթացքը:

 

Զրույցը վարեց Կ. Տիտանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին